
Աշոտ Մանուչարյանին չեմ ճանաչում
Երեկ «Առավոտի» խմբագրություն այցելեց Վրեժ Օսիպյանը , որի լուսանկարը սեպտեմբերի 15-ին տպագրվել էր «Առավոտ» օրաթերթում: Աշոտ Մանուչարյանը ճանաչել է նրան` որպես իր վրա հարձակվողներից մեկը:
Վ. Օսիպյանը ասաց, որ ինքն Մոսկվայում էր: Մեկ օր առաջ իրեն զանգել եւ ասել են թե իր նկարը տպագրել են թերթում: Ինքն անմիջապես ինքնաթիռ է նստել, գիշերը եկել Երեւան ու միանգամից` «Առավոտի» խմբագրություն:
Վ.Օսիպյանն ասաց, որ չի ճանաչում Աշոտ Մանուչարյանին եւ ապրիլի 22-ի դեպքի հետ որեւէ առնչություն չունի: Ներկայացնում ենք այդ զրույցից մի հատված:
Է.Բ. -Ինչու՞ եք եկել խմբագրություն:
Վ.Օ -Եկել եմ ասեմ, որ ընդհանրապես ես կապ չունեմ էդ դեպքի հետ: Չեմ էլ ուզում լսել դրա մասին: Իմ նկարը դուրս ա եկել «Առավոտ» թերթի մեջ, գիշերը ժամը 3-ին, 515 ռեյսով իջել եմ, որ պարզեմ` ինչի՞ եք իմ նկարը տպում, ինչի՞ եք ինձ վարկաբեկում էս քաղաքում:
Է.Բ. -Իսկ դուք ապրիլի 22-ին Երեւանու՞մ էիք:
Վ.Օ.- Հա, Երեւանում եմ եղել:
Է.Բ. - Կա՞ն մարդիկ, ովքեր կասեն, թե այդ ժամին որտեղ եք եղել:
Վ.Օ. - Ժամերը չեն կարա ասեն: Ժամերը, ընդհանրապես, ժամը 1-ից, 12-ից, 11-ից հետո պարապմունքի եմ գնում, գալիս եմ տուն:
Է.Բ.- Աշոտ Մանուչարյանը ասում է, որ հարձակվողներից մեկը դու ես եղել:
Վ.Օ. - Շատ սխալվում ա Աշոտ Մանուչարյանը: Շատ սխալվում ա, ես պատրաստ եմ ամենավերջի օրգաններից, ամենանորմալ օրգաններից մարդ բերեն, որ քննեն ինձ, որ տեսնեն, որ ես չեմ: Ես կապ չունեմ ընդհանրապես իր գործերի հետ, ընդհանրապես քաղաքական գործերի հետ:
Է.Բ. - Իսկ ապրիլի 5, դուք այնտեղ էիք: Փաստորեն, ձեզ ճանաչել է, գիտեք, թե ինչ նկար է դա, արվել է լրագրողների վրա բռնություններ գործադրելու օրը` ապրիլի 12-ին:
Վ.Օ. - Ցույցի՞ նկարն եք ասում, պատահական նկար է սա, կայնել եմ, տղերքին բարեւել եմ, տեսել եմ անախորժություններ եւ այլն, թողել-հեռացել եմ: 10 րոպե եմ ընդամենը այդտեղ կանգնել:
Է.Բ. - Մենք քո ասածները միայն տպում ենք: Մենք որեւէ ատյան չենք, մենք չենք ասում` մեղավոր ես: Դա դատարանի գործն է, երեւի ձեզ կկանչեն քննիչները:
Վ.Օ. - Պրոբլեմ չկա, ես պատրաստ եմ, ես պատրաստ եմ, որ իմ անունը չվարկաբեկվի: Ես հատուկ եկել եմ, որ էս հարցը պարզեմ: Ես ապրում եմ Երեւանում, երբ ուզում են կարող են կանչել:
Մեկնաբանել