«ՍԵՖ»-ի գողությունից տուժածների բողոքի արդյունքում կազմակերպությունը փոխում է քաղաքականությունը
Գայանե Սարգսյան
2018թ.-ի հունվարի 1-ին «ՍԵՖ» ինթերնեյշնլ կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից կատարաված 20 կիլոգրամ ոսկյա զարդերի գողության աղմկահարույց դեպքից տուժածները մեկ ամիս է՝ անորոշության մեջ են:
Կազմակերպությունն այս ընթացքում հաճախորդների հետ քննարկում է գրավադրված ու գողացված ոսկու փոխհատուցման տարբերակները: Շահառուներին բանկն առաջարկում է իր կողմից գնահատված չափով գումարային փոխհատուցում: Այս առաջարկը, սակայն, ոչ բոլորին է գոհացնում: Նրանք պահանջում են փոխհատուցման ավելի շահավետ պայմաններ: Ու մինչ համաձայնության կգան, «ՍԵՖ»-ից բոլոր շահառուներին զգուշացնում են՝ վճարեք ձեր ամսական տոկսագումարները, այլապես դրանց վրա կհաշվարկվեն տույժեր ու տուգանքներ:
Այս մոտեցումը վանաձորցիներն անընդունելի են համարում:
«Մտել եմ տնօրենի մոտ, ասում եմ՝ ինչի համար ես պետք է այդ տոկոսը վճարեմ: Մինչև հիմա ես տոկոսագումար եմ վճարել ՝ իմանալով, որ իմ ոսկին ետ եմ վերցնելու: Հիմա ինչի՞ համար վճարեմ: Եթե ես այդ ոսկու տոկոսները վճարեմ, կարո՞ղ եմ համոզված լինել, որ իմ ոսկին ետ եք տալու: Ասում է՝ ոսկին չկա: Բա եթե գրավի առարկան չկա, ես ինչի՞ տոկոսը վճարեմ»,- վրդովված ասում է Վալյա Օհանյանը:
Վերջինս համաձայն չէ նաև առաջարկվող փոխհատուցման տարբերակին, քանի որ գտնում է՝ իր ոսկու շուկայական արժեը շատ ավելին է, քան «ՍԵՖ»-ում են գնահատել:
«Իրենք խնդրի լուծման միակ ձևը տեսնում են մայր գումարի փոխհատուցումը, մինչ այդ մուծած տոկոսներն էլ համարում են տոկոսների մարում, քեզ հատկացված գումարը մուծում ես, պայմանագիրը համարում են չեղյալ: Իմ ոսկին 196.000 դրամ են գնահատել դնելիս: Բայց հիմա ես գները ճշտել եմ, 310 000 դրամի ոսկի է»,- ասում է նա:
Իր անհամաձայնության մասին Վալյան գրավոր տեղեկացրել է կազմակերպության ղեկավարին՝ նշելով, որ չի պատրաստվում վճարել ամսական տոկոսագումարները: Այժմ սպասում է պատասխանի:
Վալյայի կարծիքով՝ շատերն այսօր էլ շարունակում են իրենց կորցրած ոսկու դիմաց տոկոսագումարներ վճարել՝ խուսափելով հետագայում հնարավոր խնդիրներից:
«Մարդիկ մտածում են, որ ուշացումների պատճառով կարող են հայտնվել բանկերի «սև ցուցակներում»: Ու իրանք այդքանն իմանալով, մարդկանց քթից բռնած ասում են՝ տոկոսները տվեք»,-նշում է նա:
Վարդուհի Անանյանի «ՍԵՖ»-ին պահ տված ոսկին գնահատվել է 310.000 դրամ: Դեռ այն ժամանակ Վարդուհին մտածել է՝ շատ ցածր է գնահատված: Սակայն քանի որ վստահ է եղել, որ ժամանակին պետք է կատարի վճարումներն ու ետ ստանա ոսկին, շատ հարցերի ուղղակի ուշադրություն չի դարձել:
«Որպես լոմ են գնահատում, շուկայականից ցածր են գնահատում: Մյուս կողմից էլ զարդի գրամները կլորացրել են դեպի ներքև: Օրինակ՝ շղթան 8.8 գրամ է, հաշվվել է 8.5 գրամ: Ու հասկանալի չէ, թե ինչի՞ են էդպես հաշվել,- պատմում է Վարդուհին,-հիմա ասում են՝ դուք այդ պայմաններին համաձայնվել եք, բայց այդ պահին մտքովս էլ չի անցնել, որ կարող էր նման բան լինել»:
Վարդուհին ևս բանկի առաջարկած փոխհատուցման պայմանների հետ չի համաձայնվել: Ուշացումներ չունենալու ու բանկային «սև ցուցակներում» չհայտնվելու համար, սակայն, վճարել է հունվարի տոկոսագումարն ու դիմում ներկայացրել՝ պահանջելով իր գրավադրած ոսկու հարգի ու քաշի ոսկի:
Վարդուհին հույս ունի, որ կազմակերությունը կհամաձայնվի ոսկին ոսկով փոխհատուցելու իր պահանջի հետ, հակառակ պարագայում՝ պատրաստ է հարցը տեղափոխել դատարան:
«Ես հույս չունեմ, որ իմ ոսկին կգտնեն: Ինձ թվում է՝ ես իմ ուզած չափով փոխհատուցում կստանամ, որովհետև իրենք էլ են հասկանում, որ եթե բողոքարկեմ, դատարանում կհաղթեմ, որովհետև ես ոսկի եմ իրենց տվել ու ոսկի էլ պահանջում եմ»,- ասում է նա:
Նաիրա Ջուլհակյանը ևս տուժածների թվում է: Վերջինիս ոսկյա զարդերը գնահատվել է 540.000 դրամ: Ինքը, սակայն, վստահ է՝ ոսկու իրական շուկայական արժեքը 700.000 դրամ է կազմում:
Իր ու մյուսների իրավունքների համար պայքարող Նաիրան այս անգամ իր վրա չի վերցրել բոլորին համախմբելու առաջամարտիկի դերը:
«Քանի որ ես տարիների այդ փորձն արդեն ունեմ, գիտեմ՝ վերջում մնալու էի մենակ: Ես մեր ժողովրդի վախկոտության ու ինքնուրույնություն չունենալու պատճառով այնքան եմ տուժել, որ այս անգամ ուղղակի իմաստ չգտա: Գիտեի՝ վերջում պետք է շրջվեի, տեսնեի կողքիս ժողովուրդ չկա, մենակ եմ»,- ասում է նա:
Հ.Գ. Նյութն արդեն պատրաստ էր, երբ րոպեներ առաջ շահառուներից տեղեկացանք. «ՍԵՖ»-ը սկսել է հաղորդագրություններ ուղարկել` նրանց հրավիրելով դիմում գրելու, որից հետո վճարվելիք տոկսագումարները կսառեցվեն, վճարման ենթակա կլինի միայն մայր գումարը:
Զարմանալի է, որ ընկերությունը տոկոսագումարների սառեցման մասին հայտարարում է գողությունից ուղիղ մեկ ամիս անց՝ այդ ընթացքում հաճախորդներին շարունակելով պարտադրել վճարել տոկոսագումարներն, իսկ չվճարելու դեպքում՝ սպառնում տույժ-տուգանքների կիրառման մեխանիզմով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել