
Կարեն Կարապետյանը Դոմինիկ դը Բյումանի հետ քննարկել է հայ-շվեյցարական տնտեսական համագործակցության ուղիները
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, փոխանցում է կառավարության պաշտոնական կայքը:
Դոմինիկ դը Բյումանն ընդգծել է, որ Երևանում անցկացված համաժողովն արդյունավետ է եղել, քննարկել են հայ-շվեյցարական տնտեսական փոխգործակցության հեռանկարներն ու համատեղ ծրագրերը: Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, այդ թվում՝ գինեգործության ոլորտում համագործակցության զարգացումը և տեղեկացրել, որ շվեյցարական գինեգործական մեծ ավանդույթներ ունեցող խոշոր ընկերություններից մեկն արդեն իսկ փոխգործակցություն է հաստատել հայաստանյան գործընկերների հետ:
Վերջինս կարևորել է նաև համագործակցությունը վերականգնվող էներգետիկայի ոլորտում, մասնավորապես, ՀՀ-ում արտադրվող արևային վահանակների արտահանման ուղղությամբ, ինչպես նաև՝ դեղագործության, զբոսաշրջության բնագավառներում փոխգործակցության զարգացումն ու ընդլայնումը: Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի խոսքով, Հայաստանն իր գրավչությամբ կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել շվեյցարացիների մոտ:
Զրուցակիցները Հայաստանի և Շվեյցարիայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության խթանման ու մարդկանց միջև շփումների ակտիվացման նպատակով կարևորել են երկկողմ ուղիղ ավիաչվերթի գործարկումը:
Մեկնաբանել