HY RU EN

Ամալյա Մարգարյան

Դատարանը մերժեց ուժային կառույցներում 20 տարի աշխատած գնդապետի բողոքը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթեւոսյանն այսօր 20 տարի ուժային կառույցներում աշխատած գնդապետ Արմեն Գալստյանի բողոքը մերժելու մասին որոշում կայացրեց։

Արմեն Գալստյանը բողոք էր ներկայացրել ընդդեմ Քննչական ծառայության՝ իր ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործ չհարուցելու վերաբերյալ որոշման դեմ: Այսօրվա նիստին բողոքաբերը նշեց, որ բողոքը մերժելու վերաբերյալ քննիչն ու դատախազը հիմնավոր փաստարկներ չեն ներկայացրել, միայն նշել են, որ գործում առկա չեն բավարար ապացույցներ։ Ըստ գնդապետի՝ վարույթն իրականացնող քննիչը համապատասխան գործողություն չի կատարել, որեւէ փաստ պարզելու նպատակով միջոցներ չի ձեռնարկել, իսկ կատարած գործողությունները կրել են ձեւական բնույթ։

Արմեն Գալստյանն իր նկատմամբ հետապնդումների եւ անօրինականությունների վերաբերյալ 2017թ. օգոստոս ամսին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, հայտնել, որ Քննչական կոմիտեի քննիչներն իր հանդեպ ծանր հանցագործություն են կատարել, առանց որևէ փաստի իրեն մեղադրանք առաջադրել և շանտաժի միջոցով իրենից մոտ 100 հազար դոլար պահանջել։ Գնդապետի նկատմամբ 2015 թվականի դեկտեմբերի 23-ին  քրեական գործ է հարուցվել՝ Քրեական օրենսգրիք 178-րդ հոդվածի 3-րդ մասով (խարդախություն), որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից:

Այսօրվա նիստի ընթացքում Արմեն Գալստյանը հայտարարեց. «Կաշառքի մասին թող խոսք չգնա, խաբեությամբ, խարդախությամբ իմ նկատմամբ շորթում են արել, մարդու վրա անհիմն գործ են հարուցել։ Ասել են՝ առաջին հայացքից երեւում է՝ հանցագործ է, ինչի՞ց է երեւում»։

Գնդապետը պնդում է, որ կատարվածը եղել է շորթում, իսկ քանի որ ՀԿԳ քննության վարչության պետ Վահագն Հարությունյանի տեղակալ Ամբակում Գրիգորյանն իր տղային շանտաժի է ենթարկել, չի դիմել իրավապահ մարմիններին։

Հիշեցնենք, որ ԱԳալստյանը ՀԿԳ քննության վարչության պետ Վահագն Հարությունյանին, նրա տեղակալ Ամբակում Գրիգորյանին, քննիչներ Արա Մկրտչյանին և Բագրատ Ադամյանին, դատախազ Վ. Պողոսյանին, փաստաբան Հրանտ Ավետյանին մեղադրում է, որ կազմակերպված հանցախմբի գործելաոճով 2014 թվականից մինչ 2016 թվականի հուլիս 8-ը իր նկատմամբ ծանր հանցագործություն են կատարել՝ առանց որևէ հիմքի մեղադրելով  ծանր հանցագործության մեջ, շանտաժի ենթարկել։

Միայն երկու տարի հետո է դիմել իրավապահ մարմիններին. «Յոթ ամիս ինձ ձեռք են առել, ես բանկից գումար էի վերցրել, որ գնամ ԱՄՆ բուժվեմ, դա էլ են վերցրել, իմ աչքի առաջ նույն բանդան ընկերոջս երկու տղաներին է կալանավորել»,- դատարանի դահլիճում հայտարարեց գնդապետը։

Դատախազ Վահե Դոլմազյանն այսօրվա նիստին իր կարծիքն արտահայտեց բողոքի վերաբերյալ, շեշտեց, որ բողոքաբերն ԱԱԾ-ի նախկին գնդապետ է. «Միամիտ մարդ չէ, նա դատարանին ուզում է հավաստիացնել, որ իրենից խաբեությամբ գումար են շորթել, շանտաժ են արել եւ իր նկատմամբ ապօրինի քրեական գործ են հարուցել։ Նշում է՝ իրավաբան չէ, բայց իրավաբանական նորմերից է խոսում։ Կաշառք բառն էլ ասելիս վախ է առաջանում, հերքում է»։

Ինչ վերաբերում է պաշտպան Հրանտ Ավետյանին, դատախազի համար պարզ չէր՝ ինչու է Գալստյանը նրանից հրաժարվել մեղադրանքն առաջադրվելուց մի քանի ամիս անց։

Դատախազի հայտարարությանն ի պատասխան՝ թոշակի անցած գնդապետ Գալստյանն ասաց. «Եթե դատախազը մտածում է, որ ես ԱԱԾ-ի աշխատակից եմ, դա ոչինչ չի տալիս, եթե քո երեխային շանտաժի են ենթարկում, դու, անկախ քեզնից, վախենում ես։ Ինձ ցույց տվեք որեւէ մի թուղթ, որն ապացուցում է, որ ես մեղավոր եմ եւ ասացեք՝ ո՞ր օրենքով է քննիչը փաստաբանին հանել դուրս»։

Մերժման որոշման հրապարակումից հետո Արմեն Գալստյանը հայտարարեց, որ այն բողոքարկելու է Վերաքննիչ դատարանում։