
Պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ
Փետրվարի 6-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է Երևանի կայազորային կլինիկական զինվորական հոսպիտալ, հաղորդում է ՊՆ պաշտոնական կայքը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հոսպիտալի բաժանմունքներում, որոնց մի մասն ամբողջությամբ հիմնանորոգվել է և հագեցվել ժամանակակից ու եզակի բուժսարքավորումներով:
Վիգեն Սարգսյանին են ներկայացվել հոսպիտալում և հոսպիտալի տարածքում տեղակայված ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայում իրականացվող աշխատանքները, մատուցվող բժշկական ծառայությունները, ինչպես նաև նյութատեխնիկական վերազինման արդյունքում հոսպիտալում և հատկապես վերակենդանացման բաժանմունքում առաջնային պարտադիր բուժհետազոտություններ, վիրաբուժական բարդ միջամտություններ կատարելու և առհասարակ բարձրակարգ բուժսպասարկում կազմակերպելու համար ստեղծված նոր հնարավորությունները:
Այցի ընթացքում պաշտպանության նախարարը զրուցել է նաև հոսպիտալում բուժվող զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով և մաղթել շուտափույթ ապաքինում:
Մեկնաբանել