
Ջրային ռեսուրսների անարդյունավետ կառավարում, վիթխարի չափերի ջրակորուստներ, բարձր կոռուպցիոն ռիսկեր
Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների վերաբերյալ հետազոտության արդյուքներով՝
- «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող համայնքների 26.5%-ն ունի շուրջօրյա ջրամատակարարում,
- «Վեոլիա ջուր» ընկերության կողմից չսպասարկվող համայնքների 59,4%-ն ունի շուրջօրյա ջրամատակարարում:
Խմելու եւ ոռոգման ջրերի համակարգում ջրակորուստները շատ բարձր են՝ 40-70% ոռոգման եւ 70-80% խմելու ջրի կորուստներ կան:
Հարցվածները դժգոհել են խմելու ջրի որակից եւ հայտնել են, որ տան ծորակից հոսող ջուրը չեն համարում «խմելու ջուր», տնտեսության կարիքների համար ջուրը բերում են այլ վայրերից կամ գնում են:
Խմելու եւ ոռոգման ջրի հետ կապված ծավալուն սոցիոլոգիական հարցումը, որը հանրությանը ներկայացվեց հունվարի 26-ին, իրականացվել է Արարատի եւ Արմավիրի մարզերի 22 բնակավայրերում: Հարցմանը մասնակցել են 6 քաղաքային եւ 12 գյուղական բնակավայրերում ապրող 385 տնային տնտեսություններ (ՏՏ), պատահականության սկզբունքով: Հետազոտությունը նպատակ ունի պարզելու ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ կառավարման, ջրի որակի, օգտագործման, առկայության եւ համապատասխան մարմինների պարտականությունների վերաբերյալ բնակիչների իրազեկվածությունը, դիրքորոշումներն ու գիտելիքները։
Հետազոտությունն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացնում են՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը, Ազգային ջրային համագործակցություն ՀԿ-ն եւ ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը։
Հարցման ամփոփ արդյունքները հետեւյալն են. վերջին 10-15 տարիներին Արարատյան դաշտավայրում եւ ընդհանրապես Հայաստանում, ջրային ռեսուրսների կառավարումն իրականացվել է անարդյունավետ, ինչը հանգեցրել է Արարատյան արտեզյան ավազանի (ԱԱԱ) մակարդակի կտրուկ անկման: Էռոզիայի են ենթարկվել եւ աղակալել են ԱԱԱ տարածքի հողերը, որն ազդել է եւ շարունակում է ազդել Արարատի եւ Արմավիրի մարզերի գյուղատնտեսության, հետեւաբար նաեւ բնակչության եկամուտների վրա, նպաստում է արտագաղթին:
Պետական (բնապահպանական) իշխանություններն անհետեւողական են խնդրի լուծման հարցում՝ ջրային ռեսուրսների կառավարումն անարդյունավետ է, ջրօգտագործողների (հիմնականում՝ ձկնաբուծության ոլորտի) նկատմամբ վերահսկողությունը թույլ է: Նշվել է ձկնարդյունաբերության ոլորտում մեծ ստվերային տնտեսության առկայությունը, անօրինական բիզնեսի (ձկնաբուծության) ծաղկումը: Ձկնաբուծարանների կողմից ստորերկրյա ջրերի գերօգտագործումը, ներառյալ ապօրինի օգտագործման դեպքերը: Ձկնաբուծության ոլորտը մենաշնորհացված է, քանի որ շատ ձկնաբուծարաններ պատկանում են ազդեցիկ քաղաքական գործիչների եւ օլիգարխների:
Ընդգծվել է պետական մարմինների կողմից ապօրինի ջրօգտագործման ոլորտում վերահսկողության պակասը, բնակչության ցածր իրազեկվածությունը ջրօգտագործողների իրավունքների եւ պատասխանատվության վերաբերյալ: Առկա է ջրային խնդիրների վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում բնակչության մասնակցության ցածր մակարդակ:
Ֆոկուս խմբի մասնակիցները ջրի հետ կապված խնդիրները թվարկելուց բացի, նաեւ դրանց լուծման եղանակներ են առաջարկել: Ըստ նրանց՝ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար քաղաքական կամքը եւ ազգային/պետական մտածելակերպը հաճախ բացակայում են: Կարծում են, որ պետական պաշտոնյաները պետք է ավելի շատ հոգ տանեն ջրային ռեսուրսների եւ մարդկանց մասին: Ղեկավարները պետք է տեղեկանան ջրի որակի հետ կապված առողջապահական ռիսկերին: Անհրաժեշտ են օրենսդրական բարեփոխումներ՝ «Վեոլիա ջուր» ընկերության եւ ՋՕԸ-երի աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար:
ՋՕԸ-երի կառավարման համակարգը եւ համապատասխան օրենսդրությունը պետք է վերանայել, որովհետեւ ՋՕԸ-երի աշխատանքն անարդյունավետ է, խնդրահարույց եւ գործում են բարձր կոռուպցիոն ռիսկերով:
Հարկավոր են ներդրումներ ոռոգման համակարգում՝ ջրակորուստները կրճատելու համար, որովհետեւ խմելու եւ ոռոգման ջրի համակարգերում դրանք վիթխարի չափերի են հասնում: Կան մեծ թվով բնակիչներ, որոնք չունեն ջրաչափեր կամ չեն վճարում ջրի համար, ջուրն օգտագործում են ապօրինի, եւ նույնիսկ իրենց հողակտորներն են ոռոգում խմելու ջրով:
Նշվել է որոշ համայնքներում խմելու ջրագծերի բացակայության, քայքայվածության եւ վերանորոգման անհրաժեշտության մասին, պետական/համայնքային բյուջեներում ոռոգման եւ խմելու ջրագծերի վերանորոգման համար միջոցների անբավարարության, «Վեոլիա ջուր» ընկերության անարդյունավետ աշխատանքի, ջրային ոլորտում ֆինանսական միջոցների անարդյունավետ ծախսերի մասին:
Հարցվածների կարծիքով՝ գյուղատնտեսության մեջ պետք է կիրառվեն ջրախնայողական համակարգեր, ինչպիսին կաթիլային ոռոգումն է: Հարկավոր է կանխել ձկնաբուծարանների կողմից ստորերկրյա ջրերի գերօգտագործումը, ներառյալ ապօրինի օգտագործման դեպքերը, ՋՕԸ-երը պետք է օգտագործեն ձկնաբուծարանների կողմից օգտագործված ջուրը:
Գոյություն ունի կոռուպցիա ջուրթույլտվության (ՋԹ) տրամադրման եւ ջրօգտագործողների՝ ՋԹ-ների հետ համապատասխանության վերահսկման հարցում: Շեշտվել է ջրօգտագործողներին տրամադրվող ոռոգման ջրի միասնական սակագնի եւ հաշվարկման հստակ մեթոդաբանության բացակայությունը, ստորերկրյա ջրերի արդյունահանման դեպքում բարձր ինքնարժեքը՝ կապված էլեկտրաէներգիայի բարձր գնի հետ:
Առաջարկվել է ավելացնել բնապահպանության նախարարության տեսչական մարմնի լիազորությունները եւ համալրել որակյալ կադրերով, որպեսզի կարողանան առավել արդյունավետ իրականացնել տեսչական ստուգումներ ջրօգտագործողների շրջանում (ըստ ՋԹ-ների պայմանների):
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել