HY RU EN

Դիանա Ղազարյան

Այսուհետ քննությունից խուսափողների նկատմամբ հետախուզում կիրականացնի միայն ոստիկանությունը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց, որ քննությունից խուսափողների նկատմամբ հետախուզական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումն այսուհետ կկատարի միայն ոստիկանությունը:

Ինչպես ասվում է ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանի՝ կառավարություն ներկայացված որոշման նախագծում՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հետախուզական աշխատանքները փաստացի իրականացնում են ոստիկանությունն ու պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը, սակայն վերջինիս լիազորությունները սահմանող «Ռազմական ոստիկանության մասին» օրենքով նման լիազորություններ նրան վերապահված չեն: Ռազմական ոստիկանության լիազորությունները սահմանող որևէ օրենք կամ իրավական ակտ այս մարմնին քննությունից, դատից, պատիժը կրելուց խուսափող անձանց հետախուզում իրականացնելու լիազորությամբ չի օժտում:

Այդ իսկ պատճառով դատախազությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, որպեսզի Հայաստանի տարածքում հետախուզական աշխատանքներ իրականացնի միայն ոստիկանությունը: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ գլխավոր դատախազը գրությամբ դիմել էր պաշտպանության նախարարին՝ խնդրելով մինչ հունվարի 1-ը ապահովել ռազմական ոստիկանությունից հետախուզական գործերի փոխանցումը ոստիկանությանը: