HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Ոստիկանության ՊՈԱԿ-ը կլուծարվի, 90 քաղաքացիական անձ գործազուրկ կդառնա

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կառավարությանն առաջարկել է լուծարել «Լուսանշան» ՊՈԱԿ-ը, որի գործունեությունը ոստիկանապետը նպատակահարմար չի համարում:

Ոստիկանությունը համապատասխան նախագիծ է ներկայացրել գործադիրին, որտեղ նշվում է, որ Երեւան քաղաքի ճանապարհային գծանշումները, երթեւեկության նշանների եւ լուսացույցների տեղադրման, պահպանման, սպասարկման եւ շահագործման աշխատանքներն այս տարվանից կիրականացվի մրցույթով ընտրված կազմակերպության միջոցով: Նշված աշխատանքները 2009 թվականից  առ  այսօր  իրականացնում է այդ նպատակով ստեղծված «Լուսանշան» ՊՈԱԿ-ը՝ ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային միջոցներից, առանց մրցույթի հատկացվող  դրամաշնորհով:

«Լուսանշան» ՊՈԱԿ-ի 2016 թվականի տարեկան եւ 2017 թվականի 9 ամսվա փաստացի մուտքերը կազմել են՝ 730,5 միլիոն եւ 566,4 միլիոն դրամ, որոնց ավելի քան 99 տոկոսը՝ հատկացվել է ճանապարհային ոստիկանության արտաբյուջեից:

Քանի որ այս տարվանից բոլոր ծառայությունները պետք է իրականացվեն մրցույթով, ոստիկանությունում գտնում են, որ անգամ հավասար պայմաններում մրցույթում չհաղթելու դեպքում՝ «Լուսանշան»-ը անմիջապես հայտնվելու է սնանկ վիճակում՝ բոլոր բացասական հետեւանքներով հանդերձ:

ՊՈԱԿ-ի հաստիքացուցակում կա 90 հաստիք, միջին ամսական աշխատավարձը կազմում է մոտ 135 հազար դրամ:

ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Հակոբ Ստեփանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ աշխատողների հետագա աշխատանքային ճակատագիրը հայտնի չէ:  «Լուսանշան»-ում քաղաքացիական անձիք են աշխատում, նրանք տարբեր մասնագիտություններ ունեն՝ հաշվապահից մինչեւ իրավաբան, բանվոր ու էլեկտրիկ: Ստեփանյանը չպատասխանեց հարցին, թե որքանո՞վ է նպատակահարմար համարում ՊՈԱԿ-ի լուծարումը հատկապես սոցիալական տեսանկյունից: «Եթե կառավարության որոշում պետք է լինի, ես ոչինչ ասել չեմ կարող: Էնպես չէ, որ ՊՈԱԿ-ների լուծարումը նոր բան է»,-ասաց նա:

Հարցին՝ ծանո՞թ է ՊՈԱԿ-ի բանվորների կամ էլեկտրիկների ընտանեկան, սոցիալական պայմաններին, եւ «Լուսանշան»-ի լուծարումն ինչպե՞ս կարող է անդրադառնալ նրանց կյանքի որակի վրա, Հակոբ Ստեփանյանը պատասխանեց. «Դե բոլորն էլ սպասում էին, որ մի օր նման բան պետք է լինի: Էնպես չի, որ զարմացան: Բայց ես չեմ խորացել, թե ով ինչպես է ապրում: Ես էլ այս ՊՈԱԿ-ում նոր աշխատող եմ: Ոչինչ ասել չեմ կարող»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter