Ալավերդու սպանության գործի շրջանակներում պարզվել է, որ պաշտոնատար անձը կաշառք է վերցրել
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ Ալավերդիում 2017 թվականի հունիսին Կամո Փիրուզյանի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է կոմիտեն:
Քննության արդյունքում տվյալներ են ստացվել առ այն, որ հիշյալ սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանի և սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր Դավթյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար պետական հատուկ ծառայություն իրականացնող քննչական կոմիտեի պաշտոնատար անձանցից մեկն իր լիազորությունների շրջանակներում ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, իսկ մի շարք այլ պաշտոնատար անձինք, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչի որոշմամբ Կամո Փիրուզյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործից հիշյալ պաշտոնատար անձանց վերաբերյալ մասը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, անջատվել է առանձին վարույթ և ուղարկվել գլխավոր դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության՝ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու միջնորդությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել