
Լոռու մարզի դատախազը ստորագրել է սպանության ծանրակշիռ թերացումներով իրականացված նախաքննության մեղադրական եզրակացության տակ
Ալավերդի քաղաքի Ջրավազան 80 շենքի հենապատին հարող ճանապարհի մայթի մոտ, 2016թ.-ի դեկտեմբերի 28-ին` ժամը 3:35-ի սահմաններում, հայտնաբերվել է ալավերդցի 34-ամյա Ռոման Պողոսյանի դիակը:
Սպանության՝ շուրջ 11 ամիս տևած նախաքննությունից հետո Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Մ. Ներսիսյանը մեղադրական իր եզրակացությամբ հայտնել է, թե «բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման վրա հիմնված ներքին համոզմամբ» ամբողջապես հիմնավորվել է Ալավերդի քաղաքի Ս./Սարահարթ թաղամասի 1/25 շենքի բնակիչ Վլադիմիր Խանդամիրյանի կողմից իր հարևան Ռոման Պողոսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու հանցակազմը:
Վ. Խանդամիրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Առաջադրված մեղադրանքում Վ. Խանդամիրյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Քրեական գործի նախաքննության նյութերում չեն բացահայտվել տուժողի մահվան պատճառ դարձած բութ գործիքը, սպանության հանգամանքներն ու կոնկրետ վայրը: Ռոման Պողոսյանի իրավահաջորդ Սիրուշ Պողոսյանը պնդում է, որ ֆիզիկապես ուժեղ իր որդուն Վլադիմիր Խանդամիրյանը չէր կարող մենակ սպանել:
«Հնարավոր չէ, որ Վլադիմիր Խանդամիրյանը մենակ կարողանար իմ Ռոմանին բութ գործիքի 14 ծանր հարվածներ տար ու հետո թիկունքից խփեր: Որդուս Ջրավազանի 80 շենքի խաղասրահից սպանված հենապատի մոտ են տեղափոխել այն մարդիկ, ովքեր Վլադիմիր Խանդամիրյանին օգնել են որդուս սպանության գործում: Այդ մարդիկ են` մեղադրյալ Վլադիմիր Խանդամիրյանի եղբայրը՝ Հովսեփ Խանդամիրյանը, Կամո Սիմոնյանը, նրա հայրը՝ Վալերիան Սիմոնյանը, տաքսիստ Լևոն Խանդամիրյանը: Սրանք բոլորը որդուս սպանությանը մասնակցել են»,- պնդում է տուժողի մայրը:
Սպանության գործով Հովսեփ Խանդամիրյանը, Կամո Սիմոնյանը, Վալերիան Սիմոնյանը, Լևոն Խանդամիրյանը ներգրավված են որպես վկաներ:
«Հետք»_ի հարցերին պատասխանում է Ռոման Պողոսյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը.
- Ռոման Պողոսյանի մայրը՝ Սիրուշ Պողոսյանը, դժոգոհ է գործի նախաքննությունից, դուք ի՞նչ կասեք նախաքննության մասին։
-Սկսած այն բանից, որ էս գործով սպանությունից 16 օր հետո նոր նախաքննական մարմինը հարցաքննել է տուժողի մորը, էստեղ թեկուզ մենակ էս փաստն արդեն ինքն իրենով բավարար կլիներ հասկանալու, որ հենց ի սկզբանե սպանության բացահայտման համար չեն գործել ջանասիրությամբ: Սա այն գործերից է, որտեղ տուժողի մայրը ոչ միայն որպես տուժողի մայր է հանդես գալիս, այլ նաև որպես կարևոր տեղեկություններ ունեցող անձ: Եթե ժամանակին նախաքննական մարմինը տուժողի մորը հարցաքններ և այդ տեղեկությունները ստանար, ապա կարող էր հետո ստուգել ստացված տեղեկությունները, և միգուցե շատ արժեքավոր ապացույցներ ձեռք բերվեր: Ինչևէ, շատ երկար ժամանակ չեն հարցաքննել, պատճառաբանելով, թե հոգեբանական ծանր վիճակում է գտնվել մայրը, և չեն ուզել, ըստ իրենց, լրացուցիչ ցավ պատճառել: Մյուս կողմից էլ, երբ չեն հարցաքննել, միգուցե հենց դա էլ հնարավորություն է տվել հնարավոր հանցակիցներին էսօրվա դրությամբ առայժմ խուսափել քրեական պատասխանատվությունից: Նախաքննական մարմնի վարկածով անմիջականորեն սպանությունը, հարվածները, որի արդյունքում նաև մահը, տեղի են ունեցել դրսում: Սա շատ կասկածելի է ինձ թվում, որովհետև շատ ավելի ապացույցներ խոսում են այն մասին, որ դեպքը հնարավոր է տեղի ունեցած լինի շենքի ներսում, այդ սրահի մեջ, որտեղ նրանք՝ զոհը, այսօրվա մեղադրյալը և էլի ուրիշ անձինք, մինչև սպանությունը գտնվել են: Էս վարկածը բավարար չափով մեր կարծիքով չի մշակվել, բավարար չափով սրա ուղղությամբ փաստեր չեն հավաքվել, և էսօր գործը գտնվում է բավական անմխիթար վիճակում: Իհարկե, մեղադրյալ Վլադիմիր Խանդամիրյանի անմիջական մասնակցությունը սպանությանը, իմ կարծիքով քրեական գործով ավելի քան հաստատված է, բայց էսօր մենք ունենք ուրիշ խնդիր, որն է՝ սպանությունն արդյոք կատարվել է միայն մեղադրյալի կողմից, թե՞ համակատարողներ են եղել: Ես քրեական գործի նյութերն ուսումնասիրելուց հետո հանգել եմ էն կարծիքին, որ, ամենայն հավանականությամբ, եղել են համակատարող կամ համակատարողներ: Էս վարկածը նույնպես նախաքննական մարմնի կողմից բավարար չափով չի մշակվել, և նախաքննական մարմինը բավարար չափով չի գնացել էդ ուղղությամբ: Էն, ինչ իրենք ասում են, որ դեպքի վայր է, էդ մոտակայքում կա երկու բանկ: Ընդ որում այդ երկու բանկի շենքերը դեմ դիմաց գտնվում են դեպքի վայր գնացող ճանապարհի երկու կողմերում: Այդ բանկերի տեսախցիկների տվյալները կարող էին շատ բան ասել, որը նորից բաց է թողնվել: Շատ-շատ մանր ու մեծ թերացումներ կան, հանգամանքներ, որոնց մասին այս պահին ես դեռ չէի ուզի ասել: Հիմա նախապես, եթե դրա մասին խոսենք, դատարանում մեր դատավարական հակառակորդը կարող է արդեն պատրաստ լինել այդ փաստարկներին: Դրա համար առայժմ էս չափով կարող եմ իմ կարծիքը հայտնել քրգործի մասին:
-Վկա Կամո Սիմոնյանը նախաքննական մարմնին տված իր 1-ին ցուցմունքում հայտնել է, որ տուժողը շատ է հարբած եղել, շենքի պատի հենապատից ընկել է փողոց և մահացել: Դատաբժշկական փորձաքննությամբ արձանագրվել է, որ տուժողը մահից առաջ միջին խմածություն է ունեցել, բացի այդ՝ մարմնին և ծոծրակին առկա բութ գործիքով բազմաթիվ հարվածները չեն խոսում հենապատից ընկնելու պատճառով մահվան մասին: Հետո այդ վկան փոխել է իր ցուցմունքները: Կարո՞ղ էր նախաքննական մարմինը Կ. Սիմոնյանին քրգործում ներգրավել ոչ թե վկա, այլ սպանության հանցակից:
- Տեսեք, մարդը կարող է փորձել կոծկել դեպքի իրական հանգամանքերը, էդ թվում նաև, եթե ինքն է մասնակցում: Բայց նաև կոծկելու համար կարող է ուրիշ պատճառներ էլ ունենալ: Զուտ ասենք` մեկ ուրիշին օգնելու համար: Էն, որ ինքը իրականությանը չհամապատասխանող ցուցմունք է տվել, դա փաստ է: Էն, որ իր ցուցմունքը հերքվել է, դա էլ է փաստ: Էն, որ ինքը հետագայում իր ցուցմունքներում սկսել է լողալ, այսպես ասած, էդ էլ է փաստ: Բայց դրանից անմիջականորեն հետևություն անել, որ ինքը սպանություն կատարողներից մեկն է, մենակ էս հանգամանքը դատարանի համար բավարար չի լինի որևէ մեկին մեղավոր ճանաչելու: Էդտեղ արդեն կարող է նրա անմեղության կանխավարկածը խախտվել: Բայց կան շատ մանր ու մեծ փաստեր, որոնք, իրար համադրելով, մենք գալիս ենք էն բանին, որ էսօրվա ամբաստանյալը հավանաբար սպանության միակ կատարողը չի եղել: Թե ում հետ միասին է կատարել սպանությունը, կարծում եմ, ապագայում մենք համենայնդեպս պիտի ամեն ինչ անենք, որ պարզվի: Ասեմ, որ էդ սպանության շարժառիթները, որոնք նկարագրված են նախաքննական մարմնի կողմից և արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ, դրանք կասկածելի շարժառիթներ են: Հնարավոր է, որ էստեղ մենք բոլորովին ուրիշ շարժառիթների հետ գործ ունենք: Էդ ամեն ինչը, ես համոզված եմ, որ հնարավոր է պարզել, միայն, եթե դատավարությունը լինի շատ բազմակողմանի, խորացված և օբյեկտիվ: Էս հարցազրույցը հիմա ինչու եմ ես ուզում տալ, որպեսզի ոչ թե հետ նայենք, թե նախաքննությունը ինչ է արել, այլ նայենք առաջ և ասենք էն, ինչ թերություններ նախաքննության ընթացքում թույլ են տրվել, հույս ունենանք և տրամադրվենք, որ դատարանը կարող է պատահի օգնի մեզ` իրականությունը պարզել:
-Այսպիսի թերացումներով ընթացած նախաքննության մեղադրական եզրակացության տակ ստորագրել է Լոռու մարզի դատախազը: Նա պատասխանատու չէ՞ դրա համար:
-Դե, իհարկե, երբ մենք ասում ենք նախաքննությունը կատարվել է թերություններով, երբեք նկատի չունենք միայն քննիչին: Դատախազը բոլոր դեպքերում, ոչ միայն մեղադրական եզրակացության տակ իր ստորագրությունը դնելով է էդ խախտումներին մասնակից դառնում, այլև` մինչ այդ: Դատախազը սպանության ամբողջ նախաքննության ընթացքում իրականացնում է դատավարական հսկողություն: Եվ իհարկե, այն, ինչ մենք ասացինք քննիչի մասին, հավասարապես վերաբերում է նաև դատախազին: Հիմա դատարանում էդ բոլոր թերությունների համար, ստիպված պետք է պատասխանատու դառնա դատախազը: Ինքը պետք է փորձի մեզ հետ միասին միջոցներ ձեռնարկել, որ այն, ինչ նախաքննության ընթացքում նորմալ չի քննվել, գոնե դատարանում նորմալ քննվի:
- Պատվիրված սպանության վարկած տեսնու՞մ եք այս գործում:
- Գիտեք, Ռոմանի այդ օրվա տեղաշարժը Ալավերդիում, իրականում ինքը չի նախաձեռնել՝ տեղից տեղ գնալ, հետո հայտնվել այդ վայրում: Այդ շարժն էլ ինքն իրենով հարցականներ ունի իր մեջ: Թե ինչու՞ պետք է գնար Ակներ թաղամաս, հետո ասենք լցակայան, կամ Ջրավազան 80 շենքի մոտ: Եվ էդ սրահը, որտեղ իրենք ի վերջո հավաքվել են, շատ կասկածելի տեսք ունեցող վայր է, և շատ կասկածելի է, թե Ռոմանի նման անձն ինչու՞ պետք է գնար այնտեղ, դա պարզ չէ: Այդ ամեն ինչը դեռ պետք է մանրամասն քննարկվի դատարանում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել