
«Ինչ ասես ունի»,- ասում է կաշառք ստանալու մեջ մեղադրվող քննիչի փաստաբանը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ փաստաբան Գայանե Գալոյանի, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Միքայել Զադայանի և քաղաքացի Բաբկեն Գասպարյանի մասնակցությամբ կաշառքի վերաբերյալ քրեական գործի քննությունը:
Փաստաբան Գայանե Գալոյանին այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով անցնող իր պաշտպանյալ Սոս Գասպարյանի օգտին կաշառք ստանալուն:
Քննիչ Միքայել Զադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր վարույթում քննվող քրեական գործով Էրեբունի և Նուբարշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի հետ նախնական համաձայնությամբ քաղաքացի Բաբկեն Գասպարյանի որդու՝ Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց, Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով Բաբկեն Գասպարյանից ստացել են առանձնապես խոշոր չափի կաշառք:
Նույն գործի շրջանակներում Բաբկեն Գասպարյանն էլ մեղադրվում է կաշառք տալու մեջ:
Այսօրվա դատական նիստին քննիչ Միքայել Զադոյանի փաստաբանները մի քանի միջնորդություն ներկայացրին դատարանին: Դրանցից մեկը վերաբերում էր Զադոյանին պատկանող գույքի մի մասը կալանքից ազատելուն: Ըստ Զադոյանի փաստաբան Հրանտ Անանյանի` գործով ենթադրյալ կաշառքի չափը` հնարավոր օգուտը, 3000 ԱՄՆ դոլար է, սակայն կալանք է դրվել Զադոյանի ամբողջ գույքի վրա:
Անանյանի խոսքով` Միքայել Զադոյանի միայն մեքենաներից մեկն արժե 1մլն 300 հզր. դրամից ավելի, որը գրեթե համարժեք է 3000 ԱՄՆ դոլարին:
Ուստի փաստաբանը միջնորդեց Զադոյանին պատկանող գույքը կալանքից ազատել` կալանքի տակ պահելով միայն մեքենան:
Զադոյանն, ինչպես պարզվեց, մեկ այլ մեքենա, տուն, հողամաս ունի:
«Ինչ ասես ունի»,- Զադայանի` կալանքի տակ գտնվող գույքի մասին խոսելիս ասաց փաստաբան Հրանտ Անանյանը:
Դատարանը, սակայն, այդ պահին միջնորդությունը չլուծեց: Դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց, որ Անանյանի կողմից ներկայացվել է փաստաթուղթ, որում ինչ- որ կազմակերպության կողմից գնահատվել է Զադայանի մեքենան, սակայն որևէ փաստաթուղթ առ այն, որ տվյալ կազմակերպությունը գույք գնահատելու լիզենզիա ունի, դատարան չի ներկայացվել: Բացի այդ` մեքենայի գինը ցանկացած պահի կարող է փոխվել, և եթե հետագայում գույքի բռնագրավման հարց առաջանա, ապա, հնարավոր է, կալանքի տակ գտնվող մեքենայի արժեքը բավարար չլինի:
Նշենք, որ այս գործից քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի մասն անջատվել է, վերջինս նկատմամբ, ի տարբերություն, Զադոյանի, ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց է ընտրվել: Զադոյանի պաշտպաններից Սիմոն Ամիրխանյանը դատարանին միջնորդեց այդ գործով դատակոչված վկաների ցանկում ավելացնել նաև Եղիազայանին, և դատարանը միջնորդությունը բավարարեց:
Միջնորդություն ներկայացվեց նաև Զադոյանի խափանման միջոցը կալանավորումը մեկ միլիոն դրամ գրավով փոխարինելու վերաբերյալ, սակայն միջնորդության քննությունը հետաձգվեց մինչև հաջորդ դատական նիստ:
Գլխավոր լուսանկարում դատավոր Մեսրոպ Մակյանն է:
Մեկնաբանել