HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հասարակական կազմակերպությունը հաղթեց քաղաքապետարանին

Վանաձորի քաղաքապետարանի եւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի միջեւ ամիսներ շարունակվող դատական վեճն ավարտվեց հօգուտ գրասենյակի: Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը մերժեց Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը պարզաբանելու մասին Վանաձորի քաղաքապետի դիմումը: Վերաքննիչ դատարանի կայացրած վճիռը Վանաձորի քաղաքապետարանը չբողոքարկեց Վճռաբեկ ատյան` այդպիսով պարտավորվելով կատարել Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը: 

 Հասարակական կազմակերպության եւ Վանաձորի քաղաքապետարանի միջեւ վեճը ծագել էր դեռեւս անցյալ տարվանից, երբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր քաղաքապետ Սամվել Դարբինյանին՝ խնդրելով հատկացնել 2002-2003թթ. համայնքի ղեկավարի եւ ավագանու ընդունած որոշումների պատճենները: Վանաձորի քաղաքապետը սկզբում մերժել, ապա կազմակերպությունից պահանջել էր յուրաքանչյուր որոշման համար վճարել 1000 դրամ տեղական տուրք: Ընդհանուր առմամբ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2614 որոշման դիմաց պետք է վճարեր երկու միլիոն վեց հարյուր հազար դրամ: 

 Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը, քննելով գործը, վճռել էր պարտավորեցնել քաղաքապետարանին կազմակերպությանը տրամադրել պահանջվող որոշումների պատճեններն ընդամենը 1000 դրամով: Վանաձորի քաղաքապետը, չհամաձայնելով վճռի այդ մասի հետ, վճիռը պարզաբանելու համար դիմել էր առաջին ատյանի դատարան: 

 «Դատարանն իրավունք ունի պարզաբանել վճիռը՝ չփոխելով վճռի բովանդակությունը եւ էությունը: Քննարկվող վճռի եզրափակիչ մասը «վճռեց» բառից հետո ձեւակերպված է հստակ, առանց վրիպակների եւ թվաբանական սխալների, ուստի վճիռը պարզաբանման կարիք չունի: Այն ենթակա է միմիայն կատարման»,-դատավորին ուղղված նամակում նշել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: 

 Սակայն առաջին ատյանի դատարանը որոշեց «պարզաբանել» սեփական վճիռը եւ յուրաքանչյուր որոշման համար հասարակական կազմակերպությանը պարտավորեցրեց վճարել 1000 դրամ:

 «Քաղաքապետի եւ ավագանու յուրաքանչյուր որոշում ինքնուրույն, առանձին փաստաթուղթ է եւ տեղեկատվության առանձին աղբյուր, հետեւաբար յուրաքանչյուրի համար պետք է վճարվի սահմանված չափով տուրք»,-ասված էր վճիռը պարզաբանելու մասին որոշման մեջ: 

 ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, չհամաձայնելով Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման հետ ու այն համարելով, ըստ էության, նոր վճիռ, վերաքննիչ բողոք ներկայացրեց: 

 2004թ. օգոստոսի 24-ին Վերաքննիչ դատարանը, ըստ էության քննելով գործը, որոշեց մերժել Վանաձորի քաղաքապետի դիմումը Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2004թ. ապրիլի 30-ի վճռի պարզաբանման վերաբերյալ եւ բավարարել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վերաքննիչ բողոքը: «Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2004թ. ապրիլի 30-ի վճռի եզրափակիչ մասը շարադրված է հստակ, վրիպակ, գրասխալ, թվաբանական սխալ թույլ չի տրված»,-ասված է Վերաքննիչ դատարանի վճռի մեջ: 

 Այսպիսով, Վանաձորի քաղաքապետարանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակին ընդամենը 1000 դրամով տրամադրելու է 2002-2003թթ. համայնքի ղեկավարի եւ ավագանու ընդունած որոշումների պատճենները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter