
2017-ին գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կրճատվել է
Տարվա ընթացքում հրապարակված պաշտոնական վիճակագրությունը փաստում էր, որ տարին գյուղոլորտի համար բարենպաստ չէր ավարտվելու: Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքի 2017 թվականի տվյալները, որից պարզ է դառնում, որ 2016 թվականի համեմատ՝ գյուղարտադրանքի ծավալը կրճատվել է 3 տոկոսով: Արտադրանքի ծավալը կազմել է 935 միլիարդ 804 միլիոն դրամ:
Պաշտոնական վիճակագրությունը գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքի ծավալը հաշվարկում է անասնաբուծության, բուսաբուծության և ձկնորսության արտադրանքի համագումարով:
Այս ոլորտի ծավալային անկումն ապահովել է գյուղատնտեսությունը, որը 2016-ի համեմատ կրճատվել է 3 տոկոսով, սրան հակառակ ձկնորսության արտադրական ծավալը աճել է 0,8 տոկոսով:
Գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքի ծավալը գումարային ցուցանիշներով այսպիսին է.
Գյուղարտադրանքի ծավալի հիմնական անկումը բուսաբուծության արտադրական կրճատման հետևանքով է եղել: 2016-ի համեմատ՝ այն կրճատվել է 7 տոկոսով, չնայած այն ապահովում է գյուղոլորտի արտադրանքի հիմնական չափաբաժինը:
Եթե 2017 թվականի գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքի ծավալը համեմատենք 2016-ի տվյալների հետ, ապա գյուղոլորտի արտադրանքը 2016-ի համեմատությամբ միայն հինգ ամիսներին է կարողացել արտադրական աճ գրանցել, մնացած ամիսներին մինչ 25 տոկոսանոց անկում է ունեցել, ինչպես օրինակ օգոստոսին: Իսկ օրինակ գյուղոլորտի արտադրանքը տարվա ընթացքում առավել մեծ ծավալով՝ 35 տոկոսով աճել է հոկտեմբերին, երբ դրա համախառն արտադրանքի ծավալը հասել է 153 միլիարդ դրամի:
Իսկ եռամսյակային տվյալներով՝ գյուղոլորտն առավել մեծ արտադրական ծավալ կարողացել է ապահովել տարվա երրորդ եռամսյակին՝ հուլիս-սեպտեմբերին՝ 337 միլիարդ դրամով:
2017թ. հունվար-դեկտեմբերի մարզային տվյալներով՝ գյուղատնտեսական արտադրանքի ապահովման ծավալով Արմավիրի մարզն առաջինն է: Տարվա ընթացքում այն ապահովել է 182 միլիարդ դրամի գյուղատնտեսական արտադրանք, ապա գյուղատնտեսությամբ ակտիվ զբաղվել են Արարատի և Գեղարքունիքի մարզերը:
Նշենք, որ Երևանը գյուղոլորտի համար ամենաքիչ գրավիչ տարածքն է: Մայրաքաղաքը գյուղատնտեսական արտադրանքի ամենացածր ծավալն է ապահովել՝ 10 միլիարդ դրամով:
Գյուղատնտեսական արտադրանքի հիմնական ծավալն ապահովող 5 մարզերն են` Արմավիրը, Արագածոտնը, Գեղարքունիքը, Շիրակն ու Արարատը: Դրանց 2017-ի արտադրական տվյալները այսպիսին են.
Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող 126 առևտրային կազմակերպություն է գործում: Պաշտոնական վիճակագրությունն այնտեղ աշխատողների միջին ցուցակային թվաքանակը 3041 մարդ է հաշվարկել: Կազմակերպությունների հիմնական մասը գերփոքր են՝ մինչ 9 աշխատող ունեցող: Սակայն ամենաշատ աշխատող ունեցողները միջին չափի (50-249 մարդ) խանութներ են, որտեղ 2017-ին աշխատել է 1 100 աշխատող:
Գյուղատնտեսական արտադրանքը հիմնականում ապահովել են միջին չափի խանութները` 16 միլիարդ 150 միլիոն դրամի արտադրանք: 9 միլիարդ 959 միլիոն դրամի գյուղատնտեսական արտադրանք էլ ապահովել են 250 և ավելի մարդ ունեցող կազմակերպությունները:
ԱՎԾ-ն նաև հաշվարկել է գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերի ցանքային տարածությունները, որից պարզվում է՝ հանրապետությունում նախորդ տարի առավել շատ հացահատիկ և հատիկաընդեղեն են մշակել, ապա մեծ են եղել բանջարեղենային ցանքատարածությունները:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել