HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Հայաստանը ծրագրային ապահովման (սոֆթվերի) միջազգային շուկայում-3

Շատերը կարծում են, թե ԾԱ-ի արտահանումը ի ցույց է դնում գլոբալացման առավելությունները՝ միեւնույն ժամանակ զերծ լինելով նրա բազմաթիվ բացասական կողմերից։ Իսկապես, ԾԱ-ի գլոբալ շուկան հնարավորություն է տալիս զարգացող երկրներին սեփական մշակումներ կատարել բարձր տեխնոլոգիաների ասպարեզում եւ անգամ մրցել զարգացած երկրների հետ, ստանալ արտաքին ֆինանսական ծավալուն ներդրումներ եւ, փաստորեն, աշխատատեղեր ստեղծել հենց այդ երկրների հաշվին։

Այդուհանդերձ, սա միայն մեդալի մի կողմն է։ Հեշտ է հասկանալ, որ Առաջին աշխարհի պահանջարկը բավարարելու համար զարգացող երկրները մրցում են միմյանց հետ, եւ այս մրցակցության մեջ միշտ ավելի էժան աշխատուժ գտնելու հնարավորությունն է թույլ տալիս շահագործել հենց զարգացող երկրների մասնագետներին (դարձյալ գլոբալացման շնորհիվ)։ Բայց սրանով չեն սպառվում ԾԱ-ի արդյունաբերության հետ կապված երկդիմությունները։ Հոդվածաշարի երրորդ՝ վերջին հոդվածի նպատակն է ներկայացնել այն հարցը, թե որքանով եւ ինչպես կարող է այս արդյունաբերությունը ծառայել տվյալ երկրի ընդհանուր բարեկեցության աճին, ապա, ի մի բերելով նախորդ հոդվածների դիտարկումները, այս տեսանկյունից գնահատել Հայաստանի հնարավորությունները։ 

Այսպիսով, կարելի է փաստել, որ ԾԱ-ի արդյունաբերությունը ինքնանպատակ չէ։ Ինչպես Է. Քարմելն է ասում. «Եթե ԾԱ-ի արդյունաբերությունը ընդարձակ ազդեցություն չունի ազգային բարեկեցության վրա, ապա այն արժանի չէ այն խանդավառությանը, որ ծնել է»։ Ընդհանուր առմամբ, աղքատ երկրները բարձր տեխնոլոգիական զարգացումը տեսնում են մասնավորապես որպես զարգացած երկրներին հասնելու պատեհություն եւ տնտեսության տարբեր սեկտորների անհավասար զարգացման (երբ կողք-կողքի գործում են վաղուց իր դարն ապրած եւ գերժամանակակից արդյունաբերություներ) հնարավոր դարման։ ԾԱ-ի արտահանման արդյունաբերության օգնությամբ ազգային բարեկեցության հասնելու աղքատ երկրների ցանկությունները, ինչպես արդեն ասվել է, ամրապնդվում է որոշ երկրների վերջին տարիների հաջողություններով։ Այս սպասելիքները մասամբ արդարացված են նաեւ այն տրամաբանությամբ, որ տնտեսության բազմաթիվ այլ ճյուղերի համեմատությամբ ԾԱ-ի արդյունաբերությունը ընդհանուր տնտեսական առաջընթացի եւ բարեկեցության համար շատ ավելի կարեւոր դեր կարող է խաղալ այլ ոլորտների վրա իր բազմաթիվ հնարավոր ազդեցությունների շնորհիվ։ 

 Հասկանալի է, այդուհանդերձ, որ հաջողությունը բնավ երաշխավորված չէ, եւ այս մասին հիշեցնում են շատ փորձագետներ։ Հնդկաստանի վարակիչ հաջողությունը կրկնելը եթե բացառված էլ չէ, ապա շատ դժվար է, մանավանդ, երբ հետզհետե ավելանում են ԾԱ-ի շուկա մտնելու խոչընդոտները, եւ մեծանում է մրցակցությունը։ Մյուս կողմից, հաջողությունը այդքան արագորեն ձեռք չի բերվում, ինչպես պատմում են տարածում գտած առասպելները։ Այսինքն, արդյունաբերության այս ճյուղի վրա ներքին պաշարների եւ արտաքին ներդրումների կենտրոնացումը կապված է նշանակալի ռիսկի հետ, քանի որ չեն բացառվում անհաջողության մատնվելու կամ ակնկալվող արդյունքներին չհասնելու տարբերակները։

Բարեկեցության տանող ուղիները 

 ԾԱ-ի արտահանման արդյունաբերության հնարավոր նպաստները Է. Քարմելը դասակարգում է ըստ մի քանի ուղղությունների։ Առավել ակներեւ հետեւանքը նոր աշխատատեղերի ստեղծումն է տվյալ արդյունաբերության մեջ՝ հետզհետե աշխատավարձերի բարձրացման հետագա հնարավորությամբ, ինչպես նաեւ՝ այս ասպարեզի հաջողակ գործարարների հարստացման շնորհիվ, բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծահարուստների խավի առաջացումը։ Հաջորդ ազդեցությունը ի հայտ է գալիս կազմակերպական նոր ձեւերի յուրացման շնորհիվ. ԾԱ-ի արդյունաբերության կողմից միջազգային բիզնեսի նորմերի, աշխատանքի ձեւերին եւ արտադրանքին վերաբերող միջազգային ստանդարտների որդեգրումը, որը կարելի է կարճ բնորոշել որպես աշխատանքի նոր մշակույթի յուրացում։ Էլ ավելի կարեւոր է, որ այս ճանապարհով յուրացված մշակույթը կարող է աստիճանաբար տեղափոխվել նաեւ արդյունաբերության այլ ճյուղեր։ Որոշ փորձագետներ կարծում են, օրինակ, որ Հնդկաստանի ԾԱ-ի արտահանման արդյունաբերության ամենակարեւոր ազդեցությունը անուղղակի ներգործությունն էր (որպես օրինակ բիզնեսի նոր կազմակերպական կառուցվածքների եւ ձեւերի) այլ արդյունաբերությունների վրա, որոնք սկսեցին յուրացնել աշխատանքի կազմակերպման այս նոր եղանակները։ 

 Ավելի ընդարձակ բնույթի ազդեցությունները վերաբերում են ենթակառուցվածքների եւ այլ արդյունաբերությունների զարգացմանը խթանելուն։ Ասենք, ԾԱ-ի պահանջարկի աճը կարող է խթանել ներդրումների աճին հաղորդակցությունների ենթակառուցվացքում եւ զանազան հարակից արդյունաբերություններում (օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված տարբեր ծառայություններ)։ Իր հերթին, համապատասխան մասնագետների պահանջարկը կարող է խթանել կրթության ոլորտում կատարվող ներդրումներին։ Դա կարող է լինել միջնակարգ եւ բարձրագույն կրթության համակարգերում, ինչպես նաեւ՝ վերաբերել մասնագիտական թրեյնինգի տարբեր ձեւերին։ 

 Հասկանալի է տնտեսական ազդեցությունը. առեւտրի բալանսի բարելավումը եւ ներքին համախառն արտադրանքի աճը։ Քաղաքական ազդեցություններից է միջին դասի ընդարձակումը, հավանական օժանդակությունը ժողովրդավարության եւ շուկայի զարգացմանը նպաստող քաղաքականություններին։ Բայց մի սեկտորի արագ աճի հավանական արդյունքերից է տարբեր սեկտորների շահույթների միջեւ անհավասարակշռության առաջացումը (հակառակ ԾԱ-ի արդյունաբերության հետ կապված՝ տնտեսական զարգացման անհավասարությունները դարմանելու ակնկալիքին), որ կարող է ունենալ քաղաքական բացասական հետեւանքներ։

Եզրակացություներ 

 Այս ճանապարհով երկրի ընդհանուր կենսամակարդակի բարելավումը, այդուհանդերձ, ինչպես ցույց է տալիս նաեւ Հնդկաստանի օրինակը, թե՛ սահմանափակ է (ավելի տեղին է խոսել բարձր կենսամակարդակով կղզյակների առաջացման մասին), թե՛ երկարատեւ ընթացք է ենթադրում։ Պատահական չէ, որ որոշ երկրներ (օրինակ՝ Էստոնիան) ընտրում են ավելի հավասարակշռված մոտեցում՝ չկենտրոնանալով ԾԱ-ի արդյունաբերության վրա, այլ հետապնդելով ընդհանուր հասարակական փոխակերպման, ի վերջո, տեղեկատվական հասարակության կառուցման նպատակ։ 

 Փաստորեն, չափազանցություն չի լինի ասել, որ ԾԱ-ի արտահանման արդյունաբերության միջոցով երկրի զարգացման այս մոդելը տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառությամբ կայուն զարգացման հասնելու մի մասնավոր տարբերակ է. մի կողմից՝ գայթակղիչ իր թվացյալ մատչելիությամբ, իսկ մյուս կողմից՝ ակնհայտորեն ռիսկի հետ կապված։ Շատ բան կախված է համապատասխան ռազմավարության գոյությունից եւ այն իրականացնելու իշխանությունների ունակությունից եւ հետեւողականությունից։ Հակառակ դեպքում, ինչպես առիթ ունեցել եմ ընդգծելու նախորդ հոդվածներից մեկում, շատ հեշտ է պատկերացնել հակամարտությունը հասարակության եւ ԾԱ-ի արդյունաբերություն շահերի միջեւ, մասնավորապես՝ ԾԱ-ի արտահանման արդյունաբերության զարգացման եւ տեղեկատվական հասարակության կառուցման նպատակների միջեւ։ Սա այն դեպքն է, երբ որոշակի ոլորտներում նվաճված հաջողությունները (եւ որոշակի շրջանակների շահերը) ձեռք են բերվում ընդհանուր հասարակական առաջընթացի հաշվին։ 

 Ինչ վերաբերում է ԾԱ-ի արտահանման հայկական արդյունաբերությանը, ապա այն դեռեւս զարգացման սկզբնական փուլում է գտնվում եւ, փաստորեն, շատ թե քիչ շոշափելի ազդեցությունների մասին խոսելու համար հիմքեր առայժմ չի տալիս։ Ասենք, չկան տեղեկություններ կազմակերպական ժամանակակից ձեւերի կամ բիզնեսի նորմերի՝ ընկերությունների կողմից հիմնավոր յուրացման եւ ըստ այդմ էլ՝ այլ ոլորտների կազմակերպություների կողմից դրանց ընդօրինակման մասին։ Առայժմ չկան վկայություններ նաեւ ինտերնետի զարգացման վրա թողած դրական ազդեցության մասին։ Իրականում, առիթ ունեցել ենք մատնանշելու բացասական հետեւանքնեը (տե՛ս՝ «Ինտերնետը Հայաստանում» վերնագրով հոդվածը այս նույն կայքում)։ Ուրեմն, ներկա իրադրությունը թույլ է տալիս խոսել ամենանախնական եւ նեղ շրջանակ ունեցող ազդեցությունների մասին միայն. նոր աշխատատեղեր, արտահանման ծավալի եւ արտադրողականության շարունակական աճ, կրթության տիրույթի հետ համագործակցության որոշ փորձեր եւ այլն։ 

 Ամփոփելով՝ կրկնենք, որ հոդվածի առաջին մասում ներկայացված դասակարգման մեջ Հայաստանն առայժմ գտնվում է վերջին շարքում, բայց մոտեցել է երրորդ շարքի շեմին։ Հակառակ ԾԱ-ի արտահանման արդյունաբերության հաջող զարգացման ընթացքին՝ գուշակությունները կամ ակնկալիքները, որ հնչում են առաջիկա տարիներին Հայաստանի կտրուկ առաջընթացի մասին (այս դասակարգման լեզվով դա կնշանակեր մուտք երկրորդ շարք), պետք է համարել ակնհայտ չափազանցություն, որի համար շատ քիչ իրական հիմքեր կան, ինչպես տեսանք հաջողության գործոնները դիտարկելիս։ Այս առումով ամենալուրջ խոչընդոտը պետք է համարել կառավարության պատշաճ ռազմավարության եւ համապատասխան քաղաքականությունների բացակայությունը։ Առավել եւս չպետք է սպասել այս արդյունաբերության զարգացման հաշվին ընդհանուր տնտեսական եւ ազգային բարեկեցության բարելավում տեսանելի ապագայում։ Միեւնույն ժամանակ, հարկ է զգուշանալ այն վտանգներից, որոնցով հղի է ԾԱ-ի արտահանման արդյունաբերության վրա երկրի կարողությունների կենտրոնացումը. ներքին շուկայի եւ հասարակական պահանջների, արդյունաբերության այլ ճյուղերի արդիականացման հրամայականների անտեսում եւ այլն։ Բնականաբար, չի բացառվում այս թեմայի քաղաքական շահարկման նոր ալիքի հնարավորությունը «տարածաշրջանային առաջատարության» եւ հարակից թեմաներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter