Վանաձորի հարկային ավագ տեսուչը չարաշահել է լիազորությունները. հարուցվել է քրեական գործ
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Վանաձորի տարածքային հարկային տեսչության ավագ հարկային տեսուչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:
Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերի համաձայն՝ Վանաձորի տարածքային հարկային տեսչության հարկային ավագ տեսուչի որդին վճարովի հիմունքներով սովորել է ՀՀ պետական ագրարային համալսարանում: Տեսուչը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, Վանաձոր քաղաքում գործող թվով 6 ընկերություններից 2004-2010թթ. ընթացքում պահանջել է, որ փոխանցեն իր որդու ուսման վարձը:
Միաժամանակ՝ 2005-2008թթ., հաստատապես տեղյակ լինելով այն մասին, որ իր եղբորորդին առանց պետական գրանցման Լոռու մարզի Արջուտ գյուղում զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ՝ միջոցներ չի ձեռնարկել վերջինիս գործունեությունը դադարեցնելու, պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ՝ էական վնաս պատճառելով պետությանը:
Բացի դրանից՝ վերոհիշյալ հարկային տեսչության ավագ հարկային տեսուչը, իմանալով, որ 2003-2009թթ. Վանաձոր քաղաքի Թումանյան 1 հասցեում գործող «Վակուլիկ» ՍՊ ընկերության տնօրենը՝ իր մայրը, հիշյալ ՍՊ ընկերության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ կեղծ դիմում-հայտարարություն է տվել և դրանից բխող հարկային հաշվետվություններ չի ներկայացրել, ինչպես նաև թաքցնելով ընկերությունում աշխատող, բայց չգրանցված աշխատակիցների առկայության հանգամանքը, իր ծառայողական պարտականությունները չի կատարել և չի կանխել հարկային օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների չկատարելը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Լոռու մարզի դատախազը քրեական գործը զեկուցագրով ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազին՝ նախաքննության կատարման համար հատուկ քննչական ծառայություն ուղարկելու համար:
ՀՀ գլխավոր դատախազություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել