HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Անդրիաս Ղուկասյան. «Տերն ու ծառայի նման ում պատահի, բերման եք ենթարկել»

Անդրիաս Ղուկասյանի գործով այսօրվա նիստին վկայությամբ հանդես եկավ ոստիկանության աշխատակից Հենրիկ Գաբրիելյանը։ Վկան նշեց, որ ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդող օրերին ոստիկանական ուժերը, այդ թվում նաև՝ իրենց վաշտը, եղել են ուժեղացված ծառայության մեջ եւ հսկողություն իրականացրել ՊՊԾ գնդի հարակից տարածքներում։ Վկան նշեց, որ դեպի Սարի թաղ գնացող փողոցները փակ են եղել, քանի որ գնդի տարածքից կրակոցներ են հնչել։ «Ոստիկանները քաղաքացիներին հորդորել են չմոտենալ, մենք ոստիկաններով ուղեկցում էինք նրանց, նույնիսկ բնակարաններ։ Գնդի չորս կողմը փակ է եղել, կրակոցները պարբերաբար էին լինում»,- նշեց վկան։

Վկան նկարագրեց նաեւ դեպքի օրը տեղի ունեցած իրադարձությունները՝ նշելով, որ Անդրիաս Ղուկասյանին չի տեսել։ «Հուլիսի 29-ին, երբ իմացանք, որ Ազատության հրապարակից շարժվող երթը շարժվում է Խորենացի փողոց, հետո տեղեկացանք, որ մի մասը բարձրացել է դեպի Սարի թաղ եւ բախումներ են եղել ոստիկանների ու ցուցարարների միջեւ, որից հետո մասնակցել եմ ակտիվիստներին բերման ենթարկելու գործողություններին»,- ցուցմունքի մեջ ներկայացրեց Հենրիկ Գաբրիելյանը։

Սարի թաղ բարձրանալուց հետո, ըստ վկայի, խառը իրավիճակ է ստեղծվել, քանի որ քաղաքացիները քարեր, շշեր, անիվներ են նետել ոստիկանների ուղղությամբ։ Ծառայակից ընկերներից եւս մի քանիսը վիրավորվել են, թեեւ չնշեց անունները՝ պատճառաբանելով, որ չի հիշում, քանի որ դեպքից 1,5 տարի է անցել։

Ըստ վկայի ՝ ցուցարարների մեջ ինքը չի տեսել Անդրիաս Ղուկասյանին, այլ Հիմնադիր խորհրդարանի աջակից Հովհաննես Ղազարյանին, ում հետ հետագայում քննիչի մոտ առերեսվել է։ Նշենք, որ Հովհաննես Ղազարյանը մեղադրվում էր 2016թ․ հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած բախումներին մասնակցելու համար, բայց 2017թ․ փետրվարի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ ազատ է արձակվել։

«Հովհաննես Ղազարյանին շատ եմ տեսել որպես ցուցարար, տեսել եմ Ազատության պողոտայում։ Տեսել եմ վրաններում նստացույց անելու ժամանակ, դեպքի օրն էլ ճանաչել եմ»,- ասաց Գաբրիելյանը։

Հենրիկ Գաբրիելյանը նշեց, որ ոստիկանների պահանջները չկատարող քաղաքացիներին բերման են ենթարկել, սակայն չհիշեց որեւէ մեկի անունը, չհիշեց նաեւ բերման գործողությունների ժամանակ մասնակցած ծառայակից ընկերներին։

Անդիրաս Ղուկասյանը հարց հնչեցրեց. «Ինչով՞ կբացատրեք, որ ձեր նախաքննական ցուցմունքը վերնագրված է ՝ «Հայկազ Սարգսյանի ցուցմունքի շարունակություն», իսկ տակը դրված է ձեր ստորագրությունը, ցուցմունքը 90 տոկոսով համընկնում է Հայկազ Սարգսյանի ցուցմունքին, դուք կարդացե՞լ եք ձեր ցուցմունքը»։

Վկան պատասխանեց, որ Հայկազ Սարգսյանին չի ճանաչում, իսկ իր ցուցմունքն անձամբ կարդացել է, հետո դիմելով Ղուկասյանին՝ ասաց. «Հնարավոր է Հայկազ Սարգսյանը ոստիկանության նախկին աշխատակիցը լինի»։

Անդրիաս Ղուկասյանը հետաքրքրվեց նաեւ՝ ինչպես է ցուցարարների մեջ վկան նկատել Հովհաննես Ղազարյանին եւ ինչու նրան եւս բերման չի ենթարկել։ Վկան նշեց, որ մոտ 10-15 մ հեռավորության վրա է տեսել նրան, սակայն ցույցի մասնակիցները վազել են եւ թաքնվել նեղ փողոցներում, այդ թվում եւ Ղազարյանը։

«Չէի ընկնի ինչ-որ մեկի հետեւից, մոտենում էինք, առաջինն, ում տեսնում էինք քարերով հարվածելիս, բերման էինք ենթարկում»,- նշեց վկան։

«Տերն ու ծառայի նման ում պատահի, բերման եք ենթարկել»,- ի պատասխան վկայի ցուցմունքի՝ ասաց Անդրիաս Ղուկասյանը։

Վկան նաեւ չկարողացավ կոնկրետ պատասխան նշել, թե իր մասնակցությունը Սարի թաղի գործողություններին ով կարող է հաստատել, Անդրիաս Ղուկասյանը նորից կարծիք արտահայտեց՝ դուք բացի Հովհաննես Ղազարյանից ոչինչ չեք հիշում։

Փաստաբան Կարեն Մեժլումյանը հարց ուղղեց՝ արդյոք վկան որեւէ քաղաքացու`  Սարի թաղի բնակչի կամ ցուցարարի, ծեծե՞լ է, եւ փաստեց նաեւ այն հանգամանքը, որ ոստիկանների գործողություններն իրականացնելու ժամանակ ավելի քան 15 լրագրող եւ 100-ից ավելի քաղաքացի են վնասվածքներ ստացել։ Այս հարցին ի պատասխան՝ վկան նշեց. «Ծեծի ենթարկող ոստիկաններ չեն լինում»։

Քանի որ այսօրվա նիստին դատարան ներկայացել էր միայն վկա Հենրիկ Գաբրիելյանը, նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter