Լրագրողի արարքում հանցակազմ չկար
Սեպտեմբերի 15-ին ՀՀ ոստիկանության քննչական բաժանմունքի ավագ քննիչ Ա. Այվազյանը էդիկ Բաղդասարյանին հանձնեց իր կայացրած որոշումը, որով մերժել է Արտաշես Բիշարյանի` լրագրողի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին դիմումը: Քննիչը գտել է, որ Է. Բաղդասարյանի հրապարակումներում քրեօրեն պատժելի արարք չկա:
Առողջապահության նախարարության դեղորայքային եւ տեխնոլոգիական ապահովման վարչության արդեն նախկին պետ Արտաշես Բիշարյանն իր դիմումով խնդրել էր պատասխանատվության ենթարկել Է. Բաղդասարյանին Քրեական օրենսգրքի 135 հոդվածով` իր պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար:
Հիշեցնենք, որ Է. Բաղդասարյանը լրագրողական հետաքննություն էր կատարել մարդասիրական ճանապարհով Հայաստան ներկրված մոտ 2 մլրդ դրամի դեղորայքը ժամկետանց դարձնելու պատճառների վերաբերյալ եւ պարզել, որ դա միտումնավոր է արվել: Քննիչը Է. Բաղդասարյանին նաեւ հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ա. Բիշարյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 182 հոդվածով (պաշտոնական դիրքի չարաշահում):
Մեկնաբանել