HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Թուրքական լոլիկը ոչնչացնում է հայ գյուղացուն

Այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել Արարատի և Արմավիրի մարզերի ջերմոցային տնտեսությունների սեփականատերերը: Նրանք բողոքում էին կառավարության անտարբերությունից, ինչի հետևանքով Հայաստան է ներկրվել մեծ քանակությամբ լոլիկ ու վարունգ:

Հենց այդ ներկրված բանջարեղենի պատճառով էլ գյուղացիները չեն կարողանում իրացնել իրենց բերքը: Գյուղացիների տվյալներով՝ բանջարեղենը ներմուծվում է Թուրքիայից և ցածրորակ է:

Գյուղացիներն ասում էին, որ «իրենք վարկերի տակ են», և եթե կառավարությունը քայլեր չձեռնարկի, ապա բացի նրանից, որ կփակվեն իրենց տնտեսությունները, իրենք կզրկվեն նաև տներից: Դեռ նախորդ տարվանից գյուղացիներն ստեղծված իրավիճակի վերաբերյալ նամակներ են գրում տարբեր գերատեսչությունների: Մոտ 20 օր առաջ էլ նամակներ են ուղարկել ՀՀ նախագահին, վարչապետին, գյուղնախարարին և հանրային խորհրդի նախագահին: Ոչ մի գերատեսչությունից դեռ պատասխան չեն ստացել:

«Ջերմատնային ասոցիացիա» գյուղատնտեսական ՀԿ-ի գործադիր տնօրեն Պողոս Գևորգյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ջերմոցային տնտեսությունների խնդիրները փոքր-ինչ կթեթևանան, եթե կառավարությունն ընդունի հատուկ հայեցակարգ:

Ըստ նրա՝ այս խնդիրը բարձրացվել է դեռևս Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, սակայն մինչ օրս տեղաշարժ չկա: Գ. Պողոսյանի ասելով՝ այսօր շուկան լիքն է թուրքական լոլիկով, ինչը դժվարություններ է ստեղծել տեղական արտադրողների համար:

«Ներկրված լոլիկը շուկայում հայտնվում է՝ առանց մաքսազերծման: Հնարավոր չէ մաքսազերծել ու միևնույն ժամանակ այդքան էժան վաճառել: 1 կիլոգրամ լոլիկի մաքսազերծման արժեքը մոտ 400 դրամ է: Ապրիլին արդեն 450 դրամով լոլիկ էին վաճառում: Դուրս է գալիս, որ ներկրողներին լոլիկը պարզապես նվիրել են. ճանապարհածախս էլ չեն տվել, միայն մաքսազերծել են ու շուկա թողել: Այդպես ո՞նց կարող է լինել»,- ասում է Պողոս Գևորգյանը:

Վարուժան Խոդեդանյանը որդու հետ բողոքի ակցիայի էր եկել Արարատի մարզի Դարակերտ գյուղից: Նա ասում է, որ իրենց տնտեսություններն արդեն վտանգի տակ են, և եթե այսպես շարունակվի, ապա ստիպված կլինեն քանդել ջերմոցները:

Գյուղացիները բողոքի ակցիային մասնակցելու էին հրավիրել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին, կուսակցության վարչության անդամ Կարինե Հակոբյանին և այլ անդամների:

Թեև գյուղացիները պահանջում էին, որ իրենց ընդունի վարչապետը, սակայն 3 գյուղացու և պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին ընդունեց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը: Նա գյուղացիներին հավաստիացրել է, թե Թուրքիայից գյուղմթերք Հայաստան չի մտնում, և առհասարակ այս տարի ոչ մի երկրից լոլիկ ու վարունգ չի ներկրվել:

Վարուժան Խոդեդանյանը, կառավարության շենքից դուրս գալով, կասկածի տակ առավ Դավիթ Սարգսյանի ասածները: «Ասում են, թե այս տարի ոչ մի տեղից պոմիդոր չի ներկրվել: Ուզու՞մ եք՝ հենց հիմա գնանք շուկա, 2 արկղ թուրքական պոմիդոր առնեմ, տեսնեք»,- ասաց նա:

Վ. Խոդեդանյանը նաև տեղեկացրեց, որ կառավարության աշխատակազմի ղեկավարի հետ հանդիպումն իրեն հույս է ներշնչել: «Երևի ինչ որ բան կանեն, էլի, այսքանից հետո»,- կարծում է նա:

Մեկնաբանություններ (1)

karen
Kanen, anpayman kanen! Ktankacnen lolikn u harc@ klucvi!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter