
2017-ին արտակարգ իրավիճակներից ավելի շատ մարդ է զոհվել և տուժել
2017թ-ին հանրապետությունում գրանցվել է արտակարգ իրավիճակի 14 373 դեպք, տուժել է 11 043 մարդ: Զոհերի թիվը հասել է 356-ի, վիրավորումների քանակը՝ 10 687-ի: Այս դեպքերի ժամանակ ժամանակավորապես տարհանվել է 2 190 մարդ: Այսպիսի տարեկան տվյալներ է հաղորդել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը՝ ամփոփելով 2017 թվականը:
2016 թվականի վիճակագրության տվյալներից պարզվում է՝ արտակարգ իրավիճակների դեպքերը 2017-ին աճել են՝ 1600-ով, որի հետևանքով ավելացել է նաև զոհերի և տուժածների թիվը:
Հանրապետությունում գրանցված արտակարգ իրավիճակները նախարարությունը հաշվարկել է ըստ տեսակի, այսինքն՝ տարերային, տեխնածին, սոցիալ-կենցաղային: Այս շարքում ամենաշատը տեխնածին աղետներն են գրանցվել, որոնք աչքի են ընկել նաև մահացության դեպքերով: Միայն տեխնածին աղետներից 299 մարդ է զոհվել:
Իսկ արտակարգ իրավիճակների պատկերը՝ ըստ նախարարության առանձնացրած այդ երեք ենթատեսակների, այսպիսին է.
Տեխնածին աղետները՝ 2017-ին
Եթե դիտարկենք գրանցված տեխնածին աղետների քանակն ու տուժածների թիվը 2017 թվականին, ապա պետք է նշենք, որ այդպիսի 9 287 պատահար է գրանցվել: Դրանցից 3 535-ը ավտոճանապարհներին եղած վթարներն են եղել, որից 279 մարդ զոհվել է, 5 179-ը՝ վիրավորվել:
Քիչ չեն եղել նաև պահեստավորված անասնակերի, տնկված բուսածածկույթի վայրերում եղած հրդեհները: Այդպիսի 2510 դեպք է արձանագրվել: Բնակելի շենքերում և շինություններում եղած հրդեհների թիվը հասել է 1114-ի, իսկ զոհվել է 6 մարդ:
Եթե ամփոփելու լինենք տեխնածին աղետներից հինգ ամենաակտիվ տեսակները՝ ըստ դեպքերի քանակի գերազանցության, կունենանք այսպիսի ցուցանիշ.
Ընդհանուր առմամբ տեխնածին աղետների արդյունքում 2017-ին տուժել է 5 565 մարդ: Դրանց հետևանքով 299 մարդ մահացել է, իսկ նրանցից 279-ը՝ միայն ճանապարհներին եղած վթարներից:
Տեխնածին աղետները հիմնականում եղել են Երևանում: Մայրաքաղաքում ավելի քան 2000 այդպիսի աղետ է արձանագրվել: 885 տեխնածին աղետ էլ Կոտայքի մարզում է գրանցվել: Նշենք, որ Երևանն ու Կոտայքը հաջորդաբար ամենաշատ բնակչություն ունեցող վարչական միավորներն են համարվում:
Սոցիալ-կենցաղային աղետները՝ 2017-ին
Նախորդ տարի սոցիալ-կենցաղային 4797 աղետ է գրանցվել: Այդ տեսակ աղետներից 5 471 մարդ է տուժել, որից 54-ը՝ զոհվել: Այս տեսակ աղետների մեջ են մտնում թունավորումները, արհեստական և բնական ծագման ջրային ավազաններում ջրահեղձումները, պայթուցիկ սարքերի տեղադրման ահազանգերը, զենք, զինամթերքի հայտնաբերման դեպքերն ու համաճարակները:
Թունավորման դեպքերը սոցիալ-տնտեսական աղետների 90 տոկոսից ավելին են կազմել: Դրանք այդ տեսակ աղետների ընդհանուր քանակից՝ 4797-ից, 4 695-ն են եղել:
Թունավորման դեպքերը հաշվարկվում են նաև ըստ տեսակների, օրինակ՝ սննդից, ակլոհոլից, շմոլ կամ բնական գազից, դեղորայքից, կենցաղային և արդյունաբերական քիմիական նյութերից: Թունավորման դեպքերում գերակշռողն ալկոհոլից թունավորման դեպքերն են եղել, որից 10 մարդ զոհվել է, 1424-ը՝ տուժել: Չնայած մահացության ամենամեծ՝ 19 դեպքը, գրանցվել է կենցաղային և արդյունաբերական քիմիական նյութերի թունավորումներից:
ԱՎԾ-ն սոցիալ-կենցաղային աղետները դիտարկել է նաև ըստ մարզերի, որից երևում է, որ աղետների գերակշռող մասը կրկին Երևանում է եղել:
Տարերային աղետները՝ 2017-ին
Նախորդ տարի հանրապետությունում 289 տարերային աղետ է գրանցվել: Տարերային աղետների քանակում առաջին տեղում են ուժեղ քամիների, փոթորիկների, մրրիկների, պտտահողմերի, փոշեփոթորիկների դեպքերը: Պաշտոնական վիճակագրությամբ՝ այդպիսի 50 դեպք է գրանցվել և դրանց պատճառած վնասի չափը կազմել է 110 միլիոն դրամ: Հետաքրքիր է, որ այդ դեպքերի պատճառով մեկ մարդ զոհվել է:
Ընդհանուր առմամբ մահացությամբ ամենամեծ՝ երկուական դեպքերը գրանցվել են փլվածքների, քարաթափումների և բքի, ձյան առատ տեղումների, ձյունահողմի հետևանքով:
Տարերային աղետներից երկրորդ հորիզոնականում երկրաշարժերն են զբաղեցրել: Նախորդ տարվա ընթացքում հանրապետությունում 49 երկարաշարժ է գրանցվել, որի հետանքով զոհեր և վիրավորներ չեն եղել:
Տարերային աղտետների ժամանակ 1990 մարդ ժամանակավորապես տարհանվել է: Տարհանումները եղել են ձմեռային ամիսներին, օրինակ՝ 1120 մարդ տարհանվել է ձյան առատ տեղումների, բքի, ձյունահողմի ժամանակ, 768-ը՝ մերկասառույցի, 120-ը՝ ձնահյուսի ժամանակ:
Եթե ամփոփելու լինենք տարվա ընթացքում ամենահաճախ գրանցված տարերային աղետները՝ ըստ թվաքանակի, կստացվի այսպիսի գծապատկեր.
Հավելենք, որ 2016-ի համեմատ 2017-ին արտակարգ իրավիճակների դեպքերի քանական աճը ապահովել է տեխնածին աղետների ավելացումը:
Մեկնաբանել