HY RU EN

«Մուլտի գրուպ»-ը մղարթցիներին է ներկայացրել ոսկու հանքի արտադրության ծավալների մեծացման նախագիծը

Այսօր խոշորացված Օձուն համայնքի Մղարթի բնակավայրում կրկին հանքարդյունաբերական թեմայով քննարկում էր:

Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր երկրաբան Նելսոն Պողոսյանը մղարթցիների նախնական քննարկմանը ներկայացրեց ընկերության շահագործած Մղարթի ոսկու հանքի արտադրության ծավալների մեծացման նախագիծը և շրջակա միջավայրի վրա դրա հնարավոր ազդեցությունները:

Օձունի խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանն իր դրական վերաբերմունքը հայտնեց «Մուլտի Գրուպ»-ի նկատմամբ: «Ընկերությունը ոսկու արտադրության ժամանակ բնապահպանական իր պարտավորությունների մեջ տեղավորվում է: Ես կուզենայի հիմա լսենք ընկերության նոր առաջարկությունները և մեր կարծիքները հայտնենք»,- ասաց նա:

Արսեն Տիտանյանը

Նելսոն Պողոսյանը Մղարթի հանքում աշխատում է 2004թ.-ից: Նրա խոսքով՝ «Մուլտի Գրուպն» ունի համապատասխան լիցենզիա և նախագծային փաստաթղթեր՝ Մղարթի հանքավայրում մինչև 2030թ.-ը ոսկու արտադրությունը շարունակելու համար: Ն. Պողոսյանի պատմելով՝ աշխատանքների ընթացքում ընկերության կողմից միաժամանակ ներդրումներ են արվել հանքավայրի լրացուցիչ հետախուզման և պաշարների գնահատման նպատակով: Օրենքը պահանջում է հանքավայրի վերագնահատումից հետո նոր նախագծային աշխատանքներ կատարել:

Նելսոն Պողոսյանը

«Մուլտի գրուպը» Մղարթի հանքավայրի արտադրության ծավալների ընդլայնման համար նախնական հայտ է ներկայացրել բնապահպանության նախարարություն: «Հայտի հետ բնապահպանության նախարարությանը տեխնիկական առաջադրանքներ ներկայացնելու համար այսօր ուզում ենք լսել և քննարկել ձեր առաջարկությունները»,- բացատրեց բանախոսը և նշեց, որ Մղարթում ներկայումս շահագործվում է ընկերության 1/8 բաց հանքը:

Շահագործման ընթացքում, հանքի հյուսիս-արևելյան մասում, բարձր պատ են թողել: Հիմա այնտեղ՝ պատի մոտ, նոր հանքային մարմիններ են հայտնաբերվել: Նոր նախագծի նպատակն է այդ պատը լեռնատեխնիկական նորմատիվներին հասցնելը: Լրացուցիչ հետախուզական երկրաբանական աշխատանքների շնորհիվ հայտնաբերվել են 7-րդ, 6-րդ հանքային մարմինները՝ իրենց երակային ճյուղերով:

Մղարթի հանքավայրը շահագործվելու է երկու բացահանքով, 1-ինը գործող բացահանքն է, 2-րդը՝ Ղրղռուտ պատի տեղամասն է: Հանքային 8-րդ և մյուս երակները ձգվում են դեպի հյուսիս-արևմուտք: Նախկին նախագծով նախատեսված էր բաց հանքը խորացնել մինչև 1415 մ հորիզոնը: «Մենք դա չենք անում, քանի որ կա միջհամայնքային ճանապարհ, էլեկտրահաղորդման գիծ և այս տեղամասում գյուղատնտեսական նշանակության հողեր: Որպեսզի մենք ոչ մեկին՝ ոչ գյուղատնտեսությանը, ոչ մարդկանց տնտեսական և անձնական շահերին չկպչենք, առաջին բաց հանքը լինելու է 1460 մետր՝ մինչև 1420 հորիզոնը, 15 մետր պատալոկ մնում է որպես տակի շտոնլիեր, որի ջուրը դուք օգտագործում եք ոռոգման և անասունների համար»,- ասաց գլխավոր երկրաբանը:

Վերջինիս ասելով՝ 1-ին բաց հանքում աշխատանքները տևելու են 9 տարի՝ տարեկան հանքաքարի 100,000 տ արտադրողականությամբ: Լինելու են մոտավորապես 2 150 հազար խմ մակաբացման դատարկ ապառներ: Դատարկ ապառները տեղավորելու են: Նախագծով ստեղծելու է արհեստական բլուր: Առաջին բացահանքն ավարտելուց հետո նախատեսվում է 2-րդ բացահանքի դատարկ ապառները լցնել այնտեղ, այնքան ժամանակ, մինչև կբերվի հանքի ռելիեֆի նախկին տեսքին:

Ն. Պողոսյանի խոսքով՝ նախատեսում է ավարտված հանքի վրա ոչ թե հող լցնել, այլ ծառեր տնկել: Նախագծով 1–ին բացահանքից կհանվի մոտ 900 հազար տոննա հանքաքար, 2-րդ  բացահանքից՝ մեկ միլիոն տոննա հանքաքար: Ընդհանուր աշխատանքների տևողությունը տևելու է 20 տարի:  

Բացահանքն աշխատելու է երկու հերթափոխով: Ոսկու արտադրության գործարանն աշխատելու է չընդհատվող ռեժիմով: «1-ին բացահանքի տարածքը կլինի մոտ 5,6 հա, 2-րդը՝ մոտ 6 հա: Այսինքն, 12 հա լինելու է այդ տարածքը»,- հայտնեց Ն. Պողոսյանը:

Ընկերությունը բաց հանքերին հարակից ունի նաև 25 հա արդյունաբերական նշանակության հողեր: Այստեղ տեղադրվելու են տնակներ աշխատողների ապրելու համար և կառուցվելու է դեպի բաց հանքեր գնացող ճանապարհ: Նախատեսվում է պահպանել բնապահպանական բոլոր չափանիշները: Մղարթի ոսկու հանքավայրի տարեկան արտադրողականությունը յուրաքանչյուր բաց հանքի համար լինելու է 100 հազար տոննա: Օրական արտադրությունը կկազմի մոտ 300 տոննա հանքաքար և մոտ 500 խմ մակաբացման ապառներ:

Գլխավոր երկրաբանը մղարթցիներին խոստացավ, որ Մղարթում երկու բաց հանքերի շահագործման դեպքում հանքերում աշխատելու է մոտ 40-50 աշխատող, 60-70 հոգի էլ կաշխատի ոսկու արտադրության գործարանում՝ չհաշված վարչական աշխատողները: «Հիմա ես ուզում եմ լսել ձեր հարցերն ու առաջարկությունները, որ մենք մեր նախագծային նախնական հայտում ներկայացնենք համապատասխան մարմիններին»,- ներկաներին ասաց Ն. Պողոսյանը:

«Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, եկանք յեդ էս հանքագործերին: Սովետական ժամանակաշրջանում, 1954թ.-ին էս մեր ամբողջ տերիտորիան, մինչև հմի էլ ռազվեդկեն գնում ա, բայց նրանք որոշել էին, որ հանքային սիստեմով գնան, ոչ թե քանդելով: Հըմի սօրվա վիճակով էդ տերիտորիան քանդվել ա, մեր գեղի անասունը չի կարում գնա արոտի: Հըմի սօրվա վիճակով էտեղից դենը էտ էլ են ուզում քանդել: Ուրեմն ամենքդ երկու ղրալթու եք պահում, էդ էլ չտեք կարալ պահեք: Մնալ տեք մատներուդ բերաններումդ: Ուրեմն լավ մտածեցեք՝ տալիս ե՞ք, թե տալիս չեք համաձայնություն: Ես ոչ կով եմ պահում, ոչ ոչխար եմ պահում, ոչ մի բան: Բայց էսօր ժողովրդի հմար եմ մտածում: Հանքի հետ դուք խաղ չանեք: Հանքը ժողովրդի հմար շատ վտանգավոր ա, վերին աստիճանի: Բոլորդ էլ կհիշեք էն մեր քարհանքը, ուրեմն ծակեցին ջուր դուրս եկավ՝ փրփուր էր: Ուրեմն ոչ ապրանքն էնդիան ջուր խմեր, ոչ մարդը կարեր էնդիան ջուր խմի: Ուրեմն լավ իմացեք, սա ինչ հանք ա և ժողովրդին ինչ տի անի: Լավ մտածեցեք»,- հավաքվածներին դիմեց 80-ամյա մղարթցի Գառնիկ Խաչատրյանը: Վերջինս իր կոչից հետո հարցրեց Նելսոն Պողոսյանին. «էդ տերիտորիան, որ վեր եք կալել, աշխատել եք, հիմա որտեղի՞ց եք ուզում նորից քանդիլն սկսած լինեք»:

«Աշխատելու ենք նախկին` հիմա գոյություն ունեցող բաց հանքի մեջ ու Ղրղռուկ պատումը: Էնտեղ նոր պաշարներ ենք հայտնաբերել»,- պատասխանեց Ն. Պողոսյանը:

Գառնիկ Խաչատրյանը

«Թող հանքը աշխատի, մեր գեղին էլ ջուր տան»,- Գառնիկ Խաչատրյանին ընդհատեց խոպան գնացող  մղարթցիներից մեկը:

«Դե, տղերք ջան, որ տհե ա, էդ ֆողն էլ տվեք, թողեք քանդեն, Ռսանց Գառնիկի հեչ վեջեն չի: Հանքի հետ խաղ անիլ չի կարելի»,- նեղացավ Գառնիկ Խաչատրյանը:

Ն. Պողոսյանը քննարկմանը գյուղի ջրի հարցը բարձրացնողներին բացատրեց, որ Ագարակի ջուրը կարող են հասցնել գյուղի մոտ, բայց ներքին ցանցը չեն խոստանում կառուցել: «Եթե կարելի է, էդ քարտեզի վրա ցույց տվեք Արդվին որտեղ է, էդ ձեր հանքը որտեղ է: Հետագայում Շեկաղբյուրը ձեր պլանների մեջ կա՞»,- Ն. Պողոսյանին հարցրեց արդվեցի Սուրեն Կիրակոսյանը:

«Շեկաղբյուրը մեր հանքից գտնվում է մոտ 6-7 կմ հեռու: Մղարթը մոտավորապես 1,5 կմ ներքև է: Մեր նոր հանքավայրը հյուսիս-արևմտյան ուղղությամբ է գնալու: Ինչ վերաբերում է Շեկաղբյուրին, ասեմ. ես հանքը պատկերացնում եմ, որ ունենա իր պարամետրերը: Ես 20 սմ պարամետրանոց երակի վրա հանք չեմ բացի: Շեկաղբյուրի էս մի կողմը Արդվի գյուղն է, էն մի կողմը Բողազի ձորը: Ատվալ լցնելու տեղ չկա: Բացելն անիմաստ է: Շեկաղբյուրը ձեր գյուղի համար անհեռանկարային բան է: Էն գոմերի մոտով, որ գնում ես, էնտեղ մի 5-6 սմ պարամետրերով երակներ կան և վերջ: Մեր աշխատանքը ձեր գյուղի հետ կապ չունի, եթե ունեք մասնագետներ, կարող ենք աշխատանքի ընդունենք, թող գան աշխատեն»,- պատասխանեց Նելսոն Պողոսյանը: