HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Տեսչությունը կրկին չհայտնաբերեց գետը լցվող փրփուրի աղբյուրը

Փետրվարի 2-ին բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Հրազդան գետից ջրի նմուշառում էր կատարել՝ գետում փրփրանման զանգված երևալու ահազանգից հետո:

«Հրազդան գետից վերցված նմուշառման լաբորատոր հետազոտության արդյունքներով` գետի ջրի մեջ որակական փոփոխություն առկա չէ»,- «Հետք»-ին հայտնեց բնապահպանության և ընդերքի տեսչության մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը:

Տեսչությունը տարածքի տնտեսվարող սուբյեկտներում ստուգումներ չի իրականացրել։ Պեպանյանի փոխանցմամբ՝ ահազանգողն (Վահե Ավետիսյան-հեղ.) էլ որևէ տնտեսվարողի վերաբերյալ կասկած-բողոք չի ներկայացրել, որպեսզի դրա հիման վրա տեսչությունը որևէ տնտեսվարող սուբյեկտի մոտ ստուգում իրականացնի։

Հարցին, թե արդյոք տեսչությունը փրփուրի արտահոսքի աղբյուրը պարզելու մասով այլևս աշխատանքներ չի տանելու, Պեպանյանը հայտնեց՝ որպեսզի ստուգում իրականացվի որևէ ընկերությունում, անհրաժեշտ է, որ տվյալ պարագայում գետի ջրում որակական փոփոխություն գրանցվի արտահոսքի հետևանքով և երևա, թե ինչ նյութի մասին է խոսքը: Կամ էլ, մամուլի քարտուղարի խոսքով, գոնե դիմում-բողոք պետք է լինի որևէ ընկերության վերաբերյալ ահազանգողի կողմից, արտահոսքը դադարեցված չլինի և հստակ լինի, թե արտահոսքը որ տնտեսվարողի գործունեության արդյունքում է։ Մինչդեռ նշվածներից որևէ մեկն առկա չէ այս պարագայում։

Ստացվում է՝ փրփրանման զանգվածը կարող է գետը լցվել այնքան ժամանակ, մինչ գետի ջրի որակական բաղադրությունը կփոխվի կամ էլ որևէ մեկի կողմից բողոքը կլինի, որով քայլեր կձեռնարկվեն արտահոսքի աղբյուրը պարզելու համար:

Հիշեցնենք, որ արդեն 8 ամիս է` պետական որևէ կառույց չի կարողանում պարզել, թե փրփրանման զանգվածը որտեղից է լցվում Հրազդան գետ:

Հավելենք, որ փետրվարի 1-ի առավոտյան Շենգավիթ վարչական շրջանի տարածքում՝ «Ղռերի փոս» կոչվող հատվածում, Վահե Ավետիսյանը տեսագրել էր Հրազդան գետ լցված փրփրանման զանգված: Վահե Ավետիսյանն ու «Հետք»-ը դեռևս մայիսից ահազանգում են, որ Հրազդան գետի այդ տարածքում մշտապես փրփրանման զանգված է երևում: Սակայն բնապահպանության նախարարությունը մայիսին հստակ չէր կարողացել գտնել, թե հոսքը դեպի գետ որտեղից է եղել և դիմել էր ոստիկանության Շենգավիթի բաժին, վերջինս նույնպես ուսումնասիրություններ էր կատարել, սակայն փրփուրի արտահոսքի աղբյուրը կրկին չի հայտնաբերել:

Լուսանկարը՝ Վահե Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

 

Մեկնաբանություններ (1)

bngand
Ձկները ձայն չեն հանում, էլ ինչ տուժող ու բողոքող? Ջուրն էլ ինքն իր համար փրփրում է, որակ-մորակի հետ կապ չունի ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter