
Տուֆաշենի համայնքապետը չի դիմացել ծանրաբեռնված աշխատանքին եւ հրաժարական է տվել
«Մենք էղավ շաբաթից ավել է` գյուղապետ չունինք, քուր ջան, դիմում գրե դուրս է էկել, դու ո՞ւմ գուզես տեսնիս»,- տուֆաշենցի տղամարդու փոխանցած տեղեկությունը աչքալույսի նման էր, բայց չի ուրախացնում, հատկապես, երբ դրան հետեւում է «գյուղապետարան էլ մի գնացեք: Էնիգ գյուղապետի էղած վախտն էր փակ, հըմի օր չկա, դուռ բացող էլ չկա» խորհուրդը:
Կիսաքանդ պատի արեւկող հատվածում թափված քարերի ու ծխախոտի մնացորդներից դժվար չէ կռահել, որ գյուղատեղի կոչվածը հենց այդ ճանապարհամերձ հատվածն է, որտեղ անգամ ձմռան ցրտին տղամարդիկ հավաքվում են՝ օրվա ձանձրույթը փարատելու: Ներքուստ ուրախանում եմ, որովհետեւ անղեկավար այս գյուղում, եթե նրանք էլ չլինեին, ուրեմն պիտի ստիպված պատահական դռներ թակեի` որեւէ տեղեկություն ստանալու հույսով:
Տեսնելով մոլորված հայացքս՝ հավաքվածներից մեկը բանիմաց տոնով նկատում է. «Ըբը մե հատմ զանգեիք, նոր գայիք»: «Զանգել եմ, մի ամիս է զանգում եմ ձեր գյուղապետին` Մխիթարյան Համազասպին, բայց կամ չէր պատասխանում կամ անհասանելի էր»,- հուսահատված ուսերս եմ թոթվում` խնդրելով օգնել գոնե հաշվապահին կամ աշխատակազմի քարտուղարին գտնել: Տարբեր մարդկանց զանգահարելուց, դպրոցահասակ մի երեխայի, ինչ-որ մեկի տուն ուղարկելուց հետո, ի վերջո, պարզվում է, որ հաշվապահն ու աշխատակազմի քարտուղարը գնացել են Գյումրի: Մարզպետարանից կանչել են, վերջիններս էլ տարել են Տուֆաշենի բյուջեն հաստատելու:
Փորձում եմ հասկանալ՝ ինձ հետ զրուցող տուֆաշենցիներն ավագանու անդամներին ճանաչու՞մ են, թե՞ ոչ: Ասում եմ, որ ծայրահեղ դեպքում կուզենայի նրանց հետ զրուցել: Հիմա էլ ուսերը վեր քաշելու հերթն իմ զրուցակիցներինն է. «Եսիմ ո՞վ են, մենք ավագանի ունի՞նք,- զարմանքով կողքին կանգնածներին է դիմում Ռազմիկն ու սկսում թվարկել,- վայթեմ Յուրան ավագանի է, բայց էնիգ Արթիկ կապրի, ավագանիներից մեկն էլ նորվա գազելով քաղաք գնաց, մյուսներն էլ խոպան են: Համ էլ ի՞նչ իմանանք, քուր ջան, գործով հետները չենք շփվի, դե արի իմացի, թե ով՝ ով է»:
10 րոպեանոց զրույցի արդյունքները մխիթարական չեն: Տուֆաշենցիները դժգոհ են համայնքի ղեկավարի աշխատանքից, չեն ճանաչում ավագանու անդամներին, իրենց համայնքը համարում են մոռացվածներից, տարիներ շարունակ սպասում են, թե երբ կբարեկարգվի գյուղ բերող ճանապարհը, հուսահատվում են, որովհետեւ ոչ ոք գոնե ձեւի համար չի խոստանում, թե այսինչ տարում կանենք, իրենք էլ հույսով ապրեն: Տուֆաշենցի կանանց ձեռքերը «երկարել են» գյուղամիջի աղբյուրից ջուր կրելով, բայց խնդրին լուծում տվող չկա, ոչ էլ որեւէ մեկը կա, ում կարողանային դիմել ու մի կոնկրետ պատասխան ստանալ:
«Տիրովին տերն է տարել, անտերին՝ գելը: Հմի մենք էդ օրին ենք»,- դժգոհում է Տուֆաշենի միակ խանութից ապառիկ գնումների եկած Փնջիկը: Նա 19 տարի առաջ է հարս եկել Ազատանից ու հիմա երբ առիթ է լինում գնալ հայրենի գյուղ ու վերադառնալ, ավելի է հուսահատվում` համեմատելով երկու համայնքների ներկա վիճակը: «Ազատանցոց գյուղապետն ու~ր, մերը` ու~ր: Հեչ համեմատելու բան չկա: Մեր գյուղապետի երեսը հատկապես էս վերջին տարին շաբաթը մեկ կտեսնինք: Գուկա գեղի երեսը կֆռֆռա, էլի կերթա Երեւան, ընտեղ վարձով կմնա, ընտանիքն էլ տեղափոխեց, էլ գյուղն ի՞նչ կենե, գեղացոնց դարդ ու ցավն ի՞նչ կենե: Ըշտը վերջն էլ էկավ դիմում գրեց ու վերջնական գնաց»,- ասում է Փնջիկ Հայրապետյանը:
Տուֆաշենում պատմեցին, որ համայնքապետ Համազասպ Մխիթարյանի տղան խաղում է «Փյունիկ» ֆուտբոլային թիմում եւ «տղու խաթր, Համիկն էլ թե մե վախտմ կերթար-գուկար, հմի լրիվ տեղափոխվավ գյուղից մայրաքաղաք»: 2005 թ.-ից Տուֆաշենը ղեկավարող համայնքապետի օրոք գյուղում որեւէ հիմնահարց չի լուծվել: Գյուղը գազիֆիկացվել է 2004 թ.՝ նախորդ համայնքապետի ղեկավարման ժամանակ:
Գյուղում ծնելիությունը քանի գնում՝ նվազում է: Երիտասարդները խուսափում են ամուսնանալուց: Պատճառաբանում են, թե պայմաններ չկան, ավելի շուտ՝ գյուղում ապագա չեն տեսնում, շատերը փորձում են հաստատվել Ռուսաստանում: Տուֆաշենում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ եւ հացահատիկային կուլտուրաներ մշակելով: Տղամարդկանց մի մասն էլ, ովքեր արտագնա աշխատանքի չեն մեկնում ՌԴ, սեզոնային աշխատանքի են անցնում գյուղի հարեւանությամբ գործող տուֆի հանքերում: Տուֆաշենը, կարելի է ասել, հենց տուֆի հանքաշերտերի վրա կառուցված գյուղ է: Ներկայումս գյուղի հարեւանությամբ 10 հանք կա, բայց ոչ բոլորն են շահագործվում:
Տուֆի հանքերից մեկում աշխատող Հովիկ Հայրապետյանն ասում է, որ հանքի աշխատանք կոչվածը տարվա մեջ տեւում է ընդամենը 4-5 ամիս, բանվորության համար միջինը մարդիկ ստանում են 80-100 հազար դրամ: Հետո ստիպված են մի 6 ամիս սպասել, մինչեւ սեզոնի բացվելը: Այդ ընթացքում ոմանք եթե կարողանում են դրսում աշխատանք գտնել, հեռանում են գյուղից: Ինքն էլ կգնա, եթե ձմռանը արտագնա աշխատանքի հնարավորություն ընձեռվի: «Եթե էդ խոպանի գործը չի էղնի, ուրեմն ստիպված ենք էրեխեքի նպաստով յոլա էրթալ, մինչեւ գարուն»,- դժգոհում է 4 անչափահաս երեխայի հայրը:
Տուֆաշենի միջնակարգ դպրոցում 54 երեխա է սովորում: Լավագույն տարիներին, այսինքն՝ 1960-70-ականներին, սովորող աշակերտների թիվը մոտ 200 է եղել, 1997 թ.` 157, ու դրանից հետո միայն նվազում է գրանցվել: Այս տարի 4 առաջին դասարանցիներից երեքն են հաճախել դպրոց: Երեխաներից մեկը մինչեւ ուսումնական տարին սկսվելը ծնողների հետ տեղափոխվել է Արմավիրի մարզ: Դպրոցի տնօրեն Ահարոն Եգորյանն ինձ հանդիպած տուֆաշենցիներից երեւի ամենալավատեսն էր: Վերջինս նկատեց, որ ով էլ լիներ համայնքապետ Համազասպ Մխիթարյանի փոխարեն, դժվար թե շատ բան կարողանար անել այս գյուղի համար: «Փոքր բյուջե ունեցող գյուղերում մեծ ծրագրեր իրականացնելն անհնար է, եթե պետական ուշադրություն չլինի: Վերցնենք թեկուզ մեր դպրոցի օրինակով: Մինչեւ հիմա, 90-ականներից սկսած, դասասենյակները դիզելային վառելիքով ենք տաքացնում: Մենք մի տարի դիմեցինք Ռալֆ Յիրիկյանի օգնությանը, որպեսզի կենտրոնացված ջեռուցում ունենանք: Մեր այս փոքրիկ դպրոցի համար նման ծրագիրը մեծ ձեռքբերում կլիներ, բայց արի ու տես, որ «ՎիվաՍելի» համար դա շատ փոքր բան էր ու մեզ պատասխանեցին, որ իրենք ավելի մեծ ծրագրերի իրականացումով են զբաղվում: Դե մենք էլ հիմա ավելի շատ սպասում ենք, թե Կառավարությունը երբ կորոշի մեզ անդրադառնալ, գուցե մի օր էլ մեր հերթը հասնի»,- ասում է Ահարոն Եգորյանը:
Գյուղից դուրս, ձորաբերանին թառած մշակույթի տունը եւս նորոգման, ջեռուցման կարիք ունի: Գյուղամիջում հանդիպած տուֆաշենցի տղամարդիկ համայնքի խնդիրների շարքում ճանապարհներից հետո երկրորդ տեղում դրեցին հենց այդ շինության գործարկման հարցը: Եթե գոնե մի կահավորված ու տաքացվող սենյակ լիներ, իրենք հավաքվելու, զրուցելու, ինչ-որ մի բանով զբաղվելու տեղ կունենային ու տարին բոլոր չէին նստոտի կիսաքանդ կանգառի պատի տակ: Տուֆաշենի մշակույթի տան երկարամյա տնօրեն Վերա Հարությունյանն այնքան էլ համաձայն չէ համագյուղացիների հետ: Պարզվում է՝ մշակույթի տունը լավ էլ գործել է: 300 տեղանոց լավ պահպանված դահլիճ ունեն, դպրոցական միջոցառումների մեծ մասը ժամանակին այնտեղ են անցկացրել: Այս մի տարին է, որ շենքն իր նպատակին չի ծառայում:
«Իմ սաղ մտածմունքս շենքի կռիշն է: 1998 թ. կարկտահարություն եղավ, հյուսիսային կողմը սաղ ջարդեց-թափեց: Էն ժամանակ ես մարզպետ Գոմցյանի հետ մինչեւ Երեւան հասա, բայց օգնություն չտվին: Մինչեւ հմի, արդեն քանի տարի է անցել, էդ կռիշն ըդպես քանդած կմնա,- պատմում է Վերա Հարությունյանը,- անձրեւ օր գուկա, ուրեմն պիտի դահլիճում լոդկա դնենք: Բայց ախր շատ ափսոս է, էդքան տարի պահել, պահպանել եմ էղածը, բայց հմի ըսպես կփչանա մե քանիմ շիֆրի դարդից»:
Արթիկի տարածաշրջանի Տուֆաշեն գյուղի տարեկան բյուջեն 2011 թ. 9,5 մլն դրամ է եղել, պետության կողմից հատկացրած դոտացիան` 5 մլն 200 հազար դրամ: Հեռախոսազրույցի ընթացքում աշխատակազմի քարտուղար Ալիկ Հարությունյանից ճշտում եմ, որ Շիրակի մարզպետարանում համայնքի 2012 թ. բյուջեն եւս հաստատվել է` 10 մլն դրամ: «Հիմա փաստացի ո՞վ է ղեկավարում Տուֆաշենը»,- հարցիս Ալիկ Հարությունյանը պատասխանում է, որ ժամանակավոր պաշտոնակատար դեռ նշանակված չէ, քանի դեռ Կառավարությունը չի ընդունել Համազասպ Մխիթարյանի հրաժարականի դիմումը: Ինչո՞ւ է համայնքապետը որոշել թողնել պաշտոնը, երբ դեռ մեկ տարի էլ կարող էր պաշտոնավարել: Որպես հրաժարականի պատճառ դիմումատուն նշել է առողջական խնդիրները: Աշխատակազմի քարտուղարի փոխանցմամբ՝ «սրտի հետ կապված պրոբլեմներ են նշված դիմումի մեջ, էդպես լավ չգիտեմ, գրել է, որ պիտի գնա բուժման»: Ի դեպ, հրաժարականի դիմում գրող համայնքապետերի մեծ մասը հենց այս հիվանդությունն է նշում որպես լուրջ ու ծանրակշիռ փաստարկ: «Դե ծանրաբեռնված աշխատանք է, հնարավոր է, որ սիրտն էղնի»,- համայնքի ղեկավարի դիմումի հետ կապված՝ եզրակացնում է Ալիկ Հարությունյանը:
Մեկնաբանել