HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղնախարարը հանդիպել է կարտոֆիլագործներին

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է հանրապետության մի շարք կարտոֆիլագործների հետ' ընթացիկ հարցերը և զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է գյուղնախարարությունը: 

«Կարտոֆիլագործությունը մեզ համար կարևոր ճյուղ է, այն եկամտաբեր է, ունենք այս գործում հմտացած արտադրողներ, և մենք էլ մեր հերթին պետք է ամեն ինչ անենք, որպեսզի բարձրացնենք հայկական կարտոֆիլի մրցունակությունը», - նշել է Իգնատի Առաքելյանը կարտոֆիլագործների հետ հանդիպման ընթացքում:

Հանդիպման մասնակիցները տեղեկացվել են, որ հայ-հոլանդական «Ագրիկո» ընկերության հետ համատեղ Գյումրիի սելեկցիոն կայանում իրականացվում են աշխատանքներ տեղական սերմնաբուծության զարգացման նպատակով: Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ կարտոֆիլի տնկանյութի սորտափորձարկման աշխատանքները կտևեն մի քանի տարի, որից հետո հնարավոր կլինի պատասխանել հարցին' արդյոք հնարավոր է տեղում սերմնաբուծություն զարգացնել և արտադրողներին ապահովել կարտոֆիլի տեղական տնկանյութով:

Կարտոֆիլագործներն առաջարկել են աջակցություն ցուցաբերել անձրևային ոռոգման համակարգի ներդրման և նորագույն գյուղտեխնիկա ձեռք բերելու հարցում' կարևորելով այդ երկու գործոնների ազդեցությունն արտադրանքի ինքնարժեքի ձևավորման մեջ:

Նախարարը նշել է, որ քայլեր կձեռնարկվեն կաթիլային համակարգի ներդրման սուբսիդավորման պետական աջակցության ծրագիրն ընդլայնելու ուղղությամբ, որպեսզի տնտեսավարողները ցածր տոկոսադրույքով վարկեր կարողանան ստանալ նաև այդ համակարգը ներդնելու համար: Բացի այդ նշվել է, որ կարող են ժամանակակից գյուղտեխնիկա ձեռք բերել պետական աջակցության լիզինգի ծրագրի շրջանակում, ինչպես նաև օգտվել մեքենատրակտորային կայանի ծառայություններից, որը կստեղծվի առաջիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter