HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Պավել Մանուկյանի՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի գործով հարցաքննվեցին վկաները

ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստի ժամանակ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և դատավորին վիրավորելու վերաբերյալ Պավել Մանուկյանի գործով քննության ժամանակ պաշտպանական կողմի փաստաբան Հարություն Բաղդասարյանը դատավոր Սերգեյ Մարաբյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ դատավարության մասնակիցների նկատմամբ կանխակալ վերաբերմունք դրսեւորելու համար։

Փաստաբան Բաղդասարյանը նշեց, որ նույն արարքի համար Պավել Մանուկյանին տասժամյա կալանք է նշանակվել Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ. «Այն, ինչ արել է Պավել Մանուկյանը, դրա համար կրել է պատիժ»,- հայտնեց փաստաբանը։

Նա նշեց, որ քրեական գործ հարուցելու առիթի մեջ չկա տուժող անձի կողմից ներկայացված բողոք։ «Եթե այս գործի մեջ չկա տուժող, չկա նաեւ Քրեական օրենսգրքի 343 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն, հետեւաբար Պավել Մանուկյանի կատարած արարքում բացակայում է հանցակազմը։ Սույն գործով դատավոր Գաբրիելյանը չի ճանաչվել տուժող, ուստի այդ հիմքով քրեական գործը պետք է կարճվի»,- հայտարարեց փաստաբանը։

Հիշեցնենք` ըստ մեղադրանքի, 2017-ի հուլիսի 26-ին կայացած դատական նիստին Պավել Մանուկյանը չի ենթարկվել դատարանի  պահանջին, շարունակել է առանց նրա թույլտվության խոսել նիստի ընթացքում, իսկ դատավոր Արտուշ Գաբրիելյանը Մանուկյանին տասը ժամով նիստերի դահլիճից հեռացնելու որոշում է կայացրել, որից հետո Մանուկյանն անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ` դատավորին անվանելով «ցռան մոզի»:

Պավել Մանուկյանը եւս միացավ ներկայացված միջնորդությանը եւ հայտարարեց. «Մի կողմից ափսոսս է գալիս, այսօր դատավորներին ասում են՝ կամ մեռնում եք, կամ պարտականությունները կատարում։ Ես նայում եմ դիմացս նստած Սերգեյ Մարաբյանին, ես տեսնում եմ մարդու, բայց չգիտեմ՝ էդ մարդու գլխին ինչ օյին են բերելու, բայց սեղանին դրված է նաեւ իմ արժանապատվությունը։ Արտուշ Գաբրիելյանին կանչեք, կարող է ոչ թե վիրավորվել է, այլ ոգեւերվել, կարող է դրանից հետո ուղղվել է»։

Դատախազ Պետրոս Մարտիրոսյանը առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ հայտնելով, որ Պավել Մանուկյանի հայտարարությունը եղել է սանկցիայից հետո, իսկ դրանից հետո այլ սանկցիա չի կիրառվել նրա նկատմամբ։

Դատավոր Մարաբյանը հայտնեց, որ միջնորդության մեջ նշված դրույթներին դատաքննության ընթացքում պիտի անդրադառնան, իսկ իր կայացրած որոշումները բացառապես լինելու են օրենքի սահմաններում: Դրանից հետո պաշտպանական կողմը վերանայեց որոշումը եւ չներկայացրեց դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը։

Անցյալ նիստին փաստաբան Ինեսսա Պետրոսյանի միջնորդության վերաբերյալ՝ դատավոր Գաբրիելյանին դատարան հրավիրելու մասով, դատավորը հայտնեց, որ հետագայում կանդրադառնան, քանի որ տուժող ճանաչելու մասով դեռեւս չկա դատախազության որոշումը։

Նիստին հարցաքննվեցին նաեւ վկաներ, դատական կարգադրիչներ Գեւորգ Պապոյանը, Արարատ Սահակյանը, Ռաֆայել Խաչատրյանը, Էդգար Սաֆարյանը։

Գեւորգ Պապոյանը հայտնեց, թե ինչպես է դատավորի կայացրած սանկցիայից հետո Պավել Մանուկյանը փորձել հայտարարություն անել, սակայն դատարանը թույլ չի տվել, որից հետո դատարանի նկատմամաբ անհարգալից արտահայտություններ է հնչեցրել։

Վկան նշեց, որ արտահայտությունը լսել է, սակայն, իր կարծիքով, անվանական չի եղել։ Արարատ Սահակյանը գործի վերաբերյալ մանրամասներ չհիշեց, նշեց, որ առանձնապես չի տպավորվել այդ օրվա նիստը: Դատարանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքը։

Վկա Ռաֆայել Խաչատրյանն էլ նշեց, որ Պավել Մանուկյանն արտահայտությունն անելու ժամանակ հայացքը դեպի դատավորին է ուղղած եղել։

Այս գործով հաջորդ նիստը  կկայանա փետրվարի 16-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter