HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արժանապատիվ ներկայի գոյություն չունեցող հիմքերը

Հերթական վերլուծությունն եմ ուզում գրել, տարեվերջ է, մտածեցի ամփոփ ներկայացնել այս տարվա ընթացքում քաղաքական դաշտի որոշակի առանձնահատկություններ, ավելի ուշագրավ և քննարկվող թեմաները: Ձևաչափը, որով պետք է գրեմ, ինձ անծանոթ է, բայց պիտի ռիսկի դիմեմ:

Այն, որ Հայաստանի հասարակությունն իր խնդիրները չի կարողանում համակարգել և տեսնել մի (կամ մի քանի) ընդհանուր պատճառի մեջ, քանի որ հասարակություն՝ որպես այդպիսին, չկա, մեկ անգամ արդեն գրել եմ: Նաև օրակարգ չունի, դրա համար էլ նույնիսկ քաղաքական ուժերի համար է դժվար «սիրելի» դառնալ հասարակությանը: Դրա փոխարեն ուժերը պետք է աշխատեն սիրելի դառնալ խմբերին, ավելի փոքր սոցիալական համայնքների, մինչևիսկ առանձին անհատների:

Այո, հասարակությունն օրակարգ չունի, տառապում է՝ կքած սոցիալական խնդիրներից, անապահովությունից, բայց դա այսօր հավաքական գործոն չի դառնում: Արտագաղթը մշտապես շարունակվում է, դա ևս պատճառ չի դառնում հստակ ձևակերպված բողոքի: Չի սրվում իրավիճակը, սպասված հեղափոխությունը դանդաղում է, քանզի կան արտագաղթը, աշխատանքային միգրացիան:

Իշխանությունները լավ են հաշվարկել. այստեղ գործում է հոգեբանական պաշտպանական մեխանիզմը, երբ ճնշում են, նվաստացնում, ստիպում, «ստրկացնում», և մի փոքր տեղ են թողնում ճնշվողին՝ դուրս «գալու» իրավիճակից, որ չհարձակվի: Գիտության մեջ փորձերը կենդանիների վրա են արել, առնետին «քշել են» անկյուն՝ առանց փախուստի տեղ թողնելու, վերջինս, պաշտպանողական բնազդով՝ ագրեսիայով, հարձակվել է:

Մերոնք կռվի տարիներին են այս մեխանիզմը ճիշտ գործածել, ադրբեջանական բանակի ոգին են կոտրել՝ երբեմն փախուստի միջանցք թողնելով, որը զինվորի հոգեբանության և վարքագծի վրա ազդում է՝ ենթագիտակցականում ունենալով այդ «տեղեկությունը»՝ փնտրել փախուստի ձև և չկռվել, հեռանալ:

Հիմա սեփական ժողովրդի վրա է փորձն արվում. փախուստի միջանցքը թողնված է, կառավարությունը հանգիստ է, կուսակցությունները քաղաքական առուծախ են անում իրար մեջ: Եվ թողնում են, որ ժողովուրդը դուրս գա, լքի երկիրը: Իսկ եթե չլինի այդ հնարավորությունը, ինչպես վարչապետն էր նկատել, «ծայրահեղական զանգվածը կանի հեղափոխություն» [1]:

Իշխանության մեջ տարեվերջին մոտեցող կադրային փոփոխությունները իմիտացիոն բնույթից առաջ չանցան: Իշխանությունը մի նրբություն չէր հաշվարկել, բավարար քաղաքականացված բնակչությանը հասկանալի էր, որ «բարեփոխման» նպատակներով չէ, անգամ, իրոք, իմիտացիոն էլ չէ, այլ հերթական ընտրությունների նախապատրաստման դիրքավորվելու «նախավարժանք» է: ՀՀ հեղինակության որոշիչ սանդղակը «ներսում» արված նշանակումները կարող են լինել, օրինակ՝ երբ «հայտնաբերենք», թե ով է հանրապետության հերթական երկրորդ դեմքը և ինչի է նա ընդունակ [2]:

Տարվա կտրվածքով թվաց, թե մի քանի անգամ քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվում, թվում էր՝ տատանումներ կլինեն, և վերջապես քաղաքական դաշտը կվերակազմավորվի հատկապես ընդդիմադիր ոլորտում: Քաղաքական և ոչ միայն քաղաքական վերլուծաբաններ ու փոքրիշատե վերլուծությանը հավակնող մարդիկ ոգևորված կանխատեսումներ էին անում կամ հոռետեսորեն նկարագրում և բացատրում ամեն ուժի այս կամ այն քաղաքական վարքի պատճառներն ու հետևանքները: Այսօրվա դիտանկյունից առավել լավ է երևում կատարվածը:

Երկակի ստանդարտներն ամենուր են. երկակի ստանդարտներով գործող իշխանությունը և նույնպիսի ստանդարտներով գործող ընդդիմության մեծ թևը, այն է՝ ՀԱԿ-ը, երկխոսության «կառուցողական» քայլին դիմեցին, որը ոչ մի աղերս չուներ ու չունի հասարակության տարբեր շերտերի շահերի, հետաքրքրությունների հետ:

Երկխոսությունն իբր այն հանգրվանն էր, որին «համոզված» ՀԱԿ զանգվածը փոխհատուցում էր կոտրված ոգևորության համար՝ իբրև համարժեք քայլ: Իսկ «կոտրված» երկխոսության փոխհատուցումը հավատացող բողոքավոր զանգվածի համար անժամկետ հայտարարված նստացույցն էր: Խափանված նստացույցի փոխհատուցումը դարձավ հայտնի քաղաքագիտական վերլուծությունը՝ ԲՀԿ-ին իշխանությունից «փախցնելու» գաղափարը:

Ազատության հրապարակի ոգին կարծես թե փոխվեց առասպելված Ազատության հարթակից դեպի Թատերական հրապարակ, իսկ համընդհանուր և համաժողովրդական հանրահավաքները դարձան «տուսովոչնի», այսինքն՝ այնքան սեղմվեց, որ կոնկրետ մարդիկ գնում են կոնկրետ մարդկանց հետ շփվելու, քննարկելու:

Գարնանը դեռ ասելիք կար. գարնանը մարտի 1-ի հանրահավաքի բազմամարդությունը գլխապտույտ էր առաջացրել ՀԱԿ առաջնորդի, ընտրախավի մոտ, և մյուս ընդդիմադիրների ընդառաջ արված կոնկրետ քայլերը չնկատեցին: Մարտի 17-ին Ազատության հրապարակ մտնելու համար ոստիկանների հետ հաջող բանակցությունների արդյունքում էլ ունեցան գլխապտույտ և շատ կարևոր գործեր, կրկին չնկատեցին «ձեռքսեղմման» համար մեկնած ձեռքերը՝ ընդդիմադիր դաշտն ուժեղացնելու համար:

Այսօր ավելի քան հասկանալի է, թե ինչու: Ընդդիմության մեծ թևի վարած «նպատակային» քաղաքականությունն ու ռազմավարությունը, որով առաջնորդվել են, չէր կարող «գոհացնել», օրինակ, «Ժառանգությանը», և ոչ անսպասելի ներքին երկպառակությունների արդյունքում ՀԱԿ-ից մի քանի «կտոր» կուսակցություն էլ «Ժառանգությունը» հետը դուրս կբերեր, ինչը կվնասեր «հայկական բոլոր ժամանակների նախագահի» հեղինակությանը:

Իսկ զանգվածի հոգեբանությունը շատ հետաքրքիր է: Զանգվածը մանկիկի է նման, զանգվածը իմպուլսիվ է և բնազդային, իր պաշտամունքի օբյեկտին մի քանի րոպեում կարող է անխնա տապալել: Բայց կրկին լավ չեն հաշվարկել. կան մարդիկ, որոնք դեռ չեն կորցրել հույսն ու հավատը առաջին նախագահի նկատմամբ, պաշտպանական մեխանիզմների օգնությամբ շարունակում են սկզբունքային դիրքերում մնալ, մինչդեռ իրենց վերնախավը, սկզբունքայնությունը իրական քաղաքականությանն անհարիր համարելով, քաղաքական անբովանդակ և ինքնությունից զուրկ կեցվածք ու վարքագիծ է դրսևորում: Այդ զանգվածը վաղը չի ներելու, որ իրենից ռեսուրսներ գնացին զուտ իմիտացիոն հանրահավաքներին:

Այս տարվա մեջ քաղաքական դաշտում կատարված մի շարք ուշագրավ իրադարձություններ իրենց համատեքստի մեջ առանցքայնությամբ տարբերեցին 2011-ը, օրինակ, 2010-ից. քաղաքական նոր վարքագիծ, նոր ձեռագիր, նոր կուսակցություն...

Այսպես, 2011թ. մարտի 15-ին «Ժառանգության» հիմնադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը բավականին «աղմուկ» հանած իրադարձություն է: Երկու շաբաթից ավելի տարաբնույթ բազում հրապարակումներ և կարծիքներ շրջանառվեցին, լակմուսի թղթի էֆեկտը գործեց. գործող ուժերի մեծամասնությունն ի ցույց դրեց իր իրական դիրքորոշումներն ու նկրտումները:

Օրինակ՝ իշխանությունը մի զարկով «փոշիացրեց» Մարդու իրավունքների «նորընտիր» պաշտպանին [3], երբ արհամարհեց նրա կոչը՝ թույլատրելու վրանի տեղադրումը: ՀԱԿ-ը իրեն ավելի կոնկրետ և բացահայտ դրսևորեց՝ որպես տոտալիտար մենաշնորհային և անողոք ընդդիմություն այլ ընդդիմադիր ուժերի և հակառակը՝ փափուկ, երկխոսության պատրաստ և սիրալիր՝ իշխանության նկատմամբ: ՀԱԿ-ի տոտալիտարիզմը դրսևորվեց նաև իր մեջ այլակարծություններ բացառելուն ուղղված ելույթի ժամանակ [4]:

Այլ ուշագրավ երևույթ է նկատվում, թերևս կրկնվում է մի քանի անգամ, տարվա տարբեր հատվածներում: Սոցիալական ցանցերում, տարբեր ինտերնետային թերթերում կատարում են հարցումներ՝ քվեարկելու հաջողված կամ անհաջող քաղաքական գործչի «բացահայտմանը»: Այդ ինտերակտիվ հարցումներում գրեթե մշտապես 5-6 անվան մեջ նշվում է Արթուր Բաղդասարյանը:

Տարվա քաղաքական դաշտին մակերեսորեն հետևած մարդու, ինչպես նաև բավականին տեղեկացված մյուսի մոտ հարց կարող է ծագել. 2011-ին ինչ կարևոր՝ լավ կամ վատ գործունեություն է ծավալել Ա.Բաղդասարյանը, որ ընդգրկվում է ցանկի մեջ: Հարցը գուցե հռետորական հնչի, բացատրությունների կարիք լինի-չլինի, բայց ասոցիատիվ հիշեցի Ֆեյսբուք սոցիալական ցանցի մարքեթինգին վերաբերող խմբերից մեկում վերջերս կարդացած մի հետաքրքիր իրողություն:

«Ֆրանսիայի կառավարությունը հայտնի մարքեթինգային քայլ կատարեց այն ժամանակ, երբ կարտոֆիլը քիչ «հանրաճանաչություն» ուներ երկրում: Բացասական վերաբերմունքն այդ մթերքի նկատմամբ հաղթահարվեց այն ժամանակ, երբ նախարար Տյուգոն հրամայեց պահակներ կանգնեցնել կարտոֆիլի դաշտերում: Իհարկե, ժողովրդի մեջ տարածվեց լուրն այն մասին, որ երևի շատ արժեքավոր մթերք է, որ հսկվում է, և դրա պահանջարկը բարձրացավ» [5]:

Որպես քաղաքական գործչի (ոչ թե որպես պաշտոնյայի)՝ Արթուր Բաղդասարյանի մասին հիշեցնելը շատ կարևոր և «խորհրդանշական» բնույթ ունի ՀՀԿ-ի համար՝ մինչև ԱԺ 2012թ. ընտրություններ «Օրինաց երկիր» կուսակցությանը հարություն տալու և ՀՀԿ-ին սատարելու համար, բայց այսքան կոպիտ «գործիքակազմով» PR-ն էլ թերևս չաշխատի:

Այսօր լայն զանգվածի համար մշակույթ երևույթը հեռուստատեսությունն է: Միշտ էլ մշակույթի տարբեր ճյուղեր զանգվածային չեն և չեն եղել, սակայն «մշակութային կյանքը» մայրաքաղաքային «կենտրոնացումից» առավել անհասանելի է տարբեր մարդկանց: Իսկ ժողովրդին ի՞նչ առաջարկեց հեռուստատեսությունը 2011-ին և ինչպիսի՞ պահանջներ բավարարեց:

Մի քանի հեռուստաընկերություններ խիստ գրաքննությամբ ցուցադրում, մեկնաբանում, լուսաբանում են միայն ՀՀ նախագահին (ոչ մեկի համար նորություն չէ)՝ համեմելով PR-ային հնարավորություններով և քմահաճությամբ: Հեռուստաընկերությունների մյուս մասը նույն բանն է անում գլխավոր հերոսի տարբերությամբ, այսինքն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի օրակարգի վերլուծությամբ է զբաղված: Երկու դեպքում էլ երկրում տեղի ունեցող իրադարձությունները կամ դրանց մի մասի իրական կողմը չեն հասնում լայն զանգվածներին, ժողովրդին:

Բայց դիտենք այլ կողմից: Լրատվությունից բացի՝ հեռուստատեսությունը հեղեղված է հայկական սերիալներով՝ բավականին տհաճ, վտանգավոր և ազդեցիկ՝ զարգացող սերնդի համար: Առհասարակ, քննադատությունները շատ են, բազմաթիվ, և դրանք հիմնականում մամուլում կամ ինտերնետային տարբեր ցանցերում ու բլոգներում են, իսկ հեռուստադիտող շարքային քաղաքացին, որ հեռու է այդ քննարկումներից և իրեն հասանելի ֆիլմի մասին առավել «մաքուր»՝ առանց թելադրված կարծիքի է, նայում է սերիալը և առնվազն քթի տակ դժգոհում: Ստացվում է եռանկյունի. մի մասը նկարահանում է սերիալ, մի մասը խաղում է, մյուս մասը քննադատում, նայում և քննադատում: Բայց որտե՞ղ է մեխը...

Այսպես, սերիալներում արտացոլված է այն կյանքը, որը «Հայլուրը» կամ մյուս լրատվականները շատ խնամքով մոնտաժ են անում: Ուրեմն, Հայաստանի հեռուստաեթերներում կա ազատություն, միայն թե այնքանով է քողարկված, որ տարբեր պատգամավորներ ու գործարարներ ուրիշ անուններով են հանդես գալիս:

Բացատրեմ՝ ինչպես. հայկական սերիալներում ահասարսուռ տեսարաններով են ուղեկցվում պատգամավորների, գործարարների քայլերը, անբարոյական վարքագիծը, «աղավաղված» ընտանիքներն ու ընդհատակյա բիզնեսը: Երկար ժամանակ լրատվությամբ կատարելապես քարոզված կերպարներն ու հարաբերությունները հօդս են ցնդում մարդկանց ենթագիտակցականի հնարավորությունների շնորհիվ, երբ ցուցադրվում է «անշառ» ֆիլմ:

Օլիգարխիկ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի համար դա սև PR է, քանզի Հայաստանը փոքր երկիր է, և ցանկացած սերիալ, որ նկարահանվում է մեր երկրում, իրականությանը մոտ ցուցադրություն է: Քաղաքը բավականին փոքր է, և երբ նկարվում է, օրինակ, երևանյան որևէ հայտնի փողոցում նույն պատկերը, գրեթե բոլորին այն ծանոթ կարող է լինել:

Ֆիլմից դուրս քաղաքային կոլորիտը, ոճը նույնն են, անձը հայտնվում է նույն միջավայրում, պայմաններում. շքեղ սև մեքենաների առկայություն, սև կոստյումներով տղամարդիկ, բավականին մոդայիկ դարձած թիկնապահ խմբեր, պատգամավորներ, գործարարներ, ի դեմ սերիալի՝ նրանց շրջապատող մարդիկ, առնվազն «մարդասպաններ»: Այնպես որ, գուցե «առաջատար» կուսակցությունները թույլ տան եթեր՝ առանց մոնտաժների, որը գուցե պակաս «չար» կլինի, քան իրենք ներկայացվում են սերիալներում:

Այս տարի ուժային կառույցներում, հատկապես բանակում ավելացել են սպանությունները և ինքնասպանությունները, քրեական և քրեածին պայմաններն ու իրադարձությունները: Թյուր կարծիք է, թե դրանք երբևէ չեն եղել: Հարցը տարբեր տեսանկյուններից դիտարկելու խնդիր կա, ի վերջո, բազմակողմանի ուսումնասիրության խնդիր կա: Օբյեկտիվորեն մի կառույցում, որտեղ հավաքվում են ինքնահաստատման փուլում գտնվող, ամենատարբեր մակարդակի ու որակի ընտանիքներից պատանիներ, երիտասարդներ, կլինեն բազմաթիվ դեպքեր, որոնք «իշխանության» համար պայքարի դրսևորում են, և որոնցում գործում է տեսակի պահպանման բնազդը:

Սակայն խնդիրն ավելի է սրվում, երբ այդ իրադարձությունների շուրջ երկրորդ քրեածին իրավիճակն է «պատրաստվում», օրինակ՝ որպես ինքնասպանություն, երբ ակնհայտ ուժի կիրառում է եղել: Ներքին գործերի համակարգում, բանակում՝ ծառայության մեջ երիտասարդի ադապտացիան և խնդիրների լուծման արդյունքը, հետևանքը պետք է վերահսկվեն, մարդիկ, զինվորներն իրենց պետք է պաշտպանված և ապահով զգան:

Եթե դիտարկենք հասարակության մեջ առկա վերաբերմունքն այդ իրադարձությունների նկատմամբ, ապա կրկին հակամարտ դաշտ կտեսնենք: Քաղաքական ակտիվ զանգվածի մի մասն, ընդունելով համակարգի «անկատարությունը», ուզում է առանձնանալ իր «պետական մտածողությամբ» փակ պահել թերությունները երկրի ներսում, որպեսզի օտարը չօգտվի դրանից:

Մյուս մասը բարձրաձայնում է՝ ստին, կեղծիքին չհարմարվելով, որպես միջոց՝ արդարության վերականգնման կամ «լսելի դառնալու», ժողովրդավար հայացքներով և քաղաքացիական հասարակության ստեղծման հույսերով: Հատվածական կարծիքներով, սկզբունքներով և գործունեությամբ խախտվում է ժողովրդի միասնականությունը, բայց նաև քաղաքացիական հասարակության ծիլերն են երևում:

Հայ «հասարակության», ժողովրդի կյանքը, ապրուստը դարձել է «սպասումների» կծիկ. ապրել «այս միջադեպից այն քաղաքական իրադրություն», և այսպես երկար ձգվող շղթա: Եթե դա քաղաքական գործիչների կյանքն է, նաև նրանց կենսակերպն է, ապա խնդիրն այն է, որ հասարակ, շարքային քաղաքացին էլ է այդպես ապրում՝ «մինչև» այս կամ այն ընտրություն: Իսկ ճշմարիտն այն է, որ Հայաստանի քաղաքացին ուղղակի ապրի, թեկուզ իր բաժին, ոչ «արհեստածին» հոգսերով, այլ ոչ թե «մինչև»…

Արմինե Ղազարյան
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, հոգեբան

[1] http://zham.am/index.php?lid=am&pageName=verlucakan&id=406992499
[2] http://news.am/arm/news/33240.html, կամ http://lurer.com/politics/3487-
[3] http://www.tert.am/am/news/2011/03/21/ombudsmankaren/
[4] Լևոն Տեր Պետրոսյանը հայտարարելով, որ գործարքի է գնում իշխանության հետ, մարտի 17-ի հանրահավաքում ելույթի ժամանակ հայտարարեց. «Մեր շարքերում այլախոհներին պետք է ստիպել ենթարկվել մեծամասնության կարծիքին»:
[5] http://www.facebook.com/groups/241701142526322/329053310457771/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter