HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայրենիքից վտարվածները

«Մենք չընդունեցինք նրանց կեղտոտ սովորույթները, եկեղեցու պատվիրանները: Դրա համար էլ մեզ վռնդեցին այնտեղից»,-մոլոկանների պատմությունն է ներկայացնում ֆիալետովցի 95-ամյա Իվան Նիկոլայիչը: Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի բնակիչները սրբությամբ են պահպանում նախնիների ավանդույթներն ու հետեւում կրոնական իրենց գաղափարախոսությանը: Այդ գաղափարախոսության պատճառով ավելի քան երկու դար առաջ Ռուսաստանի Եկատերինա երկրորդ թագուհին Տամբովի շրջանից վտարեց մի քանի ընտանիքների: 

Աստված ուղղորդեց նրանց դեպի բիբլիական Արարատը: Հայաստանի հյուսիսային շրջանը նրանք հարմար գտան բնակության համար: Հաստատվեցին ու յոթ ընտանիքից բաղկացած համայնք ստեղծեցին: Տներ կառուցեցին, հողը սկսեցին մշակել ու օտար հողում արմատներ գցեցին: Հայրենիքից վտարված ռուսներին մեծ աջակցություն ցուցաբերեց մոտակա ռուսական զորամասում ծառայող Նիկիտին անունով մի հրամանատար: Նրա անունն էլ հավերժացրին՝ բնակավայրն անվանելով Նիկիտին: Խորհրդային տարիներին գյուղն անվանակոչվեց ի պատիվ հեղափոխական Ֆիոլետովի:

Իվան Նիկոլայիչը ծնվել է Ֆիոլետովոյում: Մասնակցել է երկրորդ աշխարհամարտին ու վիրավորվել ձեռքից: Պատերազմել է Կերչում՝ որպես ավագ սերժանտ: Այդ տարիների միակ վկան բազմաթիվ շքանշաններն են ու պատերազմի վետերանի կոչումը: 95-ամյա մոլոկանն ընտանիքը պահել է կաղամբ, կարտոֆիլ ու գազար աճեցնելով: Դրանք վաճառել է դրկից հայերին: Վեց երեխա է ունեցել, որոնց փոխանցել է մոլոկանների կրոնական գլխավոր ուղղության՝ «պոստոյաննիների» ավանդույթները: 

 «Մեր եւ հայկական կրոնի միջեւ որոշ նմանություններ կան,-ասում է Իվան Նիկոլայիչը,-նույն Ավետարանն է, նույն Աստվածը»: 

«Քրիստոնյա մոլոկաններն» ուղղափառ եկեղեցուն չեն դավանում: Մոլոկանության հիմնադիրը Սեմյոն Ուկլեինն է: Նրանց դավանանքի հիմքում ընկած է Աստծո խոսքը, իսկ եկեղեցին, սրբապատկերներն ու խաչը նրանց համար ընդամենը քարից կամ փայտից պատրաստված իրեր են: «Մոլոկան» անվանումը կապում են ավետարանական «հոգեւոր կաթի»՝ իրենց քարոզած Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ուսմունքի, ինչպես նաեւ՝ պասի օրերին կաթ խմելու սովորույթի հետ: Մոլոկանները մերժում են կուսակրոնությունը, սրբերի ու խաչի պաշտամունքը, արտաքին ծիսակատարությունները, ինչն էլ հարուցել է Նիկոլայ ցարի զայրույթը: 

Հայաստան եկած առաջին մոլոկանները պատկանում էին «պոստոյաննի» (մշտական) ուղղության: Նրանց տոները նման են եկեղեցական տոներին: Համաձայն Ավետարանի՝ նրանք նշում են եւ՛ Սուրբ Ծնունդը, եւ՛ Զատիկը, եւ՛ Մեռելոցը: Եկեղեցի չեն գնում: Մոլոկանների հավաքատեղին սովորական ժողովատուն է՝ առանց արտաքին հարդարանքների: Նրանք այնտեղ ամեն կիրակի ընթերցում են Ավետարանը, աղոթում, երգում կրոնական երգեր: 

Մոլոկանների մյուս երկու ուղղությունները բնույթով նման են միմյանց: Մաքսիմիստներին (ծայրահեղականներ) համարում են կրոնական փոխզիջումների չգնացողներ, որոնց կենսակերպի հիմքում ընկած է կրոնը: Դրանից հրաժարվելու դեպքում նույնիսկ պատիժներ են նախատեսվում: Պրիգուններին (ցատկողներ) հատուկ է ահեղ դատաստանի, աշխարհի վերջի, երկրի վրա Աստծո հազարամյա թագավորության մասին ուսմունքի գաղափարներ տարածելը: Նրանց աղոթքներն ուղեկցվում են ցնցումներով, ցատկերով: Այս ուղղություններից յուրաքանչյուրի ծեսերը տարբերվում են միմյանցից: Նրանք նաեւ տարբեր ժողովատներ ունեն: Յուրաքանչյուր ուղղություն ունի իր առաջնորդը՝ «լուսավորիչը»: Հոգեւոր առաջնորդի պարտականությունները փոխանցվում են ժառանգաբար, կամ էլ ընտրում է տվյալ համայնքը՝ հաշվի առնելով անձի առաքինություններն ու հավատարմությունը կրոնական ուղղությանը: 

Անկախ կրոնական ուղղություններից, մոլոկաններն ունեն սովորույթներ, որոնք բնորոշ են երեք ուղղություններին էլ: Չեն խմում, չեն ծխում, գողություն ու անառակություն չեն անում, հեռուստացույց չեն դիտում: Նրանք դեմ են իրենց լուսանկարելուն: Մեզ երկար բանակցություններից հետո միայն հաջողվեց լուսանկարել նարնց: 

Սովորության համաձայն՝ շաբաթվա յոթերորդ օրը մոլոկանները հանգստանում են: Վալյա Արինինան շաբաթ օրը ավարտին է հասցնում տնային գործերը եւ կիրակին դիմավորում այլ տեսքով ու տրամադրությամբ: Մայր ու աղջիկ սպիտակ գոգնոց ու գլխաշոր են հագնում, տան տղամարդիկ էլ՝ տոնական հագուստ, ու հյուր գնում կամ հյուրերի սպասում:

Հյուրերին հրամցնում են տոնական ճաշեր՝ ռուսական բորշչ ու լափշա: Խոզի միս մոլոկանները չեն ուտում, որովհետեւ սրբապղծություն են համարում: 52-ամյա Արինինային ամուսինը Ռուսաստանից է բերել: Եկել է ու սկիզբ դրել գյուղի փոստատան աշխատանքներին: Տասը տարուց ավելի է գլխավորում է գյուղի փոստը, սակայն իր աշխատանքից գոհ չէ: Ասում է, որ հեռախոսագծերը նորոգման կարիք ունեն, հեռախոսը չի աշխատում, նույնիսկ Վանաձոր հնարավոր չէ զանգել, ուր մնաց Ռուսաստան կամ այլ երկրներ: Հայաստանից ու հայերից Վալյա Արինինան գոհ է: Կաղամբ, գազար ու այլ բանջարեղեն է աճեցնում ու դրանք վաճառում հայերին: 

Խորհրդային տարիներին գյուղատնտեսությամբ զբաղվելուց զատ մոլոկաններն աշխատում էին նաեւ տեղի կարի ֆաբրիկայում, ճանապարհատրանսպորտային հիմնարկություններում: Հիմա նրանց եկամտի աղբյուրը բանջարաբուծությունն ու անասնապահությունն է: Մեծերի հետ հավասար աշխատում են նաեւ երեխաները: Օգնում են ծնողներին դաշտում, բանջարանոցում: 

Իրենց մշակած բերքը ֆիոլետովցիները Վանաձոր են հասցնում համագյուղացի Մայիսեյի ավտոբուսով: Առավոտյան 9-ին ավտոբուսը լինում է Վանաձորում եւ գյուղ է վերադառնում ժամը երկուսին: Չորս ժամում մոլոկանները հասցնում են վաճառել կամ փոխանակել իրենց ապրանքը, գնել անհրաժեշտ պարագաներ ու «հարազատ ավտոբուսով» վերադառնալ Ֆիոլետովո: 

«Ես բոլորի հետ առանձնահատուկ եմ վերաբերվում, յուրաքանչյուրի խնդիրն իմ խնդիրն է»,-ասում է Մայիսեյը: Վարորդությամբ ու գյուղատնտեսությամբ նա կերակրում է կնոջն ու երկու երեխաներին: Ծնողներից նրան է փոխանցվել մաքսիմիստների դավանանքը, որի մասին չցանկացավ մանրամասն խոսել: Միայն նշեց, որ իրենք հետեւում են Ավետարանի գաղափարներին ու հավատում կենդանի Աստծուն: 

«Ես մաքսիմիստ եմ ծնվել ու չեմ պատրաստվում փոխել դավանանքս: Իսկ երեխաներս իրենք կորոշեն, թե որ ուղղությունն ընտրել»-ասում է նա: 

 Եթե ընտանիքի անդամներին կարողանա համոզել, Մայիսեյը վաղն եւեթ Ռուսաստան կգնա՝ չնայած այնտեղ երբեք չի էլ ապրել: Պարզապես երեխաների հետագա ուսման համար է մտահոգվում:

Հայաստանում մոլոկանները բարձրագույն կրթություն չեն ստանում 

«Դպրոցը լավը չի, ուսուցիչներն էլ մերը չեն, շահագրգռված էլ չեն, որ մեր երեխաները լավ սովորեն: Ես գիտեմ հայերեն, որովհետեւ շփվում եմ նրանց հետ: Բանակից եկած տղաներն էլ հասկանում ու խոսում են հայերեն, բայց նոր սերունդը չգիտի »,- դժգոհում է Մայիսեյը: 

Հայերենի չիմացությունը մոլոկաններին բարձրագույն կրթություն ստանալու դժվարությունների առջեւ է կանգնեցնում, եւ այն անհասանելի է նրանց համար: 

13-ամյա Կոլյա Ռուդամետկինը հայերեն չգիտի: Ասում է, որ հայոց լեզուն իրեն դուր է գալիս, դպրոցում անցնում են, բայց ոչ խորացված: Ուզում է լավ մասնագետ դառնալ: Սակայն չի պատկերացնում, թե որտեղ կարող է ուսումը շարունակել դպրոցն ավարտելուց հետո: Որոշել է ընտրել հոր ուղին ու դառնալ մեխանիզատոր: Դպրոցից ու ուսուցիչներից Կոլյան գոհ չէ: 

Ֆիոլետովոյի միակ դպրոցում սովորում է 228 աշակերտ: Ուսուցիչների մեծ մասը հայեր են: Միայն մեկն է, որ ազգությամբ ռուս է ու Ռուսաստանում է մասնագիտություն ձեռք բերել: 

 Գյուղապետի տեղակալ Արարատ Վիրաբյանի հավաստմամբ, եթե խորհրդային տարիներին մոլոկաններն ուսումը շարունակում էին հիմնականում Ռուսաստանում եւ որոշ դեպքերում նաեւ Հայաստանում, ապա անկախության տարիներին դեռ ոչ ոք Հայաստանում կրթություն չի ստացել: 

 Դպրոցն ավարտելուց հետո երիտասարդները լծվում են տնային հոգսերին: Պատանիներ զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով, աղջիկներն էլ՝ շուկա գնում, տնային գործեր անում ու սպասում իրենց ամուսնությանը:

Մոլոկանների ավանդույթները 

Հարսանիքն անցնում է ավանդության համաձայն՝ առանց խմիչքի, թեյով ու տարբեր ուտեստներով: Հարսնաքույրն ու հարսնեղբայրը մոլոկանների մոտ անպայման ամուսնացած պետք է լինեն: Հարսնացուն սպիտակ զգեստ է հագնում եւ «չուպիկ» կոչվող հուլունքներով գլխարկ կրում: Ի պատասխան համաձայնության՝ հարսնացուն փեսային սպիտակ թաշկինակ է նվիրում, ծնողներն էլ՝ քաղցրեղենով լի պայուսակ: Ոսկյա զարդեր մոլոկանները միմյանց չեն նվիրում: Փոխարենը աղջկա ծնողները հարուստ օժիտ են պատրաստում: Հարսնացուի կուսությունը հաստատող որեւէ հանգամանք ու պարագա մոլոկանները չեն ընդունում: Ամուսնական հարաբերություններն առանց դրա էլ օրհնում է այն ուղղության առաջնորդը, որին պատկանում են փեսան ու նրա ընտանիքը: Մեկ անգամ ամուսնանալով՝ մոլոկանները հետդարձի ճանապարհ չունեն: Ամուսնությունը ողջ կյանքի համար է, հակառակ դեպքում քեզ կարհամարհի ու չի ընդունի քո իսկ սեփական համայնքը: Հարսանիքին առանց հրավերքի ոչ ոք չի կարող ներկա լինել: Երբ մենք ցանկացանք ներկա գտնվել եւ լուսանկարել նշանադրության արարողությունը, հարսնացուն մերժեց: Հարազատները պատճառաբանեցին, որ ամուսնացողները տարբեր ուղղությունների են պատկանում եւ վախենում են ավելորդ խոսակցություններից՝ անկախ նրանից, որ ուղղությունների միջեւ ամուսնությունն արգելված չէ: Այլ հարց է օտարների հետ ամուսնանալը: Հայերի հետ արյուն չեն խառնում: Չնայած` Ֆիոլետովոյի պատմության մեջ եղել են այդպիսի ամուսնություններ եւս: 

Ժենյա Տելեգինան ծնունդով æերմուկից է: Ամուսնուն առաջին անգամ հանդիպել է աշխատանքի վայրում՝ հիվանդանոցում: Ազգությամբ հայ կնոջը մոլոկան ամուսինը կնության է առել՝ պայմանով, որ ընդունի նրա դավանանքը: 52-ամյա կինը պատկանում է «պրիգուն» ուղղությանը: Ամուսինը մահացել է տասնմեկ տարի առաջ՝ թողնելով կնոջն առանց երեխաների: Մոլոկանները նրան համարում են «սուպեր հայ» եւ հաճախ ասում, որ «եկել իրենց գյուղում ապրում է ու իրենց կարգի է բերում»: Ժենյայի ապրուստի միջոցը սեփական խանութն է ու կաղամբի թթուն, որի պատրաստման գաղտնիքը սովորել է մոլոկաններից ու հիմնականում վաճառում է Երեւանում: Գյուղում Ժենյան փոքրամասնության մեջ փոքրամասնություն է համարվում ու հաճախ է ըմբոստանում նրանց սովորույթների դեմ: 

«Իրենց մոտ ամեն ինչ թաքուն է: Քարոզում են, չէ՞, որ խմել, ծխել, անառակություն անել, բամբասել չի կարելի: Բայց այնպիսի բաներ են անում, որ հարց ես տալիս, թե էլ ինչու՞ ես հավատքի գնում, եթե պետք է մեղք գործես: Դավանում են, որ ներել է պետք, բայց իրենք չեն ներում: Իրենց երիտասարդ աղջիկներն ամբողջ գիշեր կարող են թափառել փողոցներում, հետո նամուսով ամուսնանալ: Մարդուն կարող են ողջ կյանքում արհամարհել ու համայնքից դուրս գցել՝ միաժամանակ քարոզելով, թե Աստված ներում է բոլորին»,-պատմում է տիկին Ժենյան, որը դավանելով «պրիգունների» գաղափարախոսությանը՝ ամեն ինչ ձեւական է համարում ու հավաքների չի մասնակցում: 

Միայն սեպտեմբերին այս ուղղությունը երեք տոն ունի: Առաջինը մահացածների հիշատակման օրն է: Թաղման արարողությունից հետո երկրորդ անգամ այդ օրն են այցելում գերեզմանատներ: Մյուսը մեղքերի թողության, վերջինն էլ՝ Աստծո խոսքը լսելու օրն է: 

 «Իրենց մշակույթն իրենք պահում են»,-հարեւանների մասին իր պատմությունն է ավարտում Ժենյա Տելեգինան: 

 Ֆիոլետովոյում ներկայումս 585 տնտեսություն կա: Նրանց բնորոշում են որպես աշխատասեր ժողովուրդ, որոնք ժամանակին են վճարում հարկերն ու պարտք մնալ չեն սիրում:

 «Մեր նախնիների խոսքը մեզ համար օրենք է: Ասել են, որ այստեղ ենք ապրելու, ուրեմն պետք է այս հողի վրա էլ շարունակենք ապրել: Սա մեր հողն է»,- ասում է գյուղի ամենատարեց մոլոկանը: 

Լուս.` Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter