HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Ստեփանյան

«Մենք կառուցում ենք Ձեր երազանքը»- 2

Տես նաեւ` «Մենք կառուցում ենք Ձեր երազանքը» 

«Էլիտարների չափորոշիչներից» 

Ինչ վերաբերում է եվրոստանդարտ այլ չափորոշիչներին, ապա, ըստ նախագծող ճարտարապետ Գագիկ Հովհաննիսյանի. «Քանի որ Երեւանը չունի «Մանրամասն հատակագծման նախագիծ», որով հստակեցվելու էր, թե տվյալ տարածքում պատվիրատուն ինչ կառուցելու իրավունք ունի եւ ինչի իրավունք չունի, ինչպես Եվրոպայում է, ուստի սեփականատերն է նշում շենքի հարկայնությունը (այն հետագայում հավանության է արժանանում քաղաքապետարանի համապատասխան վարչության կողմից ) , նյութերից ընտրում համեմատաբար էժանը եւ այլն: Միանգամայն հասկանալի մոտեցում է, քանզի յուրաքանչյուր սեփականատեր- պատվիրատու շահագրգռված է էժան կառուցել, թանկ վաճառել»: 

Պատվիրատուի` ընտրելու ազատությունը ոչ թե ուրախանալու, այլ մտահոգության առիթ է տալիս: Հատուկ քննարկման առարկա են էլիտարների ջերմաֆիզիկական ցուցանիշները: Մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է ջերմամեկուսացմանը: «Էլիտար» բնակիչը ապագայում որքա՞ն պետք է վճարի ջեռուցման համար, կախված է նաեւ նրանից, թե շենքի ջերմամեկուսացումը եվրոստանդարտին համապատասխա՞ն է արված, թե՞ ոչ: Պարզվում է, որ մեկուսիչների ընտրության հարցում էլ վերջին խոսքը պատվիրատուինն է: Հյուսիսային պողոտայում, համաձայն ՀՀ շինարարական նորմերի, շենքերի արտաքին պատերը կառուցվում են «պեմզաբլոկ» կոչվող նյութից` գումարած 10 սանտիմետր հաստությամբ հանքաբամբակե մեկուսիչ ( մինվատա ) :

Մասնագետները մտահոգվելու առիթ, թերեւս, չունենային, եթե արտաքին պատերի մեկուսացումը կատարվեր առավել հուսալի եղանակով, ասենք` պեռլիտե սալերի միջոցով, որովհետեւ, ինչպես նշում են մասնագետները, ժամանակի ընթացքում հանքաբամբակե մեկուսիչը  «նստում է»: Իսկ պեռլիտե սալերից պատվիրատուն հրաժարվում է` վկայակոչելով վերջինիս համեմատաբար թանկ լինելու հանգամանքը: Հրաժարվում է նաեւ լրացուցիչ ծախսեր պահանջող, հետեւաբար նաեւ` բավականաչափ թանկ, վերամշակված հանքաբամբակե սալերից: 

«Ջերմամեկուսացումը թանկ հաճույք է»,-ասում է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ջերմագազամատակարարման ամբիոնի վարիչ, «Էներգետիկ ճարտարագետների միջազգային ասոցիացիայի Հայաստանի մասնաճյուղի» պրեզիդենտ, տեխն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Զոհրաբ Մելիքյանը: 

Ահա, թե ինչու. սեփական էներգակիրներ չունեցող այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, նախկինում 150 օր հաշվվող սեզոնում նվազագույնը 18 աստիճան ջերմություն ապահովելու պարագայում, էլէներգիայով ջեռուցելիս, միայն բնակֆոնդի համար կպահանջվի 4000 մեգավատ հզորությամբ արտադրող կայան: Ներկայումս գործող ՀԱԷԿ-ի հզորությունը 400 մՎտ է, հետեւաբար կայանը նորմալ կենցաղի նվազագույն խնդիր անգամ չի կարող լուծել: Ջերմակայանների միջոցով էլեկտրաէներգիայի պահանջվող քանակն ապահովելու կամ բնական գազով լոկալ ջեռուցում կազմակերպելու դեպքում ավելանալու են շրջակա միջավայրի համար վտանգավոր արտանետումները:

Ըստ գիտնականի. «Եթե եղած եւ կառուցվող շենքերը բերվեն պահանջվող ջերմաֆիզիկական վիճակի, ապա ջեռուցման համար կպահանջվի 1500 մեգավատ հզորություն, իսկ գազի ծավալները կկրճատվեն մոտ 3 անգամ: Եթե պետությունը կառավարության միջոցով ասոցիացիային պատվիրի մշակել շենքերի ջերմաֆիզիկական, օպտիմալ հատկությունների ստանդարտներն ու նորմերը, ապա դրանք լինելու են ամենաճշգրիտն ու տնտեսապես շահավետը: Կախված տնտեսական, կլիմայական պայմաններից, շրջակա միջավայրի պահպանության առկա խնդիրներից, նախատեսվող ջեռուցման, հովացման համակարգերից` այդ չափորոշիչները յուրաքանչյուր կառույցի համար կլինեն առանձնահատուկ»: 

Երբ պատրաստ լինեն այդ ստանդարտներն ու նորմերը, պրն Մելիքյանի պատկերացմամբ, նախագծող ճարտարապետները կարող են դյուրությամբ ընտրել դրանցից որեւէ մեկը` ընդամենը օգտվելով արդեն իսկ մշակված համակարգչային ծրագրային ապահովումից` նախապատվությունը տալով սպառողին էլէներգիայի նվազագույն ծախսով առավել արդյունավետություն ապահովող տարբերակին: 

Էներգետիկ անկախություն, ջերմամեկուսացման ազգային ծրագիր 

Այսօր ոչ միայն Հայաստանում, այլեւ բոլոր զարգացած, զարգացող երկրներում կարեւորագույն խնդիր է համարվում էներգաարդյունավետ համակարգերի ստեղծումն ու զարգացումը, էներգիայի վերականգնվող աղբյուրների լայն կիրառումը: Միջերկրական ծովի ափամերձ տարածքների երկրներում եղած եւ կառուցվող բնակելի շենքերի, հյուրանոցային համալիրների տանիքներին տեղադրվում են կենցաղային կարիքների համար նախատեսված ջրի վիթխարի տարողություններ, որոնք տաքացվում են արեւային էներգիայով: Դրա արդյունքում շահում է թե երկիրը ( էներգիայի սպառման կրճատում, շրջակա միջավայրի պահպանում ) , թե այդ երկրի գործարար քաղաքացին ( նյութական խնայողություն, գրավիչ, մրցունակ բիզնես ), եւ թե ամբողջ հասարակությունը: 

Հողմատուրբինների արտադրությամբ զբաղված դանիական երկու ընկերություններ` WESTAS եւ NEG-MIKON ( 2003թ.-ից ընկերությունները միավորվել են ), այսօր թողարկում են քամու էներգիայով աշխատող հողմակայաններին անհրաժեշտ սարքավորումների զգալի հատվածը` շուրջ 30-35 տոկոս: Ինքը` Դանիան, ապահովում է աշխարհի հողմատուրբինաշինության մոտ 45 տոկոսը: ՀՀ-ում եւս կառավարությունը խրախուսում է այլընտրանքային էներգետիկայի զարգացումը: Էներգիայի վերականգնվող աղբյուրների միջոցով ստացվող էլէներգիայի համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մինչեւ 2016 թվականը սահմանել է սակագին` 7 ԱՄՆ ցենտին համարժեք դրամ, ինչն, անկասկած, բավականին հրապուրիչ է այդ բնագավառում ներդրումներ կատարողների համար: 

Ի±նչ ունենք այսօր. մասնագետների գնահատմամբ` մեր երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալում սեփական էներգակիրների ծավալը ներկայումս կազմում է 20-25 տոկոս: Եթե պայմանականորեն միջուկային վառելիքն էլ համարենք սեփական ( մի խմբաքանակ բերեցինք, եւ կարող ենք որոշակի ժամանակահատված աշխատել դրանով ) , ապա ՀՀ-ի էներգետիկ հարաբերական անկախության աստիճանը կարող է հասնել մինչեւ 60 տոկոսի: Սակայն, որեւէ երկրի էներգետիկ անկախության աստիճանը որոշելիս հաշվի են առնվում էներգակիրների միայն ներպետական պաշարները: Վերոնշյալ սկզբունքով գնահատելիս, Հայաստանի էներգետիկ անկախության աստիճանը 10-12 տոկոս է: Այս բարձր ռիսկային գնով արտադրված էլեկտրաէներգիան 2003 թվականին իրացվել է հետեւյալ համամասնությամբ. սպառված 3654,4 մլն կՎտժ էլեկտրաէներգիայից: 

1345,4 մլն կՎտժ-ն իրացվել է բնակչության կողմից ( ընդհանուր ծավալի մոտ 37 տոկոսը ) : Էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալի մոտավորապես 22 տոկոսը սպառվել է արդյունաբերության, իսկ մնացած 41 տոկոսը` այլ սպառողների կողմից: Խորհրդային տարիներին էլեկտրաէներգիայի սպառման ընդհանուր ծավալում բնակչության մասը կազմել է 10-15 տոկոս: Էներգետիկ անկախության նվազագույն ցուցանիշ ունեցող երկրի համար չափազանց կարեւոր է ոչ միայն էներգիայի վերականգնվող աղբյուրների լայն կիրառումը, այլեւ եղած եւ կառուցվող շենքերի ջերմաֆիզիկական կորուստների նվազեցման ճանապարհով էներգաարդյունավետության բարձրացումը: Նախագծող ճարտարապետների հավաստմամբ` սեփականատերերն են որոշում առաջարկվող եվրոստանդարտ նյութերից որը ընտրել եւ հաճախ ընտրում են ոչ արդյունավետն ու էժանը:

Փոխարենը, ովքեր Կենտրոնի էլիտարներում ապրելու մտքից երջանկացած` հավուր պատշաճի չեն գնահատում անշարժ գույքի իրական արժեքը, հետագայում թանկ են վճարելու անարդյունավետ ջերմամեկուսացման եւ այլ լուրջ թերությունների պատճառով: Բացառված չէ, որ հարուստ գնորդի համար էական չէ, թե որքան դրամ է վճարելու ինքը ջեռուցման համար, սակայն պետության համար խիստ թանկ է յուրաքանչյուր կՎտժ-ի ստեղծումը: Պետության ամենօրյա հոգսն է, որ դրսից բերվող էներգակիրները անխափան շահագործվող խողովակաշարերով տեղ հասնեն, որ էներգետիկայի համակարգում կայուն աճ ապահովվի, էներգաարտադրությունը բնապահպանական խնդիրներ չհարուցի կառավարության առջեւ, որ բացառվեն ֆորս-մաժորային իրավիճակները եւ այլն: 

Խնդիրն այս հարթության վրա դիտելիս էներգետիկ անկախության հիմնահարց ունեցող երկրի քաղաքացին, որն անտարբեր է վերոնշյալ հիմնահարցերի նկատմամբ, ավելինª պատրաստ է ՙքամուն տալ՚ իր փողերը` սիրտն ուզածի չափ վայելելու համար, կամաց-կամաց վերածվում է իր երկրի ապագայի հանդեպ սպառողի հոգեբանությամբ մարդ-ստերեոտիպի, որին դժվար թե հուզեն մութ ու խավար տարիների ոչ հեռավոր անցյալը, ոչ էլ` նույնքան մշուշոտ ապագան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter