HY RU EN

Ամալյա Մարգարյան

Երեք եղբայր մեղադրվում են չրերի գողության մեջ. երկուսն անչափահաս են

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, քննվում է երեք եղբայրների ՝ 450 կգ չորացրած մրգերի գողության գործով դատավորությունը։ Ամբաստանյալի աթոռին երեք եղբայրներ են՝ 25-ամյա Կորյուն Առաքելյանը (գրանցված է մոր ազգանվամբ) , 15 եւ 17- ամյա Հայկարամ ու Ստեփան Խաչատրյանները։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ գողությունը տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 10-ին Նորք-Մարաշ 16 փողոցում գտնվող չրերի պահեստարանից։ Կորյուն Առաքելյանի համար խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուս եղբայրները հսկողության տակ են։

Այսօրվա նիստի սկզբին դատավոր Գագիկ Պողոսյանը, նայելով ամբաստանյալ Կորյուն Առաքելյանի ձեռքերի դաջվածքներին, հարց ուղղեց, թե արդյոք դրանք վկայում են նրա հանցավոր կյանքի մասին։ Ամբաստանյալն էլ ասաց, որ անչափահաս ժամանակ է արել, երբ 14 տարեկանում դատապարտվել ու տեղափոխվել անչափահասների գաղութ, իսկ եղբայրները բնակվել են «Սոս մանկական գյուղում»։

Հիմա անչափահաս եղբայրները Կորյուն Առաքելյանի խնամքի տակ են, ինչպես նաեւ կինը եւ 6 ամսական երեխան։

Կորյունը եւ եղբայրներն այսօրվա նիստի ընթացքում կատարած արարքի մեջ իրենց մեղավոր ճանաչեցին, Կորյուն Առաքելյանն էլ, դիմելով դատավորին, հայտարարեց. «Չեմ ուզում եղբայրներս իմ կյանքը շարունակեն։ Լավ օրից չէ, որ գողություն ենք արել, ժամանակը հետ տայինք` ամեն ինչ այլ կլիներ»։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Կորյուն Առաքելյանը մեղադրվում է հանցավոր ճանապարհով  եղբայրներ Ստեփան Խաչատրյանի եւ Հայկարամ Խաչատրյանի ձեռք բերած 121 կգ չրի զանգվածն իրացնելու համար։

Ստեփան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Նորք-Մարաշում գտնվող չրի պահեստարանից սավաններով տեղափոխել է 2.100.000 դրամ արժողության 450 կգ չիր, իսկ Հայկարամ Խաչատրյանն էլ մուտք է գործել նշված պահեստ եւ դուրս է բերել չրային զանգվածը։ Եղբայրների արարքը դիտվել է որպես մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողություն։ Կորյուն Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, իսկ անչափահաս եղբայրներին՝ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով։

Տուժող Սոնա Տոնոյանը որեւէ պահանջ չունի եղբայրների նկատմամբ: Նա ցուցմուքնի մեջ նշեց, որ տղաներին ճանաչել է, իր տատիկի տանն են բնակվել՝ վարձակալությամբ: Հայտնեց նաեւ, որ նույն տան առաջին հարկում չրի արտադրամասի պահեստն է, որտեղ պահվում են հինգ տեսակի չրեր՝ խնձորի, տանձի, սեւ սալորի, դեղձի եւ ծիրանի:

Ս. Տոնոյանը նշեց, որ մոտ երկու հարյուր կիլոգրամ չիր, ոստիկանների կողմից հայտնաբերվելուց հետո, վերադարձվել է։

Ցուցմունք տվեց նաեւ Սոնա Տոնոյանի ամուսինը, ով ներգրավված է գործում որպես վկա: Նա պատմեց, որ արտադրամասում  նկատել է չրերի պակաս, դատարկ արկղեր, եւ քանի որ նախնական պայմանավորվածություն է ունեցել արտահանելու արտադրանքը, դիմել է ոստիկանություն։

«Ոստիկանությունը հայտնեց, որ հնարավոր է` չրերը «Մալաթիա» տոնավաճառում լինեն, քննիչի հետ գնացել եմ տոնավաճառ, ճանաչել չրերը, գնորդն էլ ներկայացրել է, թե ումից է գնել, ճանաչել ենք»,- հայտնեց վկան։

Այսօրվա նիստին Կորյուն Առաքելյանը հրաժարվեց ցուցմունք տալ եւ խնդրեց հրապարակել նախաքննական ցուցմունքները, որտեղ նշել էր, որ կնոջ հայրական տնից վերադառնալուց հետո, եղբայրները պատմել են, որ շինության հարեւան մուտքի բաց պատուհանով ներս են մտել եւ հայտնաբերել չրեր, որոնք ուտելու նպատակով, սավանի մեջ փաթաթելով, բարձրացրել են վերեւ։ «Ես տեղյակ չէի, որ նման բան են արել։ Ես էլ որոշեցի վաճառել, շատ էր, իսկ մեզ գումար էր պետք տան վարձը տալու եւ կոմունալ վճարումներն անելու համար, հետո տարել ենք «Մալաթիայի» շուկայում վաճառել, ստացել ենք 90 հազար դրամ»,- գրված էր Կորյուն Առաքելյանի նախաքննական ցուցմունքի մեջ։

Տղաները երեք անգամ են մուտք գործել չրերի պահեստ եւ սավաններով դուրս բերել չորացրած մրգերը։ «Արմենը հարցրեց, թե որտեղի՞ց մեզ այդքան չիր, հնարավո՞ր է գողացված լինի, ես էլ ասացի, որ սարքել ենք, ուղղակի գումար է պետք, ուզում ենք արագ վաճառել»,- հայտնել էր Կորյունը, որից հետո վաճառական Արմեն Գյուլումյանը նրանց փոխանցել է 90 հազար, 110 հազար եւ 104 հազար դրամ գումար։ Իսկ մնացած չիրը վաճառել են պատահական անցորդների։

Վաճառականը հայտնեց, որ չրերը տղաներից գնել է կիլոգրամը 800 դրամով եւ ավելացրեց, որ որակը բարձր չի եղել։

Այսօրվա նիստի ընթացքում Կորյուն Առաքելյանը հայտնեց նաեւ, որ 2010 թվականին մահացել է հայրը, երկու եղբայրներից բացի` չորս քույր ունի, բայց իրենց հետ չեն բնակվում, իսկ մայրը փոքր քրոջ հետ Վանաձորում է, նրա հետ կապ չեն պահում։

Այսօրվա նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 15-ին։