HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանի մոտ քննարկվել են Երևանում խցանումների նվազեցմանը վերաբերող հարցեր

Կառավարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևան քաղաքում խցանումների նվազեցման, ճանապարհային երթևեկության արդյունավետ կազմակերպման և բեռնաթափման հնարավորությունները:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է վարչապետի հանձնարարականի հիման վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքները և շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ մշակված առաջարկությունները, որոնք վերաբերում են Երևանի ճանապարհային ցանցի թողունակության բարձրացմանը, որոշ հատվածներում ավտոկայանատեղիների սահմանափակմանը, ճանապարհային երթևեկության կազմակերպմանը և հսկողության խստացմանը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև այլընտրանքային երթուղիների կառուցմանը: 

Անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին՝ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը զեկուցել է, որ ճանապարհային ոստիկանությունը շարունակում է երթևեկության կազմակերպման փոփոխություններ իրականացնել Երևանի խաչմերուկներում: Շարունակվում է խաչմերուկների ավտոմատ կառավարման գործընթացը. 50 խաչմերուկ կառավարվում է էլեկտրոնային համակարգի միջոցով, նախատեսվում է ևս 60 խաչմերուկի կարգավորում: 

Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ որպես կարճաժամկետ լուծումներ դիտարկել և համատեղ աշխատել փողոցի հատումը կարգավորող լուսացույցների թվի ավելացման, հարակից ճանապարհահատվածներում երկրորդ երթևեկելի գոտում կայանման նկատմամբ վերահսկողության խստացման, կայանման ժամերի սահմանափակման, Երևանում միջպետական և միջմարզային սկզբնակետերի արդյունավետ տեղաբաշխման և այլ ուղղություններով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter