Կարեն Կարապետյանն Ալմաթիում առանձնազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ալմաթիում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում, առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ:
Կառավարության պաշտոնական կայքը հայտնում է, որ վարչապետները հայ-ռուսական տնտեսական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր են քննարկել, անդրադարձել երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալներին, տնտեսական կապերի զարգացմանը, ներդրումային ծրագրերի իրականացման հարցերին:
Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է նաեւ Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաևի հետ:
Կարեն Կարապետյանը նշել է, որ համատեղ աշխատանքի շնորհիվ անցած տարվա առաջին 11 ամիսների ընթացքում, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 51.2 տոկոսով: Երկու երկների վարչապետները համակարծիք են եղել, որ այժմ անհրաժեշտ է շարունակել ջանքեր գործադրել այդ ցուցանիշները բարելավելու և տնտեսական կապերն էլ ավելի խորացնելու ուղղությամբ:
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ երկու երկրներում էլ կան բազմաթիվ հեռանկարային նախագծեր, որոնք կարելի է իրականացնել համատեղ և փոխշահավետ պայմաններով:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության ոլորտներում փոխգործակցության հարցերին:
Կարեն Կարապետյանը նաև գործընկերոջը տեղեկացրել է Մեղրիում բացված Ազատ տնտեսական գոտու հնարավորությունների մասին՝ ընդգծելով, որ այդ, ինչպես նաև այլ արտոնյալ առևտրային ռեժիմների առկայությունը լավ հնարավորություն է ընձեռում Հայաստանի միջոցով այլ խոշոր շուկաներ մուտք գործելու համար:
Ավելի վաղ Կարեն Կարապետյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ:
Երկու պետությունների գործադիր մարմինների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը և փոխգործակցության զարգացման հեռանկարները:
ՀՀ վարչապետը գոհունակությամբ նշել է, որ անցած տարվա առաջին 11 ամիսներին, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև աճել է 20 տոկոսով: Կողմերը համակարծիք են եղել, որ առկա է հարաբերությունների խորացման մեծ ներուժ և պետք է պահպանել ու խթանել դրական միտումները:
Կարեն Կարապետյանը Բելառուսի իր գործընկերոջը ծանոթացրել է անցած տարվա նոյեմբերին հայ-իրանական սահմանին բացված Ազատ տնտեսական գոտու հնարավորություններին՝ նշելով, որ այն կարող է հետաքրքիր լինել բելառուսական բիզնեսի և հատկապես՝ գյուղատնտեսական ոլորտի ընկերությունների համար:
Քննարկվել են տարբեր բնագվառներում, մասնավորապես՝ անասնաբուծության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները: Այս տեսանկյունից կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել