HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում

«Հետքը» այսօրվանից հատվածաբար ներկայացնում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանի «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» գիրքը: Գրքի հրատարակումից հետո Վարդան Հարությունյանը լրացումներ է կատարել։ 

Գրքի ստեղծման նախապատմությունը

Նման գրքի հրապարակման ցանկություն կար վաղուց, բայց այդ ուղղությամբ քայլեր սկսեցի նախաձեռնել 2011 թվականի աշնանից: Որպես առաջին քայլ դիմեցի Ազգային անվտանգության ծառայություն` խնդրելով տրամադրել ինձ խորհրդային տարիներին քաղաքական նկատառումներով դատապարտված անձանց դատավճիռները: Դիմումը ներկայացնելուց մի քանի օր անց ինձ հրավիրեցին ԱԱԾ եւ սկսեցին մանրակրկիտ քննարկել խնդրանքս հնարավորինս ճշգրիտ ու բարձրորակ իրականացնելու ուղիները: Նախ` պետք է ճշգրտվեին ցուցակները, իսկ դա, ըստ մեր զրույցի, պետք է անեի ես: Այնուհետեւ ԱԱԾ արխիվների վարչությանը ժամանակ էր հարկավոր` գործը ցանկալի մակարդակով անելու համար: Ես համաձայնեցի ցուցակներին առնչվող իմ ունեցած տեղեկություններն ի մի բերել ու ճշգրտել, իսկ նրանք խոստացան քսան օրվա ընթացքում ինձ տրամադրել իրենց արխիվում պահվող բոլոր անհրաժեշտ դատավճիռները: Այս զրույցից մի քանի օր անց ԱԱԾ-ից նամակ ստացա, ըստ որի, համաձայն Արխիվների եւ Տեղեկատվության մասին օրենքների` դիմումս մերժվում է: Մերժումն ստորագրել էր նույն պաշտոնյան, որն ինձ հետ ամենայն պատրաստակամությամբ   ու   մանրամասնորեն   քննարկել   էր   դիմումիս   ընթացք   տալու ծրագիրը: Հաջորդ օրվա իմ հարցին, թե դա ինչ է նշանակում, նա պատասխանեց, որ ինձ ուղղված մերժման գրության մեջ իրեն է պատկանում միայն ստորագրությունը, իսկ տեքստի հեղինակները բոլորովին այլ մարդիկ են, եւ այդ մերժումն այլ առանձնասենյակում է գրվել:

Մտածեցի, որ մերժման որեւէ` թեկուզ կամայական հիմք չեն ունենա, եթե յուրաքանչյուր դատավճռի համար դիմի հենց այն մարդը, ում նկատմամբ կայացվել է դատավճիռը, իսկ այդ մարդու մահվան դեպքում` ժառանգը: Անտրամաբանական կլիներ, եթե մերժեին դիմողին տրամադրել իր կամ հարազատի նկատմամբ կայացված դատավճիռը: Համաձայնագրեր հավաքելու համար հսկայական ժամանակ ծախսեցի: Ոմանք արդեն մահացել են, ոմանք բնակվում են Հայաստանից դուրս, իսկ ոմանց հետ էլ ընդհանրապես կապ չկա: Որոշ դատավճիռների համար այդպես էլ համաձայնագրեր հայթայթել չկարողացա: Ինչեւէ. հավաքեցի համաձայնագրերի մի ամբողջ փաթեթ, որոնցով նախկին  դատապարտվածները  կամ  նրանց  մահվան  դեպքում`  ժառանգներն ԱԱԾ տնօրենին հայտնում էին, որ տեղյակ են իմ նախաձեռնության մասին, դեմ չեն, որ իրենց կամ իրենց հարազատների նկատմամբ կայացված դատավճիռները տրամադրվեն ինձ, եւ 2012-ի դեկտեմբերին ուղարկեցի ԱԱԾ: Որքան էլ զարմանալի է` կրկին մերժում ստացա: Այլ ճանապարհ չկար` ստիպված էի աղմուկ բարձրացնել:  Նրանց  վրա  ազդելու  լավագույն  տարբերակը  հասարակական ճնշումը կարող էր լինել: Որպես առաջին քայլ` ստորեւ ներկայացված հայտարարությամբ հանդես եկան մի խումբ նախկին քաղբանտարկյալներ։ 

Հայտարարություն 8.02.2013

Իրավապաշտպան,  իրավունքի  եւ  ազատության  կենտրոն  հ/կ  նախագահ Վարդան Հարությունյանը նախաձեռնել է խորհրդային տարիներին Հայաստանում ծավալված այլախոհական շարժման մասին մի ուսումնասիրություն հրապարակել: Նախատեսվող ուսումնասիրության մեջ, ի թիվս այլ նյութերի, պետք է  տեղ  գտնեն  նաեւ  այդ  տարիներին  դատապարտվածների  դատավճիռները: Դրանք ձեռք բերելու նպատակով` դեռեւս 2011թ. նոյեմբերին Վ. Հարությունյանը դիմում է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն: Սակայն, ԱԱԾ-ն` իր գրությամբ հղում կատարելով Արխիվային գործի մասին  օրենքի  21-րդ  եւ  Տեղեկատվության  մասին  օրենքի  8-րդ  հոդվածների վրա, մերժում է նրան: Մերժման ակնհայտ անհիմն լինելը վիճարկել չցանկանալով` Հարությունյանը մտածում է, որ մերժման որեւէ` թեկուզ կամայական հիմք չի լինի, եթե մարդիկ իրենց անունից դիմեն ԱԱԾ եւ պահանջեն ժամանակին իրենց նկատմամբ կայացված դատավճիռները: Նա խորհրդային տարիների քաղբանտարկյալներից,  իսկ  մահացածների  դեպքում`  նրանց  առաջին  կարգի ժառանգներից հավաքում է նման դիմումներ ու մեկ փաթեթով 2012 թ. դեկտեմբերի 6-ին ուղարկում ԱԱԾ, իսկ արդեն դեկտեմբերի 11-ով թվագրված գրությամբ կրկին մերժում է ստանում: Այս անգամ արդեն մերժման համար որպես հիմք նշվում է Արխիվային գործի մասին օրենքի 22-րդ հոդվածը:

Ակնհայտ է, որ յուրաքանչյուր դատապարտյալի դատավճիռ պետք է տրվի դատապարտյալին: Այլ կերպ լինել չի կարող: Սակայն, խորհրդային շրջանում քաղաքական  բանտարկյալների  դատավճիռները բանտարկյալներին  աշխատում էին չտրամադրել: Հայտնի են դեպքեր, երբ մարդիկ կարողացել են իրենց դատավճիռները կամ մեղադրական եզրակացություններն ստանալ երկարատեւ հացադուլների արդյունքում: Բայց այդ ժամանակները վաղուց արդեն անցյալ են: Այն երկիրը, որը մարդկանց դատապարտում էր այլախոհ լինելու համար` այլեւս գոյություն չունի: Այդ շրջանի քաղբանտարկյալները վաղուց արդարացվել են, բայց Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ն` հին ժամանակների ոգուն համաձայն, շարունակում է հույժ գաղտնի փաստաթուղթ համարել խորհրդային շրջանում հրապարակված դատավճիռները, մոռանալով, որ դրանք հրապարակային փաստաթղթեր են, հրապարակվել են դատարանների դահլիճներում եւ իրենց հրապարակման պահից արդեն հանրության սեփականությունն են։ Դրանք մեզ են վերաբերում, կայացվել են մեր նկատմամբ, եւ մենք իրավունք ունենք պահանջել եւ ստանալ մեր դատավճիռները:

Զարմանալի է միայն, թե ինչու է տխրահռչակ Խորհրդային պետության տապալումից եւ Հայաստանի Անկախ Հանրապետության հռչակումից այսքան տարի անց` Անկախ Հայաստանի կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում հավատարիմ մնալ խորհրդային մտածողությանն ու բարքերին եւ ամեն կերպ ի ցույց դնում իր անհանդուրժողականությունն այն մարդկանց նկատմամբ, ովքեր ժամանակին պայքարել են այդ բարքերի ու այդ մտածողության դեմ:

Դատապարտելով ԱԱԾ ղեկավարության նման կամայական գործելաոճը` հայտարարում ենք, որ հետամուտ ենք լինելու մեր իրավունքների պաշտպանությանը: Ուրախությամբ կընդունենք լրատվամիջոցների ներկայացուցիչների, իրավապաշտպանների, հասարակական ու քաղաքական գործիչների աջակցությունը:

Պարույր Հայրիկյան, Ռազմիկ Մարկոսյան, Ազատ Արշակյան, Շահեն Հարությունյան, Վալտեր Մելիքյան, Բագրատ Շահվերդյան, Գագիկ Առաքելյան,  Նորիկ  Մարտիրոսյան,  Սուրեն  Մելիքյան,  Կոստան  Կարապետյան, Վարդան Հարությունյան 

Հայտարարությանն արձագանքեցին լրագրողները, եղան հարցազրույցներ ու այլ հրապարակումներ լրատվամիջոցներում, եւ ԱԱԾ-ն ստիպված եղավ հարցի լուծման համար ինձ հրավիրել զրույցի, որին մասնակցում էին ԱԱԾ բարձրաստիճան ներկայացուցիչներ` ԱԱԾ տնօրենի տեղակալի գլխավորությամբ: Նրանք անհասկանալի համառությամբ պնդում էին, որ այդ դատավճիռներում կան մարդկանց անուններ, ասենք` դատավարության ժամանակ հանդես եկած վկաների, որոնք գուցե չեն ցանկանա, որ իրենց անունը պարունակող փաստաթուղթ դուրս գա ԱԱԾ արխիվից: Իմ այն պնդմանը, թե խոսքը մարդկանց նկատմամբ կայացված դատավճռի մասին է, որը չի կարող չտրամադրվել նրան` ում նկատմամբ դա կայացվել է, պատասխանում էին, որ նրանք այդ դատավճիռները որպես դատավճիռ չեն դիտարկում, իրենց համար դրանք մարդկանց անուններ պարունակող արխիվային նյութեր են, եւ վերջ: Այն, որ դրանք իրականում դատավճիռներ են, եւ անկախ իրենց պնդումների` այդպիսին եղել են, մնում են ու կմնան մշտապես, ու դրանք պետք է տրվեն նրանց, ում նկատմամբ կայացվել են` փաստարկ չհամարվեց իրենց համար:

Հարցի այսպիսի լուծում առաջարկեցին. մարդկանց անունների փոխարեն` նշել նրանց անուն-ազգանունների սկզբնատառերը, իսկ ես, ըստ իմ հնարավորությունների, ունենալով սկզբնատառերը` փորձեի վերծանել դրանք: Անգամ խոստացան աջակցել ինձ այդ դժվարին գործում: Սա անսպասելի էր ինձ համար:  Գործս  բարդանում  էր,  բայց  համաձայնեցի`  հուսալով,  որ  հավատարիմ կմնան իրենց խոստմանը, եւ երբ դժվարությունների հանդիպեմ` կօգնեն: Բայց դատավճիռներն  ինձ  տրամադրելու  փուլում  խախտեցին  իրենց  խոստումը: Մարդկանց անուն-ազգանունների իրական սկզբնատառերի փոխարեն` կամայական տառեր նշեցին, ինչը դրանց վերծանումը դարձնում էր անհնար, իսկ վերծանման ուղղությամբ խոստացած աջակցությունից ընդհանրապես հրաժարվեցին: Եթե սկզբում այս կամ այն տառին համապատասխան մարդու իրական անունը հարցնում էի` պատասխանում էին, ապա մի քանի օր անց տեղեկացրեցին, որ իրենց արգելել են աջակցել ինձ նույնի՛սկ այդ հարցում: Մի խոսքով, ինչպես եւ վայել է իսկական չեկիստին` չարեցին այնպես, ինչպես խոստացել էին: Արդյունքում ձեռքիս տակ հայտնվեցին թերի դատավճիռներ: Սկսվեց դրանց վերականգնման մի դժվարին շրջան: Բնական է, որ ինչքան հին էին դատավճիռները, այնքան դժվար էր դրանց վերականգնումը: Մարդիկ մոռացել են ոչ միայն իրենց գործում ներգրավվածների անուն-ազգանունները, այլեւ` ամբողջական դրվագներ: Եթե դատապարտվածների անունները ճշտելը դեռ մի կերպ հնարավոր էր, ապա բազմաթիվ վկաների պարագայում` անլուծելի խնդիրներ էին ծագում: Ամեն դեպքում առավելագույնն արվել է դրանք ամբողջական տեսքի բերելու համար: Այնուհանդերձ, քիչ չեն այն դատավճիռները, որոնք հրապարակվում են այնպես, ինչպես ստացել եմ ԱԱԾ-ից: Սակայն, կարծում եմ, անունների բացակայությունը դատավճռի էության վրա չի ազդում եւ ընթերցողին չի խանգարում լիարժեք պատկերացում ստանալ տվյալ փաստաթղթի վերաբերյալ: Հարկ է նշել նաեւ, որ դատավճիռները չափազանց անմխիթար վիճակում էին, բազմաթիվ հատվածներ` անընթեռնելի: Ինչ հնարավոր է եղել վերականգնել` վերականգնել եմ, իսկ չկարողանալու դեպքում` գծիկներ եմ դրել:

60-ականներին դատապարտված քաղբանտարկյալների մի խումբ կա, որոնց հարազատներին կամ անձամբ իրենց չհաջողվեց գտնել: Նրանց նկատմամբ կայացված դատավճիռներն ընդհանրապես չտրամադրեցին ինձ: Նրանց մասին գրքում առկա տեղեկատվությունը վերցրել եմ Արմենակ Մանուկյանի «Քաղաքական այլախոհությունը Հայաստանում 1950-1988 թթ.» գրքից: Այդ նույն գրքից եմ օգտվել նաեւ որոշ` մինչեւ 1964 թ. դատապարտվածների  դեպքում: 

ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

Անհրաժեշտ ընդգծումներ

Գրքի կառուցվածքը 

Այս գրքում յուրաքանչյուր քրեական գործ ներկայացված է առանձին եւ ամբողջական: Քրեական գործեր կան, որ վերաբերում են մեկ մարդու, գործեր կան, որ վերաբերում են խմբերի: Յուրաքանչյուր քրեական գործ ներկայացնելիս` սկզբում տրվում է կարճ տեղեկատվություն քրեական գործում ներգրավված մարդկանց, նրանց ծավալած ու քրեական գործի համար հիմք ծառայած գործունեության մասին: Մեր ներկայացրած  տեղեկությունները  միշտ  չէ,  որ  համընկնում  են  գործով  հրապարակված դատավճռում հիշատակված դրվագներին, եւ պարտադիր էլ չէ, որ դրանք դատավճիռներում հիշատակված լինեն: Սրա հիմնական պատճառն այն է, որ դատավճիռներում հիշատակված դրվագները միշտ չէ, որ իրականում կատարվածի ճշգրիտ արտացոլումն են: Մեր տեղեկությունները, որպես կանոն, հիմնված են գործերին անմիջականորեն կամ միջնորդավորված առնչություններ ունեցող մարդկանց հուշերի ու պատմությունների վրա: Գործի մասին այս անդրադարձներից հետո տրված են գործով դատապարտված յուրաքանչյուրի համառոտ կենսագրական տվյալները, որոնց մի մասը կարող են թերի լինել, քանի որ այս կամ այն պատճառով լիարժեք տեղեկություններ հայթայթել չենք կարողացել: Նույնը վերաբերում է լուսանկարներին: Գրքում հրապարակված են ե՛ւ քրեական գործերում եղած լուսանկարներ, ե՛ւ մեր օրերի լուսանկարներ: Որոշ մարդկանց դեպքում ոչ մի լուսանկար չի հաջողվել հայթայթել, որոշ դեպքերում ունենք միայն քրեական գործում առկա լուսանկարը, այլ դեպքերում` ոչ բավարար որակով ու պատահական լուսանկար: Համառոտ կենսագրական տվյալներից հետո գործով դատապարտվածներից ոմանք, որոշ դեպքերում էլ, եթե անմիջական մասնակիցները վախճանվել են` նրանց հարազատները, պատմում են, թե ինչպես ներգրավվեցին այլախոհական գործունեության մեջ, ինչպիսի գործունեություն են ծավալել, ինչպես են դատապարտվել եւ կրել իրենց ազատազրկումը, ինչ խնդիրների են առնչվել եւ ինչ դժվարություններ են ստիպված եղել հաղթահարել: Չնայած այն հանգամանքին, որ այդ պատմությունները ներկայացված են առաջին դեմքով, պատմության հերոսներից ոչ ոք անձամբ չի գրել. դրանք տվյալ պատմության հերոսի հետ ունեցած մեր զրույցների գրառումներն են: Մենք այդ զրույցները ձայնագրել, ապա` վերծանել ու խմբագրել ենք: Գրել ենք առաջին դեմքով` խոսքն առավել հասանելի եւ անհատական զգացմունքներն ավելի անմիջական տեղ հասցնելու նպատակով: Այս հուշ-պատմություններից հետո ներկայացրել ենք գործով կայացած դատավճիռները` պահպանելով ե՛ւ դրանց կառուցվածքը, ե՛ւ առկա վրիպակներն ու սխալները: Դրանց վերաբերվել ենք որպես փաստաթղթերի եւ ոչինչ չենք փոխել: Իրար առնչվող, բայց տարբեր գործեր կամ նույն գործչի տարբեր ժամանակահատվածում ծավալած գործունեությունը համադրելիս` ընթերցողը կարող է կրկնություններ նկատել: Սա պայմանավորված է գրքի կառուցվածքի տրամաբանությամբ, եւ դրանցից խուսափել չենք ցանկացել: Այս գիրքը ոչ թե հանգամանալից` դեմքերի ու դեպքերի մասին ժամանակագրական հերթականությամբ սահուն շարադրված պատմություն է, այլ ավելի շատ` տեղեկատու է, եւ բնական է, որ կարող են կրկնություններ լինել: Հնարավոր է նաեւ, որ բացթողումներ ու վրիպակներ նկատեք, ինչի համար հայցում ենք ընթերցողի ներողամտությունը, բայց կոպիտ սխալներ, առավել եւս խեղաթյուրումներ` բացառվում են: 

Կարեւոր դիտարկում

Յուրաքանչյուր ոք կարող է իր անձնական կարծիքն ունենալ գրքում ներկայացված մարդկանց ու գործերի վերաբերյալ: Յուրաքանչյուր ոք կարող է այս կամ այն մարդու մասին ունենալ այս կամ այն տեղեկությունը: Յուրաքանչյուր ոք ազատորեն կարող է իր կարծիքն արտահայտել գրքում ներկայացված մարդկանց ու դեպքերի մասին եւ գնահատականներ տալ, ինչն անելուց առաջ, սակայն, չպետք է անտեսել, որ այս մարդկանց ներկայացրել ենք 1960-1988 թթ. համատեքստում: Այստեղ ներկայացված են անհատներ, որոնք գործել են նշված 28 տարիների ընթացքում, եւ հարկ է հաշվի առնել այդ տարիների տրամաբանությունը:

Այս գիրքը պատմության լուսաբանման կամ մարդկանց հերոսացման նպատակ չի հետապնդում: Գրքի ստեղծման շարժառիթը խորհրդային տարիների քաղբանտարկյալներին գնահատելը, նրանց որակումներ տալը, նրանց լավ կամ վատ լինելու մասին դատողություններ անելը չէ: Չի բացառվում, որ նրանցից ոմանք հենց այլախոհական շարժման գործում տխուր դերակատարում ունեցած լինեն: Չի բացառվում նաեւ, որ մի օր, հատկապես ԱԱԾ արխիվների բացվելուց հետո, պարզվի, որ նրանցից ոմանք ոչ միայն քաղբանտարկյալի, այլեւ մարդ լինելու կոչումն են արատավորել: Այս հանգամանքները հետաքրքիր ու կարեւոր են, բայց ոչ այս գրքի համար: Յուրաքանչյուր ոք` ով եղել է քաղբանտարկյալի կարգավիճակում, անկախ այն բանից, թե ինչ դերակատարում է ունեցել, ինչպիսի բանտարկյալ է եղել, ինչպես է իրեն դրսեւորել կալանավայրում կամ ազատ արձակվելուց հետո, ինչ հարաբերությունների մեջ է եղել հատուկ ծառայությունների հետ, ինչպես է իրեն դրսեւորում այսօր, եթե դեռ ողջ է, կամ` ինչպես են վերաբերվում նրան օտարներն ու յուրայինները, ներկայացված է այս գրքում: Թե ինչպիսին են եղել նրանք քաղբանտարկյալի կարգավիճակի ձեռքբերումից առաջ, այդ ընթացքում կամ դրանից հետո` դուրս է այս գրքի շրջանակներից: Իհարկե, ուշադիր ընթերցողը, համադրելով գրքում առկա տեղեկատվությունը, շատ բան կկարողանա կռահել, բայց այդ գործն ամբողջությամբ թողել ենք ուշադիր ընթերցողին ու որեւէ կերպ նրան օգնելու կամ ուղղություն ցույց տալու փորձ չենք արել: 

Այլախոհության պատմությունը ԽՍՀՄ-ում

Համառոտ անդրադարձ 

ԽՍՀՄ-ում  այլախոհության  պատմությունն  ընդունված  է  սկսել  1960-ականների սկզբներից: Սա չի նշանակում, թե մինչ այդ խորհրդային երկրում այլախոհություն չի եղել: Բռնատիրական ուղիով ընթացող ցանկացած երկրում այլախոհությունն ինքնաբերաբար ծնվում ու այդ բռնատիրության ողջ ընթացքում ուղեկցում է նրան: Սա շատ բնական է: Այլախոհությունը ծնվում է որպես բռնատիրության պատասխան, որպես դրա արդյունք, եւ քանի դեռ հասարակությունը չի ժողովրդավարացել, քանի դեռ իշխանական կարծիքին չհամապատասխանող կարծիք արտահայտելու համար չեն դադարել  մարդուն  հետապնդել,  չնայած  տարատեսակ,  անգամ  դաժանագույն  հետապնդումներին` գոյություն է ունենալու: Այսպես եղել է միշտ եւ ամենուր. խորհրդային երկիրը բացառություն լինել չէր կարող: Ընդդիմադիր հայացքների տեր անհատներ եղել են այս երկրի պատմության ողջ 70 տարիների ընթացքում:

Ստալինյան բռնատիրության տարիներին այլախոհները տարրալուծվում էին բռնադատվածների հոծ բանակի մեջ, եւ նրանց մասին կարող են հիշատակումներ անել միայն այդ տարիների անցուդարձը լրջորեն ուսումնասիրողները: Ստալինի մահից հետո խորհրդային երկրում նոր իրավիճակ ստեղծվեց: Երկիրը շարունակում էր մնալ բռնատիրական, շարունակվում էին քաղաքական հալածանքներն ու հետապնդումները,  այլակարծությունն  ու  այլախոհությունը  դատապարտելի  էին  համարվում,  բայց բռնություններն այլեւս համատարած բնույթ չէին կրում, իսկ բռնադատվածներն ազատ էին արձակվում: Ավելի ուշ նաեւ սկսվեց այս կարգի մարդկանց գործերի վերանայման ու արդարացման գործընթաց: Ահա այս շրջանում է՛լ ավելի ցայտուն արտահայտվեց հալածվող ու դատապարտվող այլախոհությունը: Կալանավայրերը լցված չէին քրեական հանցագործներով ու միլիոնավոր բռնադատվածներով: Դրանք արդեն լցված էին միլիոնավոր քրեական հանցագործներով եւ սակավաթիվ այլախոհներով:

Ավելի ուշ (1948 թ.-ից)` խորհրդային իշխանությունները վճռել էին, իրենց լեզվով ասած, «հատուկ վտանգավոր պետական հանցագործներին», որոնց թվին էին դասվում նաեւ այլախոհները, առանձնացնել քրեական հանցագործներից եւ պահել հատուկ այդ նպատակով կազմակերպված խիստ ռեժիմի կալանավայրերում: Այս շրջանից սկսած` ավելի հեշտ ու ավելի հստակ կարելի է խոսել այլախոհության մասին: 1950-ականներին քաղաքական ենթատեքստով դատապարտված մարդկանց, որոնք ազատազրկվել են այս կամ այն կերպ, այս կամ այն չափով տիրող համակարգի նկատմամբ իրենց անհամաձայնությունն արտահայտելու պատճառով, արդեն առանց երկմտելու կարող ենք «այլախոհ» անվանել:

1960-1988 թթ. Խորհրդային Միության 15 հանրապետություններից ծանրակշիռ այլախոհական շարժում կար Էստոնիայում, Լիտվայում, Լատվիայում, Ուկրաինայում, Վրաստանում եւ Հայաստանում: Առանձին այլախոհական միավոր էին կազմում Ղրիմի թաթարները, որոնց պայքարի գլխավոր նպատակն իրենց ազգային իրավունքի իրացումն  էր,  ինչն  առաջին  հերթին  պետք  է  արտահայտվեր  Ղրիմ  վերադառնալու իրավունքի նվաճմամբ: Ռուսաստանում այլախոհությունն առկա էր մեծ քաղաքներում, հիմնականում` Մոսկվայում եւ Պետերբուրգում:

Այլախոհության առումով ԽՍՀՄ-ում Հայաստանը 1960-1988 թթ. առանձնահատուկ տեղ է գրավել: Այստեղ, ի տարբերություն այլ հանրապետությունների, ոչ թե տարերային կամ դիպվածային, այլ կազմակերպված այլախոհական շարժում էր գործում: 1962- ին սկսել եւ մինչեւ 1966-ը գործել է Հայաստանի երիտասարդների միությունը: Ճիշտ է, այս կազմակերպությունը չի ունեցել հստակ մշակված ծրագիր ու կանոնադրություն, տարբեր փուլերում դրանք մշակելու զանազան փորձեր են արվել եւ այդպես էլ վերջնական տեսքի չեն բերվել, բայց չորս տարի շարունակ` ամենադժվարին պայմաններում  գործել  է: Կազմակերպությանն  անդամակցող  մարդկանցից  շատերը  դատապարտվել են, շատերն էլ տարատեսակ հետապնդումների են ենթարկվել: Նկատենք նաեւ, որ սա չի եղել այնպիսի կառույց, որը կհայտարարեր Խորհրդային Միությունում պաշտոնական համարվող կոմունիստական գաղափարախոսության դեմ պայքարի իր պատրաստակամության մասին: Սա ավելի շատ ազգային-հայրենասիրական կազմակերպություն էր, որի անդամներն իրենց առջեւ դրել էին այդ շրջանում հայ ժողովրդին հուզող այնպիսի խնդիրներ, ինչպիսիք էին` Եղեռնի օրը (ապրիլի 24-ը) նշելը, Եղեռնի զոհերի հուշարձան ունենալը, Հայաստանի կորցրած տարածքների` մասնավորապես Ղարաբաղի եւ Նախիջեւանի վերադարձը, հայոց լեզվի մաքրությունը եւ պահպանումը: 1965 թ. հզոր ցույցը կարելի է նաեւ այս կազմակերպության գրանցած հաջողություններից մեկը համարել: 1966 թ. սկսած` Հայաստանը դարձավ ԽՍՀՄ միակ հանրապետությունը,  որտեղ  գործում  էր  կազմակերպված  ընդդիմադիր  կուսակցություն,  որն  ուներ պաշտոնաթերթ, եւ այդ թերթի ու տարածած թռուցիկների միջոցով հայտարարեց գործող ռեժիմի դեմ իր գաղափարական պայքարի մասին: Դա Ազգային միացյալ կուսակցությունն (ԱՄԿ) էր: ԱՄԿ անդամները շարունակաբար կալանավորվում ու երկարատեւ ազատազրկման էին դատապարտվում, բայց կուսակցությունը շարունակում էր գործել: Եվ գործեց մինչեւ 1987 թվականի աշուն, երբ արդեն ընդհատակյա պայքարի անհրաժեշտություն չկար եւ Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ դրա հենքի վրա ստեղծում է Ազգային ինքնորոշում միավորում կազմակերպությունը: Լյուդմիլա Ալեքսեեւան իր 1992 թ. հրապարակած «Այլախոհության պատմությունը ԽՍՀՄ-ում» գրքի Հայաստանին նվիրված բաժնում գրում է. «Հայաստանը ԽՍՀՄ միակ հանրապետությունն է, որտեղ գործում է կուսակցություն, որն իր առջեւ ԽՍՀՄ-ից դուրս գալու նպատակ է դրել, եւ այդ գաղափարն ընկալվում է ժողովրդի կողմից: 15 տարիների ընթացքում ՊԱԿ-ը հնարավորություն է ունեցել համոզվելու, որ անհնար է ոչնչացնել ԱՄԿ-ն, յուրաքանչյուր ձերբակալությունների շղթայից հետո ի հայտ էին գալիս նոր հետեւորդներ» (էջ  78):

Մի ուշագրավ եւ ընդգծման անհրաժեշտություն ունեցող հանգամանք եւս (բացի ձեւավորված ու ընդհատակում անընդհատ գործող կուսակցության առկայությունից) առանձնացնում  է  հայաստանյան  այլախոհությունը  մյուս  հանրապետություններում առկա նմանատիպ դրսեւորումներից: ԽՍՀՄ սահմաններից դուրս` Եվրոպայում, ԱՄՆ- ում, Կանադայում առկա սփյուռքը` ռուսական լինի, ուկրաինական կամ մերձբալթյան, հսկայական աջակցություն էր ցուցաբերում խորհրդային երկրում պայքարող իրենց հայրենակից այլախոհներին: Այդ աջակցությունը հիմնականում արտահայտվում էր նրանց ձայնը դրսում լսելի դարձնելով: Սփյուռքում կազմակերպվում էին աջակցության կենտրոններ, մայրենի լեզվով հրատարակվող մամուլի միջոցներն անդրադառնում էին այլախոհներին, թարգմանաբար օտարներին էին ներկայացնում նրանց գործերը, նրանց անձը եւ նրանց պայքարն ընդհանրապես: Հայաստանյան այլախոհները նման աջակցությունից զուրկ են եղել: Հայկական սփյուռքը միայն դեպքից դեպք է  անդրադարձել  հայ  քաղբանտարկյալներին  ու  այլախոհներին:  Հայ  այլախոհները,  նրանց նկատմամբ կայացված դատավճիռները, նրանց հետագա ճակատագրերը, որպես  կանոն, ԽՍՀՄ սահմաններից դուրս հայտնի էին դառնում ոչ թե հայերի, այլ օտարների աջակցության շնորհիվ: 1968 թ. մոսկովյան այլախոհների կողմից հրատարակվող «Ընթացիկ իրադարձությունների խրոնիկան» մշտապես, ի թիվս այլոց, անդրադարձել է նաեւ հայ այլախոհներին: Ավելի ուշ` «Դեպքերը Հայաստանում» խորագրով առանձին բաժին է բացվում «Խրոնիկայում», որտեղ հեղինակները մանրամասն անդրադառնում էին հայաստանյան իրադարձություններին` հետապնդումներին, իրավունքների խախտումներին եւ քաղաքական դատավարություններին:

Քաղաքական կալանավայրերում հայտնված հայ քաղբանտարկյալները, չնչին բացառությամբ, չափազանց ակտիվ են եղել կալանավայրերում: Ցանկացած միջոցառում` հացադուլ լիներ, գործադուլ, թե քաղաքական կարգավիճակի պահանջ, ինչը նախատեսում էր լրջագույն ու ամենախիստ պատիժներ` ընդհուպ մինչեւ ռեժիմի խստացում եւ բանտային ռեժիմի փոխադրում, առանց հայ քաղբանտարկյալների չի ընթացել: Նրանք միշտ եղել են առաջին շարքերում, եւ որպես ամենաակտիվ կալանավորներ` մշտապես ե՛ւ «Խրոնիկայի» էջերում, ե՛ւ արեւմտյան լրատվամիջոցներում շեշտվել է նրանց անունները: Սրանում համոզվելու համար բավական է համացանցում մտնել «Ընթացիկ իրադարձությունների խրոնիկայի» կայքը, որտեղ տեղադրված են 1968 թվականից սկսած` «Խրոնիկայի» բոլոր թողարկումները, եւ ուսումնասիրել էջ առ էջ: Քիչ կհանդիպեն համարներ, որտեղ հայերի կամ Հայաստանի մասին հիշատակումներ չեն լինի, իսկ կալանավայրերից եկած տեղեկատվական հոսքում հայկական ազգանվան բացակայություն չի նկատվի:

Չնայած այն հանգամանքին, որ, ինչպես նշեցինք վերեւում` միայն ստալինյան համատարած բռնություններից հետո է հնարավոր եղել խոսել ԽՍՀՄ-ում սակավաթիվ այլախոհների մասին, եւ դասական այլախոհության ի հայտ գալը ԽՍՀՄ-ում ընդունված է ետստալինյան երեւույթ համարել, Հայաստանի Հանրապետության 1994 թ. հունիսի 14-ին ընդունված Բռնադատվածների մասին օրենքն այլախոհներին արհեստականորեն ներառեց Ստալինյան շրջանի բռնադատվածների բանակի մեջ: Ճիշտ այնպես, ինչպես ստալինյան շրջանում էին իրական այլախոհները տարրալուծվում բռնադատվածների հոծ բազմության մեջ ու չէին առանձնացվում, այնպես էլ` անկախ Հայաստանում  բոլորը  բռնադատված  են  համարվում:  Ավելորդ  է  ասել,  որ  բռնադատվածը  եւ այլախոհության համար դատապարտվածը լիովին տարբեր հասկացություններ են: Մի դեպքում համատարած բռնությունների զոհ են դառնում բացարձակապես անմեղ, երկրի դրվածքին եւ կարգերին չընդդիմացող, նույնիսկ այդ կարգերին հավատարիմ մարդիկ,  որոնց  մտքով  անգամ  չէր  անցնի,  որ  կդատապարտվեն,  իսկ  մյուս դեպքում` դատապարտվում է իր երկրի անկախության համար պայքարողը կամ մարդու իրավունքների պաշտպանությամբ հանդես եկողը, որը գիտի` իր գործողությունները չեն ներվելու երկրի իշխանությունների կողմից, գիտի, որ դատապարտվելու է եւ գիտակցված անում է քայլեր, որոնք նրա ազատազրկման պատճառ են դառնալու: Ժամանակին այս երկու բացարձակապես տարբեր երեւույթները մեկ օրենքի մեջ ներառելով նույնականացնելը ե՛ւ սխալ էր, ե՛ւ վիրավորական այլախոհների համար։  

Քաղբանտարկյալների ցանկը համալրման կարիք ունի

Խորհրդային  տարիների  հայաստանյան  քաղբանտարկյալների  ճշգրիտ  թիվը հայտնի չէ: Համաձայն Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովին 2000 թ. ԱԱԾ-ի տրամադրած ցուցակի, որտեղ բազմաթիվ սխալներ ու բացթողումներ կան, 1953-1988 թթ. ՀԽՍՀ քր. օր.-ի 65, 67, 2061 եւ ՌՍՖՍՀ քր. օր.-ի 58 հոդվածներով դատապարտվել է 131 մարդ, իսկ ըստ նույն հանձնաժողովի հրապարակած գրքույկի, որտեղ ներառված չեն 1953-54 թթ. բազմաթիվ  դատապարտվածներ`  102  մարդ:  Եթե  նույնիսկ  չհաշվենք  1953-54  թթ. չընդգրկված մարդկանց թիվը, այս երկու ցուցակում 12 մարդու տարբերություն կա: Նույնը նկատելի է նաեւ Արմենակ Մանուկյանի «Քաղաքական այլախոհությունը Հայաստանում 1950-1988 թթ.» գրքում հրապարակած անունների եւ մեր ձեռքի տակ եղած ցուցակներում առկա անունների միջեւ: Անճշտություններն առավել ակնառու են դառնում, երբ արդեն իսկ մեզ հայտնի ցուցակները փորձում ենք համեմատել ռուսական «Մեմորիալ» կազմակերպության հրապարակած ցուցակների հետ: Այդ ցուցակներում հայերի ազգանուններ կան, որոնք դատապարտվել են Հայաստանում 1953-60 թթ. ընթացքում, բայց բացակայում են մեր ձեռքի տակ եղած բոլոր ցուցակներում: Սա վկայում է այն մասին, որ կամ Հայաստանի ԱԱԾ արխիվում չեն պահպանվել ամբողջական գործեր, կամ` այդ արխիվը դեռ լավ համակարգված չէ, եւ առայժմ դժվար է այնտեղից ամբողջական տեղեկատվություն ստանալ, կամ` այդ արխիվից ցուցակներ տրամադրելու աշխատանքները կատարվում են թերի` թափթփված ու անպատասխանատու աշխատակիցների կողմից, կամ էլ` կանխամտածված են ոչ լիարժեք ցուցակներ տրամադրում հանրությանը:

Թվում  էր,  թե  1964-ից  հետո  մարդկանց  անունների  հարցում  անճշտություններ չպետք է լինեն: Վերջին հաշվով` ե՛ւ այդ մարդիկ են հայտնի, ե՛ւ հայտնի են նրանց գործերը, նաեւ հրապարակումներ կան նրանց մասին, բայց որքան մեծ էր մեր զարմանքը, երբ պարզեցինք, որ անգամ այս տարիներին դատապարտվածների ցուցակը լիարժեք չէ: ԱԱԾ-ի տրամադրած ցուցակում ընդհանրապես չեն ընդգրկվել Հայաստանի հելսինկյան խմբի դատապարտված անդամների անունները, չնայած նրանք ազատազրկվել են 2061 հոդվածով: Նույն հոդվածով են դատապարտվել Արսեն Ղազարյանը (1980 թ.), Շիրակ Գյունաշյանը (1983 թ.), որոնց անունները նույնպես չկան: Չկան կրոնական դրդապատճառներով դատապարտվածները: Բացարձակապես չեն հիշատակվում եւ անհայտ են մնում այն մարդիկ, ովքեր դատապարտվել են իրենց ծավալած քաղաքական գործունեության համար, բայց մտացածին` քրեական հոդվածներով: Խորհրդային տարիների պետանվտանգության կոմիտեն չէր խորշում, հակառակը` հաճախ էր դիմում մտացածին քրեական հոդվածներով մարդկանց դատապարտելու պրակտիկային: Ոմանց համար կեղծ մեղադրանքներ էին հորինվում, ոմանց նկատմամբ գործեր էին «սարքում» սադրիչների մասնակցությամբ, ոմանց հոգեբուժարաններում էին փակում, եւ այս բոլոր մարդիկ այսօր չկան քաղաքական գործունեության կամ իրենց համոզմունքների համար դատապարտվածների ցանկում: Նրանց անունները ճշտելը մեծ ու դժվարին գործ է` փակ արխիվների եւ  հետաքրքրվողների  լայն  շրջանակներին  հասու չլինելու պատճառով:

2011-2013 թթ. ընթացքում, չնայած մեր թափած ջանքերին, մեզ այդպես էլ չհաջողվեց ԱԱԾ-ից ստանալ քաղաքական նկատառումներով դատապարտվածների մասին քիչ թե շատ ամբողջական տեղեկություններ եւ նրանց դատավճիռները: ԱԱԾ-ն` սեփականության իրավունքով խստորեն պահում ու պահպանում է այդ դատավճիռները, համարելով,   որ   դրանք   խիստ   գաղտնի   փաստաթղթեր   են,   չկամորեն   ու   միայն հարկադրված լինելու դեպքերում է դրանք տրամադրում ոչ յուրայիններին: Անգամ այլ` մասնագիտացված պետական կառույցներին, ինչպիսիք, օրինակ, արխիվներն են, չեն տրամադրում այս գործերի կրկնօրինակները: ՊԱԿ-ի գծով դատապարտված մարդկանց նկատմամբ հարուցված քրեական գործերը եւ այդ գործերով կայացված դատավճիռները պահվում են միայն ԱԱԾ արխիվում: Անգամ դատական դեպարտամենտը չունի դրանք: Այդ պատճառով էլ 1953-1964 թթ. դատապարտվածների դեպքում մեզ համար, բացի 2000 թ. ԱԱԾ-ի կողմից ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովին տրամադրած ցուցակից` լրացուցիչ աղբյուր է ծառայել ԱԱԾ լրատվական ծառայության նախկին ղեկավար Արմենակ Մանուկյանի 2005 թ. Հրապարակված «Քաղաքական այլախոհությունը Հայաստանում 1950-1988 թթ.» գիրքը:

Ե՛վ  Արմենակ  Մանուկյանի  գրքում  եղած  անունների,  ե՛ւ  Մարդու  իրավունքների հանձնաժողովի հրապարակած, ե՛ւ մեր ձեռքի տակ եղած ցուցակների համադրմամբ` մեր կողմից լրացված ցանկը նույնպես լիարժեք համարել չի կարելի: Այդ ցանկը շարունակում է թերի մնալ եւ թերի կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ԱԱԾ-ն հրաժարվում է այլախոհներին առնչվող տեղեկություններ տրամադրել հասարակությանը: Եթե ԱԱԾ- ն նույնպես չունի ցանկի ամբողջական տարբերակը, ինչը չի բացառվում, ապա կարող էին շահագրգիռ կազմակերպությունների ու անձանց հետ համագործակցելով` քիչ թե շատ ամբողջական տեսքի բերել ու հրապարակել: Սրանից ոչ ոք չէր տուժի: Ի դեպ, չէր տուժի նաեւ ԱԱԾ-ն: Ավելին, կլրացվեր մեր նորագույն պատմության բազմաթիվ բացթողումներից մեկը:

1963-1988 թթ. ընթացքում, ընդհանուր առմամբ, Հայաստանում տեղի է ունեցել մեզ հայտնի 34 քաղաքական դատավարություն` ներառյալ երկու շինծու քրեական դատավարությունները եւ Մոսկվայի մետրոյի պայթեցման գործով դատավարությունը, որը, ճիշտ է, ընթացել է Մոսկվայում, բայց հարկ ենք համարել ներառել հայաստանյան դատավարությունների շարքում: Մեզ հայտնի են ավելի շատ շինծու քրեական դատավարություններ, բայց գրքում միայն սրանք ենք ներառել, որովհետեւ այս դատավարությունների հետեւանքով մարդիկ դատապարտվել են երկարատեւ ազատազրկման եւ կալանավայրերում կրել այդ ժամկետները, իսկ մեզ հայտնի մյուս դեպքերով` չնայած շատերը շինծու գործերով դատապարտվել են ազատազրկման, նրանց ազատազրկման ժամկետները ներառվել են քաղաքական հոդվածներով դատապարտված ժամկետների մեջ: Ժամկետների կլանված լինելու հանգամանքը մեզ թույլ է տվել շինծու քրեական գործերի վրա առանձնապես չծանրանալով` յուրաքանչյուր դեպքով մարդկանց  կենսագրությունը  ներկայացնող  հատվածներում  սրանց  մասին  հիշատակել: Նշված տարիների ընթացքում, թվարկված 34 դատավարությունների հետեւանքով դատապարտվել է 91 մարդ: Դատապարտվածներից ութի անունները` Գյունաշյան Շիրակ, Խաչատրյան Հայկազ, Զատիկյան Ստեփան, Հարությունյան Շահեն, Հայրիկյան Պարույր, Նավասարդյան Աշոտ, Արշակյան Ազատ, Հարությունյան Էդուարդ, կրկնվում են` մեկ անգամից ավելի դատապարտված լինելու պատճառով: 1985 թ. գորբաչովյան հրապարակայնության ու վերակառուցման արդյունքում քաղաքական հետապնդումներն սկսեցին նվազման միտումներ դրսեւորել, եւ հույս էր արթնացել, որ պատմության գիրկն են անցնելու: Սակայն, այդ հույսերը չարդարացան: Հենց նույն` 1985-ին, իրենց կրոնական համոզմունքների համար 10 կրիշնայական է դատապարտվել: Նրանցից ոմանք դատապարտվել են տարբեր տարիների ազատազրկման, իսկ ոմանք` դատարանների   որոշումներով   հոգեբուժարաններ   են   տեղափոխվել:   Այս   տասնյակը, անկասկած, նույնպես համալրում է խորհրդային շրջանի հայաստանյան քաղբանտարկյալների շարքը: 1988-ին վերսկսվեցին քաղաքական հետապնդումները: Այդ տարվա մարտին կրկին կալանավորվեց Պարույր Հայրիկյանը, իսկ հուլիսին արտաքսվեց Խորհրդային Միությունից: 1988 թ. դեկտեմբերին ԽՍՀՄ դատախազության հարուցած քրեական գործի շրջանակում կալանավորվեցին եւ Երեւանից Մոսկվա տեղափոխվեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ` պատմական գիտությունների թեկնածուներ Ալեքսան  Հակոբյանը  եւ  Համբարձում  Գալստյանը  (սպանվել  է  1994  թ.),  ֆիզ-մաթ. գիտությունների թեկնածուներ Բաբկեն Արարքցյանը, Դավիթ Վարդանյանը, Վազգեն Մանուկյանը, ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ Սամվել Գեւորգյանը (վախճանվել է 2014 թ.), տեխնիկական գիտությունների դոկտոր, ԳԱ թղթակից անդամ Ռաֆայել  Ղազարյանը  (վախճանվել  է  2007  թ.),  ուսուցիչներ  Աշոտ  Մանուչարյանը  եւ Սամսոն Ղազարյանը, ԽՍՀՄ գրողների միության անդամ Վանո Սիրադեղյանը, բանասիրական գիտությունների դոկտոր Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրանց հետ միասին կալանավորվեցին նաեւ Խաչիկ Ստամբոլցյանը եւ Իգոր Մուրադյանը: Նրանց դեմ հարուցված քրեական գործը` վեց ամիս շարունակվելուց հետո, այդպես էլ դատական լուծում չստացավ: Կալանավորվածներն ազատ արձակվեցին 1989 թ. մայիսին:

Եթե 1963-88 թթ. ընթացքում քաղբանտարկյալի կարգավիճակում գտնվող մարդկանց թվին ավելացնենք 10 կրիշնայականներին եւ «Ղարաբաղ» կոմիտեի գործով կալանավորվածներին եւ հանենք երկրորդ կամ երրորդ անգամ կրկնվող 10 անունները, ապա կստացվի, որ Խորհրդային Հայաստանում` նշված 25 տարիների ընթացքում քաղբանտարկյալի կարգավիճակում եղել է 105 մարդ: Այս 105-ից 95-ը դատապարտվել կամ կալանավորվել եւ քաղբանտարկյալի կարգավիճակում երկար ժամանակ բանտարկված են մնացել իրենց ծավալած քաղաքական գործունեության, իսկ 10-ը` իրենց ծավալած կրոնական գործունեության համար:

Այսպիսով, քաղաքական բանտարկյալների 1953-1988 թթ. մեր լրամշակած ցանկի մեջ ներառված է 168 անուն: Վերջին 14 անունները 1988 թ. կալանավորվածներն են, որոնց նկատմամբ, ճիշտ է, դատավճիռներ չեն կայացվել, բայց նրանցից 13-ը` 6 ամիս, իսկ մեկը` Պարույր Հայրիկյանը, 4 ամիս, քաղբանտարկյալների կարգավիճակով բանտարկված են մնացել: 

Ահա այդ ցանկը

 1953 թ.

Միսաք Լեւոնի Պետրոսյան

Մնացական Սեմյոնի Հովհաննիսյան

Ռաֆիկ Մարութի Առաքելյան

Սիմոն Անուշավանի Արզումանյան

Ալեքսանդր Միրզոյի Լալայան

Ժորժ Խաչիկի Հովակիմյան

Գրիգոր Ղազարի Ջարաջյան

Սարգիս Ավետիսի Շահինյան

Սերոբ Գրիգորի Հովսեփյան

Գրիգոր Մինասի Սաղաթելյան

Խաչատուր Բեգոյի Սիմոնյան-Խանսամյան

Գեւորգ Առաքելի Սախկալյան

Գեորգի Պավելի Քեշիշյան

Դավիթ Մարտիրոսի Շահլամյան

Մնացական Հովսեփի Մովսիսյան

Բուրաստան Բագրատի Հայրապետյան-Նավոյան

Գարեգին Վասիլի Բաղդասարյան 

1954 թ.

Աբրահամ Երեմի Հովհաննիսյան

Սարիբեկ Կարապետի Վարդանյան

Վարուժան Մուկուչի Մարտիրոսյան

Հայկազ  Հովհաննեսի Գավալյան

Անուշավան Ավագի Պապոյան

Հրաչ Վարդանի Վերդյան

Սուքիաս Սարգիսի Մկրտչյան

Գրիգոր Թադեւոսի Հովակիմյան

Սանասար Սարոյի Ասատրյան

Նազար Մուրադի Ասատրյան

Հրաչ Հովհաննեսի Գեւորգյան

Արտավազդ Մինասի Մասունյան

Հակոբ  Մկրտիչի Հակոբյան

Գեւորգ Աբրահամի Գեւորգյան

 1955 թ.

Սանդրո Շաքարի Գրիշյան

Վահան Դարչոյի Անանյան

Վաղարշակ  Հովհաննեսի Ղահրամանյան

Ռազմիկ Վազգենի Գալստյան

Քնարիկ Ազատի Գասպարյան 

1957 թ.

Աննա Մինասի Սրապյան

Մազման Պողոսի Հարությունյան

Վահան Հարությունի Քերեսեջյան

Հովհաննես Գասպարի Տեր-Խաչատրյան

Նազար Խաչիկի Ինջյան

Կարապետ-Հարություն Մկրտիչի Եղիազարյան

Վիկտոր Աբրահամի Ալլախվերդով

Լեւոն Մինասի Մարտիրոսյան

Կարապետ-Կարպիս Խաչիկի-Շարլի Մանուկյան

Թորգոմ  Թադեւոսի Հակոբյան

Վրույր Գեւորգի Գալստյան 

1958 թ.

Արմո Հայկի Շահինյան

Աղաբեկ-Աղվան Կարապետի Արշակյան

Աշոտ Վաղարշակի Ղազարյան

Կառլեն Մովսեսի Վարդանյան

Ալբերտ Սեդրակի Ոսկանյան

Վարդան Գրիգորի Սարիբեկով 

1964 թ.

Վիգեն Ասատուրի Բաբայան

Խաչատուր Ջումշուղի Ամիրջանյան

Մերուժան  Արտաշեսի Հովհաննիսյան

Կարապետ-Կարո Պողոսի Քիրամիջյան

Գրիգոր-Հովհաննես  Հակոբի Եղյան

Խաչիկ Էլոյի Սաֆարյան

Էդվարդ Վարդանի Կակոսյան 

1967 թ.

Սերգեյ Անդրանիկի Մելքոնյան

Ֆրունզիկ Աբրահամի Մկրտչյան

Զավեն Եղիշի Հարությունյան

Սուրիկ Արտավազդի Սարգսյան

Ալբերտ Մկրտիչի Ղուբասարյան

Մկրտիչ Ռուբենի Մովսիսյան

Արկադի Սերգեյի Հայրապետյան

Ռուբեն Գուրգենի Սաֆարյան

Իվան-Վանիկ Գրիգորի Ստեփանյան

Մարտին Սարգիսի Նալբանդյան 

1968 թ.

Լեւոն-Արա Հարությունի Մնացականյան

Ռուբիկ Թադեւոսի Վարդանյան

Միսաք Խաչիկի Խաչատրյան

Ռաֆիկ Աշոտի Ղարագուլյան

Անդրանիկ Սուրենի Մխիթարյան

Վահան Սարգիսի Եղիազարյան

Էդիկ Վրեժի Ալեքսանյան

Հակոբջան Դրաստամատի Թադեւոսյան

Ռուբեն Մովսեսի Հովսեփյան 

1969 թ.

Հովիկ Մարտինի Վասիլյան

Ասատուր Հունանի Բաբայան

Գեւորգ Ռուբենի Հեքիմյան

Աղասի Անդրուշի Անտոնյան

Սարգիս Խաչիկի Թորոսյան

Շիրակ Պավելի Գյունաշյան

Հայկ Բաղդասարի Իսկանդարյան

Լեւոն Ռուբենի Առուշանյան

Հայկազ Կարապետի Խաչատրյան

Ստեփան Սեղբոսի Զատիկյան

Շահեն  Հարությունի Հարությունյան 

1970 թ.

Պարույր Արշավիրի Հայրիկյան

Հակոբ Հովհաննեսի Աշիկյան

Աշոտ Ցոլակի Նավասարդյան

Ռաֆայել Սերգեյի Բարսեղով

Աշոտ Զավենի Խաչատրյան 

1971 – 72 թ.

Վալտեր Հունանի Մելիքյան

Յուրիկ Աբգարի Բուդաղյան

Սերոբ  Հայկի Սարգսյան

Սուրեն Բալասանի Մելիքյան

Արամայիս Վահանի Խաչատրյան 

1973 թ.

Բագրատ Լեւոնի Շահվերդյան

Արարատ Սիրեկանի Թովմասյան

1974 թ.

Նորիկ  Համբարձումի Մարտիրոսյան

Լեւոն Պատվականի Բադալյան

Սամվել Համբարձումի Մարտիրոսյան

Ռուբեն Լյուդվիգի Խաչատրյան

Պարույր Արշավիրի Հայրիկյան

Կոստան Վահանի Կարապետյան

Գագիկ Սերյոժայի Առաքելյան

Կարապետյան Անահիտ Աղվանի

Ֆիրդուս Մեխակի Մուրադյան

Գարեգին Համբարձումի Դավթյան

Ռազմիկ Արտավազդի Զոհրաբյան

Ռազմիկ Գրիգորի Մարկոսյան

Ազատ Լեւիկի Արշակյան

Քաջիկ Վարազդատի Սահակյան

Աշոտ Ցոլակի Նավասարդյան 

1975 թ.

Անդրանիկ Նահապետի Մարգարյան 

1978 թ.

Շահեն  Հարությունի Հարությունյան

Ռոբերտ Խաչիկի Նազարյան

Հայկազ Կարապետի Խաչատրյան 

1979 թ.

Ստեփան Սեղբոսի Զատիկյան

Զավեն Մելքոնի Բաղդասարյան

Հակոբ Ստեփանյան 

1980 թ.

Էդուարդ Բագրատի Հարությունյան

Արսեն Հայկազի Ղազարյան 

1981 թ.

Մարզպետ  Հարությունի Հարությունյան

Իշխան (Կնյազ) Մկրտչի Մկրտչյան

Վարդան Լյուդվիկի Հարությունյան

Սամվել Էլիբեկի Եղիազարյան

Հովհաննես  Ռաֆայելի Աղաբաբյան

Ալեքսանդր Արամի Մանուչարյան

Սմբատ Բատիկի Մելքոնյան

Աշոտ Հարությունի Ափիկյան

Աշոտ Ցոլակի Նավասարդյան

Ազատ Լեւիկի Արշակյան 

1982 թ.

Շիրակ Պավելի Գյունաշյան 

1983 թ.

Գեորգի Պավելի Խոմիզուրի

Ռաֆայել Աշոտի Պապայան

Էդմոնդ Գեղամի Ավետյան

Էդուարդ Բագրատի Հարությունյան

Սիրվարդ Արտաշեսի Ավագյան

Ռաֆայել  Լյուդվիգի Օհանյան 

1985 թ.

Րաֆֆի Ղազարի Մելքոնյան

Կրիշնայականներ

Արա Հակոբյան

Մարտին Ժամկոչյան

Կարեն Սահակյան

Արմեն Սահակյան

Սուրեն Կարապետյան

Արմեն Սարգսյան

Գագիկ Բունիաթյան

Սարգիս Օհանջանյան

Արմինե Խտրյան

Սերգեյ Կասյան

1988 թ.

Այս գործերով վճիռներ չեն կայացվել:

Պարույր Արշավիրի Հայրիկյան

Լեւոն Հակոբի Տեր-Պետրոսյան

Բաբկեն Գուրգենի Արարքցյան

Վանո Սմբատի Սիրադեղյան

Ռաֆայել Ավետիսի Ղազարյան

Վազգեն Միքայելի Մանուկյան

Դավիթ Մանուկի Վարդանյան

Աշոտ Գառնիկի Մանուչարյան

Սամվել Վոլոդյայի Գեւորգյան

Սամսոն  Սերյոժայի Ղազարյան

Ալեքսան Հակոբի Հակոբյան

Համբարձում  Փայլակի Գալստյան

Խաչիկ Վարդանի Ստամբոլցյան

Իգոր Մարատի Մուրադյան 

Այլախոհական գրականության մասին

Խորհրդային Միության քայքայման փուլում, դրա վերջնական քայքայումից եւ Անկախ Հանրապետության հռչակումից հետո այլ երկրների, առաջին հերթին` Ուկրաինայի ու Մերձբալթյան երեք հանրապետությունների օրինակով, փորձեր էին արվում Պետական անվտանգության կոմիտեի արխիվից վերցնել ու հրապարակել խորհրդային տարիներին արգելված ստեղծագործությունները: Խոսքը ոչ միայն խորհրդային գրաքննության արգելած գործերի, այլ նաեւ քաղբանտարկյալների ստեղծագործությունների մասին էր: Լինելով այդ գործի մասնակից, մենք վստահաբար գիտեինք, որ ՊԱԿ-ի արխիվում պահվող քրեական գործերում դատապարտված մարդկանց բազմաթիվ ստեղծագործություններ կան, որոնք կարելի էր հրապարակել: Այլ խնդիր է, թե ինչ որակի ստեղծագործություններ են դրանք, ինչ չափով են գրական արժեք ներկայացնում եւ ընդհանրապես` որեւէ գրական արժեք ներկայացնու՞մ են, թե՞ ոչ: Դրանք պետք է դիտարկվեին որպես քաղաքացիական պոեզիայի, արձակի կամ հրապարակախոսության օրինակներ եւ որպես այդպիսին էլ հրապարակվեին: Չէր բացառվում, որ հետագայում    դրանցից  առանձնացվեին    բարձրորակ    նմուշները,    իսկ    մնացածը մոռացության մատնվեր:

Այն անձինք, ովքեր հանդես էին գալիս այդ նախաձեռնությամբ, անկախ Հայաստանի անվտանգության ծառայության նոր ղեկավարների հետ հանդիպումից հետո վերադարձան  ու  տեղեկացրին,  թե,  իբր,  նոր  ղեկավարությունը  պեղել  է  ՊԱԿ-ի  ողջ արխիվը եւ չի գտել արգելված գրական կամ հրապարակախոսական ստեղծագործության ոչ մի նմուշ: Սրանից հետեւում էր, թե հայ այլախոհները չեն գրել որեւէ ստեղծագործություն,  որը  կբռնագրավեր  ՊԱԿ-ը  կամ  կարգելեր  խորհրդային  գրաքննությունը` Գլավլիտը: Դեռ այն ժամանակ էր պարզ, որ այս պնդումն իրականությանը չէր համապատասխանում: Այս գրքում զետեղված դատավճիռներն այլ բան են վկայում: Դրանց գերակշիռ մեծամասնության մեջ թվարկվում են քաղբանտարկյալների գրած բազմաթիվ ստեղծագործությունները, որոնք պահվում են քրեական գործերում:

Հետաքրքիր կլիներ այսօր հրապարակված տեսնել ոչ միայն առանձին մարդկանց այդ տարիների ստեղծագործությունները, այլեւ 60-70-80 թթ. հրապարակված ինքնահրատ նյութերը, թերթերի եւ թռուցիկների տեքստերը: Այդ նյութերը, հատկապես որոշ թռուցիկներ ու հոդվածներ չափազանց հետաքրքիր կյանք են ունեցել: Քաղբանտարկյալների նկատմամբ կայացված դատավճիռներն ուսումնասիրելիս պարզվում է, որ դրանց մի մասը տարեցտարի կրկնվել է: Օրինակ, այնպիսի հոդվածներ, ինչպիսիք են`Անատոլի Սկաչկոյի 1921թ․ գրած «Հայաստանը եւ Թուրքիան առաջիկա կոնֆերանսում» հոդվածի պատասխան հանդիսացող «Մայիսի 28-ը», որ գրել են 1964թ․«Յոթի գործ»- ով դատապարտվածներ Վիգեն Բաբայանը եւ Մերուժան Հովհաննիսյանը համատեղ նաեւ «Կրկին ռուս-թուրքական դիվանագիտության զոհասեղանին» հոդվածները, տարածվել են 60-ականների սկզբից սկսած` մինչեւ 80-ականներ: Այսպես. այս նյութերը տարածվել են 1962-63 թթ. եւ հիշատակվում են «Յոթի գործ»- ում,  այնուհետեւ  տարածվել  են  1967-ին  եւ  դրվել  Մարտին Նալբանդյանի ու այլոց մեղադրանքների հիմքում: Դրանք հիշատակվում են Զավեն Հարությունյանի գործում, տարածել են նաեւ 1968-ին «Հայ հայրենասերների միություն», ապա` «Հանուն Հայրենիքի» խմբերը, Ազգային միացյալ կուսակցության անդամները եւ այսպես շարունակ: Այս թռուցիկների պես երկարակյաց են եղել նաեւ Ավետիս Ահարոնյանի նամակն ուղղված Ռուսաստանի արտաքին գործերի կոմիսար Չիչերինին, ապա Ահարոնյանի նամակը Ավետիք Իսահակյանին  եւ նման այլ նյութեր: Սա, նախ, վկայում է, որ այդ տարիների ընթացքում Հայաստանի այլախոհների առաջ քաշած խնդիրները շատ առումներով  նույնն  են  մնացել,  ապա  նաեւ`  սկսած  60-ականների  ամենասկզբից  մինչեւ 80-ականներ ի հայտ եկած այլախոհական խմբերը, խմբակները, կազմակերպությունները ստեղծվել են մի դեպքում` մեկը մյուսի հենքի վրա եւ հաջորդել միմյանց, իսկ այլ դեպքերում` անմիջականորեն կապված են եղել միմյանց հետ: Ուշադիր ընթերցողը չի կարող չնկատել, որ բոլոր կազմակերպություններում էլ եղել են մարդիկ, որոնք կապեր են  ունեցել  նույն  ժամանակահատվածում  գործող  կամ  իրենցից  առաջ  գործած  այլ խմբակների հետ: Շատ դեպքերում` այս կամ այն խմբի բացահայտումից ու ակտիվ անդամների դատապարտումից հետո նրանց նկատմամբ հարուցված քրեական գործում որպես վկա ներգրավված այս կամ այն գործիչը կամ գործիչները` նոր մարդկանց ներգրավելով, շարունակում էին կիսատ մնացած գործը, այսպիսով ապահովելով պայքարի շարունակականությունը: Հայաստանում սա, կարծես, շատ քիչ բացառություններով` օրինաչափություն է եղել: Բացառություն են եղել, թերեւս, միայն ուսանողական խմբակները, որոնք, սակայն, կազմավորվելուց հետո` գործելու ընթացքում այս կամ այն կերպ նույնպես սկսել են առնչվել ճանապարհ անցած կազմակերպությունների կամ անհատների հետ: Այս հաջորդականությունը էական հանգամանք է եւ առանձին ուսումնասիրության  նյութ:

1963 թ. սկսած` բոլոր քրեական գործերում առկա են այս կամ այն կարգի ստեղծագործությունների նմուշներ: Այլախոհներից ոմանք գրել են արձակ, ոմանք` չափածո, ոմանք` հրապարակախոսական նյութեր: Այս ստեղծագործությունները տարածվել են գործող կազմակերպությունների անդամների շրջանում, հաճախ նաեւ ավելի լայն տարածում են ստացել, որոշ ստեղծագործություններ տպագրվել են արտասահմանյան մամուլում, ինչպես օրինակ` Վիգեն Բաբայանի բանաստեղծությունները կամ Բագրատ Շահվերդյանի «Երուսաղեմ» երգը, որը ժամանակ առ ժամանակ հնչել է իսրաելական ռադիոյով, Ալեքսանդր Մանուչարյանի «Ազգապատումը» եւ շատ այլ ստեղծագործություններ: Այսպիսով, Հայաստանում գոյություն է ունեցել հարուստ այլախոհական գրականություն, որն առանձին անդրադարձի կարիք ունի: 

շարունակություն 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter