Բաց նամակ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին
Պարոն ՀՀ Նախագահ, Ձեզ եմ դիմում 23.02.11թ. Ռուսաստանի Դաշնության հանրահայտ «Аргументы и Факты» («АиФ») թերթի №8 համարում տպագրված ««Чья кузькина мать»? Оружие, которым пугал Хрущев, уничтожило Спитак» վերտառությամբ աննախադեպ-վտանգավոր հոդվածում արծարծված նյութի կապակցությամբ: Հոդվածում ներկայացված է «АиФ»-ի լրագրող Սավելի Կաշնիցկու հարցազրույցը ֆիզ.մաթ.գիտ.դոկտ., պրոֆ., Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի (ՈւԳԱ) ակադեմիկոս, ՈւԳԱ ինովացիոն տեխնոլոգիաների ինստիտուտի տեսական ֆիզիկայի սեկտորի վարիչ Օլեգ Ֆեյգինի հետ: Նախ, այդ հոդվածը թարգմանաբար ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը:
«ЧЬЯ «КУЗЬКИНА МАТЬ»»? Զենքը,որով վախեցնում էր Խրուշչովը, ոչնչացրեց Սպիտակը
Սավելի Կաշնիցկի
«Аргументы и Факты» («АиФ»), №8; 23.02.2011թ.
Հաիթիում, հնարավոր է, որ փորձարկվել է նոր, սարսափելի զենք
Հաիթի կղզում մեկ տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժը 222 հազար մարդու կյանք խլեց: Վենեսուելայի պրեզիդենտ Ուգո Չավեսը ԱՄՆ-ին մեղադրեց նրանում, որ այդ աղետը ամերիկացիների կողմից ուղղորդված երկրաշարժի կիրառման արդյունք էր: Հաիթին ընդամենը փորձ է, իսկ ամերիկացիների գլխավոր նպատակն Իրանն է:
Որքանո՞վ է սա ճշմարտանման: Պարզաբանումների նպատակով «АиФ»-ը դիմել է տեսաբան-ֆիզիկոս Օլեգ Ֆեյգինին, ով «АиФ»-ի 2010թ., №35 համարում արդեն պատմել էր անցյալ տարվա ծանր շոգերի մասին, ներկայացնելով այն որպես ամերիկացիների կողմից կլիմայական զենքի հնարավոր կիրառման արդյունք:
Ստորգետնյա փորվածք Ամերիկայի տակ
- Ի՞նչ զենք կարող էին կիրառել ամերիկացիները եւ որտեղի՞ց այդ զենքը նրանց:
- Այդ զենքը կոչվում է լիտոսֆերային եւ հիմնված է լիտոսֆերայի` մեր մոլորակի երկրակեղեւի եւ մանտիայի վերին շերտը ներառող «կճեպի», էներգիայի օգտագործման վրա: Այդ զենքի հարվածային-խոցող ազդեցությունն արտահայտվում է երկրաշարժերի, հրաբուխների ժայթքումների, լիտոսֆերային սալերի տեղափոխությունների տեսքով: Լիտոսֆերային սալերը տատանվում են որոշակի հաճախականությամբ: Եթե նրանց վրա արհեստականորեն ազդենք նույնպիսի հաճախությամբ, կառաջանա ռեզոնանս եւ տատանումները բազմակի անգամ կաճեն: Ուղղորդված պայթյունը կարող է դառնալ հսկայածավալ ավերումների ռեզոնատոր: Ամերիկացիները լիտոսֆերային զենքը մշակել են ինքնուրույն կամ փոխառել են ՍՍՀՄ-ից նրա տրոհման ժամանակահատվածում:
- Ուրեմն, այդպիսի զենք մեր գիտնականները նույնպե՞ս ստեղծել են:
- Այո, այդ մասին ակնարկել է դեռեւս Խրուշչովը, սպառնալով թշնամուն «кузькину мать» ցույց տալ: Վերակառուցման տարիներին գրում էին Թաթարական նեղուցի ամենանեղ տեղամասում, մայրցամաքի եւ Սախալին կղզու միջեւ «ԳՈՒԼԱԳ»-ի կալանավորների կառուցած թունելի մասին: Այդ թունելի կառուցման ավարտին խանգարեց Ստալինի մահը, այդպես էլ այդ կառույցը մոռացության տրվեց: Նորագույն տվյալները հաստատում են, որ կառուցվել էր մտահղացած ստորգետնյա-ստորջրյա մայրուղու փոքր մասը: Թունելը պետք է ձգվեր Վլադիվաստոկից Սախալինի միջով դեպի Կուրիլյան կղզիներ եւ հետո դեպի ԱՄՆ: Նպատակադրվվել էր կառուցել տատանումների հաճախականությունը նվազեցնող լիտոսֆերային ռեզոնատոր` նեղ, երկար խողովակի տիպի: Այդպիսի թունելում միջուկային լիցքի պայթեցման արդյունքում առաջացած հարվածային ալիքը անցնելով օվկիանոսի տակով, «թշնամու» մայրցամաքի տակ կառաջացներ այնպիսի կործանարար ռեզոնանս, որ ԱՄՆ-ի մեկ երրորդ մասը կիջներ ջրի տակ:
- Սակայն ինչի՞ է պետք այդ նոր զենքը, չէ՞ որ արդեն կային ատոմային ռումբերը…
- ՍՍՀՄ-ը եւ ԱՄՆ-ը արագորեն մեծացնում էին իրենց միջուկային լիցքերի հզորությունները: Սակայն ամերիկացիները հանկարծ իրար խառնվեցին: Երբ նրանց եւ մեր ռումբերի հզորությունը հասցվեց տասնյակ կիլոտոննաների եւ դրանք անվերջ, ցուցադրաբար պայթեցվում էին, ՍՍՀՄ-ը հանկարծ դադարեցրեց մեծ հզորության ռումբերի փորձարկումները, դրա փոխարեն անցնելով մեկ-երկու կիլոտոննանոց «մանչուկ» ռումբերի սերիական պայթեցումներին: Այդպիսի փոքր ռումբերը պայթեցվում էին միաժամանակ Հարավային Ուրալի տարբեր կետերում եւ Ղազախստանում: ԱՄՆ-ի ռազմական վերլուծաբանները խառնվում էին ենթադրություններում, թե տակտիկական ի՞նչ տարօրինակ փոփոխություններ են դրանք:
Սպիտակյան անդրադարձ
-Ստացվում է, որ լիտոսֆերային զենքն առաջինը Սովետական Միությու՞նն է փորձարկել:
- Իմ կարծիքով այո: Փորձարկման համար ընտրվել էր ՍՍՀՄ-ի սահմանների առավել անմարդաբնակ, միեւնույն ժամանակ, լիտոսֆերային սալերի լարումների կուտակման կետ` Արարատի լեռնաճյուղը, Թուրքիայի հետ սահմանի հյուսիս-արեւելյան եւ Իրանի հետ սահմանի հյուսիս-արեւմտյան շրջանում: Այդ կետը տեղակայեցին հսկայական պարաբոլիկ հայելու ֆոկուսում: Սակայն հորիզոնի նկատմամբ մեծ անկյան տակ, համարյա ուղղաձիգ, տեղաբաշխված լիտոսֆերային սալը անդրադարձրեց ուղղորդված ալիքը, որն էլ ռեզոնանս առաջացրեց այլ տեղանքում` Սպիտակում: Սեյսմոլոգների հաշվարկներով այդպիսի սարսափելի ուժգնության բնական երկրաշարժ այդ տեղանքում չէր կարող լինել:
- Իսկ ամերիկացիներն այդօրինակ փորձարկումներ իրականացրե՞լ են:
- ԱՄՆ-ը իրականացրել է մի շարք-պայթյուններ խաղաղօվկիանոսյան խութերի (ռիֆ) վրա, որոնք ատոմային պայթյուններից տարբերվում էին փոքր հզորությամբ: Իսկ այդ պայթյունների հաճախականությունը մոտավորապես նույնն էր, ինչ 50-ական թվականների սովետական վերգետնյա փորձարկումներինը: Այնպես որ, ամենայն հավանականությամբ, ամերիկացիները լիտոսֆերային զենք էին փորձարկում: Պատահական չէ, որ պայթյունների արդյունքում մարջանային (կորալային) կղզիներից մի քանիսը անվերադարձ սուզվեցին օվկիանոսի հատակ: Ամերիկացիների հաջորդ ավանտյուրան համարում եմ 2004թ. դեկտեմբերի 26-ին Հնդկական օվկիանոսում առաջացած հսկայական ցունամին, որի պատճառը ընդունված է համարել 9,2 բալանոց ստորջրյա երկրաշարժը` դիտարկումների ողջ պատմության ընթացքում ուժգնությամբ երրորդը:
- Դրանից հետո - Հաիթիի երկրաշարժն էր: Ի՞նչ կլինի հետո:
- Դրանից հետո Թեհրանն է: Այն տեղաբաշխված է Կասպից ծովի հարավային ափին մոտ, լիտոսֆերային հզոր լարումների հանգույցի մոտակայքում: Բավական է “փչել” այդ հանգույցի ուղղությամբ եւ լիտոսֆերային սալերը կհեռանան իրարից ու 14 միլիոնանոց ագլոմերացիան (Թեհրանը) կկորչի գրողի ծոցը: ԱՄՆ-ը չի կարողանում համակերպվել իսլամական պետության միջուկային զենքի հետ: Ուրեմն, պետք կլինի ռմբահարել: Սովորական լիցքերով ռմբահարումներն անիմաստ են` Իրանը ժամանակակից ՀՕՊ (հակաօդային պաշտպանության) համակարգ ունի: Ատոմային ռու՞մբ գցել, որի պայթյունի արդյունքում առաջացած ալիքը կծածկի Ռուսաստանի կեսը եւ անկախ իր կամքից կոնֆլիկտի մեջ կներքաշի միջուկային տիրություն Ռուսաստանին: Քանի դեռ Իսրաելը Իրանին սպառնում է ատոմային ռմբահարումով, ԱՄՆ-ը ծածուկ նախապատրաստում է հարվածը, որը հեղինակ չի ունենա: Լիտոսֆերային զենքը միակն է, որի կիրառումը հնարավոր չէ վերահսկել ու հայտնաբերել եւ որի դեմ չկա պաշտպանություն: Հետեւանքները, ինչպես Հաիթիի երկրաշարժի դեպքում էր, կբացատրեն բնական տարերքի վտանգավոր դրսեւորմամբ: Եվ միայն Պենտագոնում ու Մոսկվայի ԿՀՎ-ում (կենտրոնական հետախուզական վարչություն) կիմանան, թե ով է պատահարի հեղինակը:
Անձնական տվյալներ
Օլեգ Ֆեյգին, ֆիզ.մաթ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր, Ուկրաինայի ԳԱ անդամ
Մասնագետի մեկնաբանություն
Անատոլի Ցգանյուկ, ՌԴ Ռազմական կանխագուշակման Կենտրոնի ղեկավար, ռազմ. գիտ.թեկն., ՄՊՀ (Մոսկվայի պետական համալսարան) համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի դոցենտ
- Ճիշտ է ասում գիտնականը: Եթե մի (միջուկային) լիցքը տեղադրվի օվկիանոսային խզվածքի ընդարձակման գոտում, իսկ մյուսը` լիտոսֆերային հանգույցի սեղմման հանգույցում, իսկ հետո դրանք պայթեցվեն հաջորդաբար, ապա հիդրոհարվածը ընդարձակման “վզիկից” Երկրի ընդերքի հալույթի հոսանքներով կընթանա եւ կճնշի լիտոսֆերային սալերի որոշակի տեղամասերի վրա:
ա). Որ «Սպիտակի» կործանարար երկրաշարժը (էպիկենտրոնը` գյուղ Նալբանդ) արհեստականորեն էր գեներացված, մարդածին էր, մասնագետներիս եւ հայ հասարակության մեծամասնության համար ակնհայտ էր ի սկզբանե, ինչի մասին մի խումբ գիտնականների հետ միասին սկսել ենք բարձրաձայնել այդ ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո: Բերեմ փաստեր, որոնք բացահայտում են այդ ավերիչ երկրաշարժի մարդածին բնույթը: Այսպես` Երեւանի տարածքում այդ ավերիչ երկրաշարժն ընթացավ երեք փուլով
- Առաջին փուլը տեւեց մոտ 15-20վրկ, որի ընթացքում դիտվեցին մեծ հաճախության եւ ուժգնության, փոքր ամպլիտուդի ոչ խորքային ուղղաձիգ տեկտոնիկ ցնցումներ` վիբրացիաներ;
- Հաջորդ` 10-20 վրկ տեւողության երկրորդ փուլի ընթացքում քար լռություն տիրեց;
- Երկրաշարժի բուն` երրորդ փուլի ընթացքում դիտվեցին երկրակեղեւի հորիզոնական, փոքր հաճախության, մեծ ամպլիտուդի եւ մեծ ուժգնության խորքային տեկտոնիկ տատանումներ` ցնցումներ, որոնք ուղեկցվում էին ցածր հաճախության ձայնային ֆոնով` ստորգետնյա դղրդյունով, եւ որը մոտ մեկ րոպե տեւեց:
- Հայաստանի բոլոր այն տարածքներում, որտեղ գրանցվել է այդ ավերիչ երկրաշարժը, պրոցեսներն ընթացել են նույն «սցենարով», սակայն տարբեր ուժգնությամբ:
- Եթե «Սպիտակի» ավերիչ երկրաշարժի գեներացումը բնական լիներ, իր բնածին օջախով, ապա երկրաշարժի առաջին փուլում երկրակեղեւի մեծ հաճախության եւ ուժգնության, փոքր ամպլիտուդի ուղղաձիգ, հզոր վիբրացիայի պատճառը կարող էր լինել միայն Երկրի ընդերքից մագմայի ահռելի մեծ զանգվածի դեպի վեր, երկրի մակերեւույթ եւ մթնոլորտ, մեծ արագությամբ գերհզոր արտահոսքը, ինչն էլ, պարտադիր, պետք է հանգեցներ, առնվազն, հզոր հրաբխի ժայթքման: Այն տեղի չունեցավ: Հարց է առաջանում, երկրի ոչ խորը ընդերքում ընթացող ի՞նչ ֆիզիկական մեխանիզի արդյունքում դիտվեցին մեծ հաճախության եւ ուժգնության, փոքր ամպլիտուդի ուղղաձիգ ոչ-խորքային վիբրացիաները երկրաշարժի առաջին փուլում եւ ինչո՞ւ այս փաստն առ այսօր հույժ գաղտնի է պահվում պաշտոնատար մասնագետների եւ պաշտոնատար անձանց կողմից:
- Գյումրիում (Լենինական) տեղակայված սեյսմիկ կենտրոնի աշխատակիցների վկայությամբ «Սպիտակի» կործանարար երկրաշարժի արդյունքում կենտրոնի սեյսմոգրաֆների սլաքները դուրս էին թռել գրանցման դաշտից` շկալայից եւ կոտրվել, ինչի ապացույցը նրանց ներկայացրած կոտրված սլաքներով եւ ծռված առանցքներով սեյսմոգրաֆներն էին:
- Սա նշանակում է, որ «Սպիտակի» ավերիչ երկրաշարժի ուժգնությունը Գյումրու տարածքում 12 բալից ավելին է եղել, որի պատճառով էլ սեյսմոգրաֆների սլաքները թռել-անցել են սահմանային 12 բալ ցուցմունքը եւ կոտրվել: Ուստի Սպիտակում, առավել եւս, Նալբանդում, երկրակեղեւի ցնցումները 12 բալից շատ ավելին են եղել եւ այլն:
Սակայն առ այսօր այդ կործանարար երկրաշարժի իրական բնութագրական պարամետրերը նպատակաուղղված կերպով խեղաթյուրվում են, դրանց մի մասի արժեքները գնալով արհեստականորեն կտրուկ նվազեցվում են, իսկ որոշ, կարեւորագույն, պարամետրեր, ուղղակի, լռության են մատնվում:
Այսպես, հանրահայտ «Наука и жизнь» ամսագրի 1989թ. №4-ում, «Սպիտակի» կործանարար երկրաշարժից չորս ամիս անց, ՍՍՀՄ ԳԱ «Երկրաֆիզիկայի ինստիտուտի» հզոր երկրաշարժերի լաբորատորիայի վարիչ, ֆիզ.մաթ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Ն. Շեբալինն այդ ավերիչ երկրաշարժի համար ներկայացրել է, ընդամենը, հետեւյալ ոչ հավաստի, կցկտուր տվյալները`մագնիտուդը M=7,0; էպիկենտրոնում բալայնությունը 10, հիպոկենտրոնի (երկրաշարժի օջախի) խորությունը` 10-20կմ:
- Ինչպես տեսնում ենք, պրոֆեսոր Ն. Շեբալինն այդ կործանարար երկրաշարժի պարամետրից, ընդամենը, երեքն է ներկայացրել, այն էլ խիստ աղավաղված-լղոզված, ինչը հարիր չէ լուրջ գիտնականին եւ կասկածի խիստ տեղիք է տալիս: Նշեմ, որ առ այսօր այդ ավերիչ երկրաշարժի պարամետրերի հարցում նույնպիսի «անորոշություն» է տիրում: Ավելին, գնալով դրանց մեծությունները, դարձյալ նպատակաուղղված, խիստ նվազեցվում են: Այսպես, էպիկենտրոնում ուժգնության համար ներկայումս ներկայացվող տվյալները տատանվում են 7-7,2 բալ սահմաններում (ըստ պրոֆեսոր Ն. Շեբալինի` 10 բալ), իսկ մագնիտուդի համար ներկայումս ներկայացվող տվյալները տատանվում են 6,7-7 սահմաններում: Բացի այդ,
- Առ այսօր չի նշվում այդ կործանարար երկրաշարժի իրական էպիկենտրոնը` գյուղ Նալբանդը, չի տրվում էպիկենտրոնի իրական աշխարհագրական կոորդինատները, ինչն աննախադեպ է: Առնվազն, սկսած քսաներրոդ դարի 20-ական թվականներից, բոլոր երկրաշարժերի համար, որպես կարեւոր պարամետր պարտադիր տրվում է տվյալ երկրաշարժի օջախի պրոյեկցիան երկրի մակերեւույթի վրա` երկրաշարժի էպիկենտրոնը, իր ճշգրիտ աշխարհագրական կոորդինատներով: Իսկ «Սպիտակի» ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատները ուղղակի չեն տրվում: Նշենք, որ պրոֆեսոր Ն. Շեբալինը նույնպես չի ներկայացրել «Սպիտակի» երկրաշարժի էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատները: Այսինքն, ի սկզբանե էր որոշվել խեղաթյուրել այդ ավերիչ երկրաշարժի բոլոր պարամետրերը:
- Ավելին, ներկայումս ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՀՀՍՊԱԾ) կայքում «Սպիտակի» կործանարար երկրաշարժի վերաբերյալ, «խիստ տարօրինակ զուգադիպությամբ», որեւէ պարամետր անգամ չի ներկայացված, ինչը, մեղմ ասած խայտառակություն է, իսկ մասնագիտական առումով հանցագործություն: Պարզության համար ներկայացնում եմ ՀՀՍՊԱԾ կայքում ներկայումս զետեղված «Սպիտակի» երկրաշարժի մասին նյութն ամբողջությամբ:
«1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որը հետագայում անվանվել է Սպիտակի երկրաշարժ: Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ, այն տասնյակ հազարավոր մարդկանց նահատակման պատճառ է դարձել:
Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել Փոքր Կովկասի բարձրավանդակում գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի առանցքից մոտավորապես 150 կմ դեպի հարավ: Փոքր Կովկասի տեկտոնական և երկրաբանական կառուցվածքային ուղղությունները զուգահեռ են գլխավոր Կովկասյան շղթային հյուսիս-արևմտյան, հարավ-արևելյան ուղղությամբ: Տեկտոնական դրույթը հիմնականում բարդ է, բայց ընդհանուր առմամբ այն բնորոշվում է երկրի կեղևի սեղմամբ ու խտացմամբ, Արաբական և Եվրասիական սալերի տեղաշարժերի պատճառով»:
Ինչպես տեսնում ենք ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը (ՀՀՍՊԱԾ) նույնպես փորձում է լավագույնս քողարկել այսպես կոչված «Սպիտակի երկրաշարժի» իրական պատկերը: Այսպես վարվում են, երբ կա կոծկելու, լռելու եւ աղավաղելու հույժ անհրաժեշտություն եւ կոծկման հրահանգ:
Այժմ տեսնենք, թե ինչպես է ընդունված ներկայացնել ցանկացած երկրաշարժի, առավել եւս աննախադեպ կործանարար-ավերիչ երկրաշարժի սեյսմիկ-տեխնիկական պարամետրերը: Խոսենք փաստերի լեզվով եւ սկզբում ներկայացնենք XX դարասկզբին` 22.10.1926թ. Հայաստանի տարածքում տեղի ունեցած «Լենինականի երկրաշարժի» պարամետրերի մասին առկա տվյալների մի մասը:
- «Լենինականի երկրաշարժը» սկսվել է 22.10.1926թ. տեղական ժամանակով ժամը 16:04, 4-5 բալ ուժգնության եւ 40 րոպե անց` 7-8 բալանոց երկրորդ ֆորշոկային ցնցումներով: Ի վերջո, հիմնական` 8-9 բալ ուժգնության երկրաշարժը գրանցվել է ժամը 19:59: Երկրաշարժի էպիկենտրոնի կոորդինատներն են` 40,7°N (հյուսիսային լայնութուն) եւ 43,8°E (արեւելյան երկայնություն): Երկրաշարժի օջախի (հիպոկենտրոնի) խորությունը` 7 կմ, մագնիտուդը` 5,7: Երկրաշարժը ներառել է Արփաչայ գետի միջին հոսանքին հարող 45 հազար քառ.կմ տարածք: Երկրաշարժից առաջ ստորգետնյա ուժեղ դղրդոց է լսվել, ինչի արդյունքում մարդիկ դուրս են եկել շինություններից դուրս… եւ այլն:
- Ներկայացնենք նաեւ բոլորովին վերջերս գրանցված Ճապոնական մեծ, ավերիչ երկրաշարժի (Ճապոնիայի պատմության ընթացքում հայտնի երկրաշարժերից ամենաուժգին երկրաշարժի) առկա սեյսմիկ-տեխնիկական պարամետրերի մի փոքր մասը: Այն տեղի է ունեցել 11.03.011թ., օվկիանոսային խորջրյա գոգավորությունում` Ճապոնական փորվածքում, որտեղ հպվում-մեկտեղվում են Խաղաղօվկիանոսյան եւ Օխոտյան լիտոսֆերային սալերը: Երկրաշարժի օջախի (հիպոկենտրոնի) խորությունը կազմել է 32 կմ: Առավել ուժգին ցնցումը (9,0-9,1 մագնիտուդով) գրանցվել է 11.03.2011թ., տեղական ժամանակով ժամը 14:46-ին (Երեւանի ժամանակով` 9:46-ին) Խաղաղ օվկիանոսի արեւմտյամ մասում, Հոնսյու կղզու Սենդայ քաղաքից 130 կմ դեպի արեւելք, Տոկիոից 373 կմ հեռավորության վրա: Այդ առավելագույն ցնցմանը նախորդել են ֆորշոկային, բարձր բալային չորս երկրաշարժեր, որոնցից առաջինը 7,2 մագնիտուդի, իսկ մյուս երեքը` մոտ 6 մագնիտուդի: Հիմնական, ցնցումից քիչ անց դիտվել են մեծ մագնիտուդի եւ մեծ ուժգնության աֆտերշոկային մի շարք ցնցումներ, այդ թվում 7,0 մագնիտուդի` տեղական ժամանակով 15:06; 7,4 մագնիտուդի` ժամը 15:15 եւ 7,2 մագնիտուդի` ժամը 15:26: Ճապոնական մեծ երկրաշարժի էպիկենտրոնի կոորդինատներն են` 38,322°N (հյուսիսային լայնություն) եւ 142,369°E (արեւելյան երկայնություն), Խոնսյու կղզուց դեպի արեւելք: Այդ ավերիչ երկրաշարժի արդյունքում, առավել ուժգնության ցնցումից 10-30 րոպե հետո, Խաղաղ օվկիանոսում ձեւավորված 10 եւ ավել մետր բարձրության ցունամին (հետագա ճշտումների արդյունքում պարզվել է, որ ցունամիի առավելագույն բարձրությունը կազմել է 39,5 մետր) հասավ ճապոնական ափ, իսկ 69 րոպե հետո` ամբողջությամբ հեղեղեց Սենդայ օդանավակայանը եւ այլն:
Եթե համեմատենք 22.10.1926թ. գրանցված Լենինականի երկրաշարժի եւ 11.03.2011թ. գրանցված Ճապոնական մեծ երկրաշարժի համար վերը ոչ ամբողջությամբ ներկայացված պարամետրերը «Սպիտակի երկրաշարժի» համար բերվող կցկտուր, ոչ միանշանակ, նվազման միտում ունեցող պարամետրերի հետ, կամա թե ակամա, կեզրահանգենք, որ այստեղ ամեն ինչ այն չէ:
բ). Մյուս կողմից, որ անցյալ դարի 40-ական թվականների վերջից սկսած, ԱՄՆ-ը եւ ՍՍՀՄ-ը, ատոմային եւ միջուկային ռումբերի ստեղծման, դրանց հզորության մեծացման մրցավազքին զուգահեռ, լուրջ հետազոտական աշխատանքներ էին իրականացնում տեկտոնիկ կամ լիտոսֆերային զենքի ստեղծման ուղղությամբ, անառարկելի փաստ է եւ այդ փաստի շուրջ ակադեմիկոս Օ. Ֆեյգինի հայտարարությունները, անտարակույս, համապատասխանում են իրականությանը:
Ատոմային ռումբերի առաջին պայթեցումներից հետո (ԱՄՆ-ը 16.07.1945թ.; ՍՍՀՄ-ը 29.08.1949թ. Սեմիպալատինսկում) պարզ դարձավ, որ դրանք գեներացնում են տարբեր ուժգնության արհեստական, մարդածին երկրաշարժեր: Հենց այս փաստն էլ հիմք հանդիսացավ նոր գերհզոր զենքի` լիտոսֆերային կամ, որ նույնն է, գեոֆիզիկական զենքի մշակման եւ ստեղծման համար: Հայտնի է, որ ներկայումս ԱՄՆ-ը եւ ՍՍՀՄ-ի իրավահաջորդը` ՌԴ-ը, վաղուց ի վեր, այդ ոլորտում հասել են որոշակի հաջողությունների:
Բացի այդ, ներկայումս, առնվազն, ԱՄՆ-ը արտադրում է այսպես կոչված խորքային կամ թափանցող ռումբեր, որոնց կիրառումը նույնպես հանգեցնում է մեծ թվով մեծ մագնիտուդի եւ ուժգնության արհեստական երկրաշարժերի գեներացման ռմբահարման կետի շուրջ 1000կմ շառավղով պարփակված տարածքի (վտանգավոր գոտու) սահմաններում: Հայտնի է, որ ԱՄՆ-ի կողմից թափանցող կամ խորքային ռումբերի առաջին, բացահայտ կիրառումն իրականացվել է 2001թ.-ի դեկտեմբերի սկզբին, Աֆղանստանի Տորա-Բորա տեղանքում, ինչի արդյունքում Տորա-Բորայի շուրջ «վտանգավոր գոտու» սահմաններում գեներացվեցին մեծ մագնիտուդի (5-7,5 մագնիտուդի), բարձր բալային 12 մարդածին, ավերիչ երկրաշարժեր:
ՍՍՀՄ-ում, սիբիրյան ջրառատ գետերի հուների փոփոխման եւ այդ կերպ Կասպից ծովի մակարդակի բարձրացման անհեթեթ ծրագրերի սահմաններում գետերի նոր հուների “փորման” հեշտ մեթոդ էր մշակվել: Փորվում էին որոշակի (կես կիլոմետր եւ ավելի) խորության հորատանցքեր, ուր տեղադրվում էր որոշակի քանակության պայթուցիկ (միջուկային) նյութ եւ դրանք որոշակի հաջորդականությամբ պայթեցվում էին, ինչը նպատակ ուներ հեշտացնել կարծր ապառային տեղանքներում գետերի նոր հուների փորման աշխատանքները: Այդպիսի ստորգետնյա միջուկային լիցքերի պայթեցումների արդյունքում մեծ մագնիտուդի բարձր բալային երկրաշարժեր էին գեներացվում այնպիսի տարածքներում, որտեղ նախկինում երկրաշարժեր երբեք չէին դիտվել եւ, իհարկե կտրուկ աճում էր տեղանքի ռադիացիոն ֆոնը այլն:
Այնպես որ, տարբեր ֆիզիկական մեխանիզմների հիմքի վրա գործող տեկտոնիկ` գեոֆիզիկական կամ լիտոսֆերային զենքի, ինչպես նաեւ խորքային կամ թափանցող ռումբերի գոյությունը, դրանց փորձարկումներն ու նաեւ պրակտիկ կիրառումը, առնվազն, ԱՄՆ-ի, ՍՍՀՄ-ի (ներկայումս` ՌԴ) կողմից վաղուց ի վեր, օբյեկտիվ իրականություն է, համամոլորակային կործանարար աղետ գուժող իրականություն:
գ) Նկատի ունենալով ակադեմիկոս Օ. Ֆեյգինի նեղ մասնագիտացումը` ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտի տեսաբան ֆիզիկոս, կարելի է եզրակացնել, նախ`
- որ նա ինքը, ամենայն հավանականությամբ, մասնակից է եղել լիտոսֆերային զենքի մշակման եւ ստեղծման գործընթացներին, բացի այդ,
- ակնհայտ է, որ ողջ աշխարհում լիտոսֆերային եւ նմանատիպ արդիական զենքերի մշակմամբ, նրանց կատարելագործմամբ զբաղվող գիտական եւ հարակից բնագավառներում աշխատանքներն իրականացվել եւ շարունակում է իրականացվել առավել գաղտնիության պայմաններում, “առավել հույժ գաղտնի” գրիֆի տակ, ուստի`
- կամ ակադեմիկոս Օ. Ֆեյգինը եւ, նաեւ հանրահայտ «АиФ»-ի խմբագրությունը, այդ հայտարարությամբ, ՍՍՀՄ (ՌԴ) պետական գաղտնիք էին բացահայտում, ինչը չէր վրիպի ՌԴ Պետանվտանգության կոմիտեի (ՊԱԿ) կամ ԿՀՎ (կենտրոնական հետախուզական վարչության) աչալուրջ հայացքներից եւ կամ`
- ակադեմիկոս Օ. Ֆեյգինն իր այդ հայտարարությունն իրականացրել է նույն այդ ՌԴ ՊԱԿ-ի կամ ԿՎՀ-ի հրահանգով, այն էլ աշխարհով մեկ սփռվող, հանրահայտ «АиФ» թերթի միջոցով, ի լուր ողջ աշխարհի:
- Երրորդ տարբերակը, որ ակադեմիկոս Օ. Ֆեյգինը եւ «АиФ»-ի ողջ անձնակազմը միաժամանակ անմեղսունակ վիճակում էին պիտի բացառել:
Պիտի բացառել նաեւ առաջին տարբերակը քանի որ, եթե, ենթադրենք, որ ակադեմիկոս Օ. Ֆեյգինը որոշել էր պետական գաղտնիք բացահայտել, ապա այդ քայլը նա չէր կարող իրականացնել «АиФ»-ի էջերում, դա բացառված է:
Ուստի, մնում է միայն մի տարբերակ, ըստ որի ակադեմիկոս Օ. Ֆեյգինն իր հայտարարությունն իրականացրել է ՌԴ ՊԱԿ-ի, ԿՀՎ-ի հրահանգով, ավելին` ՌԴ բարձրագույն պետական պաշտոնյաների թելադրանքով: Այլ հարց է, թե ինչ նպատակով:
Բացի այդ, ինչպես լինում է նմանատիպ իրավիճակներում, ակադեմիկոս Օ. Ֆեյգինն իր հայտարարության մեջ երրորդական-տասերրորդական կարգի սխալ է թույլ տվել: Իրոք, ակադեմիկոս Ֆեյգինը պնդում է, թե,-«…Փորձարկման համար ընտրվել էր ՍՍՀՄ-ի սահմանների առավել անմարդաբնակ, միեւնույն ժամանակ, լիտոսֆերային սալերի լարումների կուտակման կետ` Արարատի լեռնաճյուղը, Թուրքիայի հետ սահմանի հյուսիս-արեւելյան եւ Իրանի հետ սահմանի հյուսիս-արեւմտյան շրջանում»:
Այսինքն, ըստ ակադեմիկոս Ֆեյգինի այս պնդման, նախապատրաստվել էր ավերիչ մարդածին երկրաշարժ, որի էպիկենտրոնը Արարատ լեռնաճյուղի տակ էր գտնվելու` ներկայիս Թուրքիայի տարածքում: Սա պետք է բացառել, քանի որ 1988թ. հոգեվարքի մեջ գտնվող ՍՍՀՄ-ը կզգուշանար ՆԱՏՕ-ի անդամ երկրի` Թուրքիայի, տարածքում լիտոսֆերային զենքի կիրառման ավանտյուրայից, քանի որ դրա համար նա շատ թանկ գին կվճարեր:
Մյուս կողմից չի բացառվում, որ հենց հոգեւարքի մեջ գտնվող ՍՍՀՄ-ը փորձել է այդ կերպ զգուշացնել աշխարհին, թե ինքն ինչի է ունակ եւ, նախ եւ առաջ ծնկի իջեցնել, դիմագրավել պատմական արդարության համար հզոր պայքարի ելած հայ ժողովրդին: Դեռ հարց է, թե ինչո՞ւ այդպես հեշտ եւ այդպես արագ, առանց որեւէ նկատելի արտաքին ճնշման եւ առանց որեւէ լուրջ դիմադրության փլուզվեց ՍՍՀՄ-ը:
Ակադեմիկոս Ֆեյգինի հայտարարությունը, թե «…հորիզոնի նկատմամբ մեծ անկյան տակ, համարյա ուղղաձիգ, տեղաբաշխված լիտոսֆերային սալը անդրադարձրեց ուղղորդված ալիքը, որն էլ ռեզոնանս առաջացրեց այլ տեղանքում` Սպիտակում», մեղմ ասած, հակագիտական է եւ խայտառակ: Իրոք,
- նախ, այնպիսի վտանգավոր, կործանարար զենքի կիրառումը, ինչպիսին լիտոսֆերային զենքն է, կնախապատրաստվեր եւ կիրականացվեր խիստ մանրակրկիտ, հաշվի առնելով տեղանքի յուրաքանչյուր առանձնահատկությունը: Ուստի, պետք է բացառել ակադեմիկոս Ֆեյգինի ներկայացրած «անճշտության» հնարավորությունն անգամ, քանի որ մասնագետները քաջատեղյակ են եղել «…համարյա ուղղաձիգ տեղաբաշխված լիտոսֆերային սալի մասին», ինչն էլ, իբր, անդրադարձրել է ուղղորդված ալիքը: Բացի այդ,
- խիստ հնարավոր է, որ ՍՍՀՄ համապատասխան կառույցները նպատակադրված են եղել այլ էպիկենտրոնով ավերիչ երկրաշարժ գեներացնել, սակայն դարձյալ Հայաստանի տարածքում, օրինակ` Մեծամորի ԱԷԿ-ին մոտ էպիկենտրոնով:
- Այսպես կոչված “Սպիտակի” ավերիչ մարդածին երկրաշարժը, իմ խորին համոզմամբ, իրականացվել է ոչ թե հարվածային ալիքի կիրառումով, ինչի մասին խոսում է ակադեմիկոս Ֆեյգինը (եւ ինչի կիրառման հնարավորությունն այդ օրերին ՍՍՀՄ-ն ուղղակի չուներ), այլ շատ ավելի պարզ եղանակով` երկրակեղեւում որոշակի տեղանքներում եւ որոշակի խորությունների վրա փորված, առնվազն, երեք հորատանցքերում (որոնք կազմում են եռանկյունի) միջուկային լիցք է տեղադրվում: Այդ հորատանցքերն այնպես են տեղաբաշխում, որպեսզի դրանցով կազմված եռանկյունու կենտրոնը համընկնի այն աշխարհագրական տարածքի հետ, որտեղ անհրաժեշտ է մարդածին երկրաշարժ գեներացնել: Որոշակի հաջորդականությամբ միջուկային լիցքերի պայթեցման արդյունքում, երկրակեղեւի այն կետում, որը համընկնում է ձեւավորված «եռանկյունու» կենտրոնի հետ, գեներացվում է մարդածին երկրաշարջ, ինչն էլ իր հերթին կարող է գրգռել (կամ չգրգռել) նաեւ բնածին երկրաշարժ (եթե նրա գեներացրած էներգիան բավարարի երկրաշարժի բնածին օջախում պրոցեսներ գրգռելու համար:
«Սպիտակի ավերիչ երկրաշարժը» հենց այսպիսի մեխանիզմով է իրականացվել, որի երեք փուլերից առաջինը բացահայտորեն մարդածին էր:
Այստեղից նաեւ պարզ է դառնում, որ ներկայիս Թուրքիայի տարածքում` Արարատ լեռան տակ էպիկենտրոնով մարդածին երկրաշարժ գեներացնելու համար ՍՍՀՄ-ի համապատասխան ռազմական ուժերին անհրաժեշտ կլիներ երեք հորատանցքերից առնվազն մեկը փորել Թուրքիայի տարածքում, Արարատ լեռից որոշակի հեռավորության վրա եւ դրանում տեղադրել միջուկային լիցք, իսկ հետո դրանք պայթեցնել որոշակի պարբերությամբ եւ հաջորդականությամբ, ինչը, մեղմ ասած, ծիծաղ է առաջացնում:
Եվ իզուր է ակադեմիկոս Ֆեյգինը հայտարարում, թե «Լիտոսֆերային զենքը միակն է, որի կիրառումը հնարավոր չէ վերահսկել ու հայտնաբերել եւ որի դեմ չկա պաշտպանություն: Հետեւանքները, ինչպես Հաիթիի երկրաշարժի դեպքում էր, կբացատրեն բնական տարերքի վտանգավոր դրսեւորմամբ: Եվ միայն Պենտագոնում ու Մոսկվայի ԿՀՎ-ում (կենտրոնական հետախուզական վարչություն) կիմանան, թե ով է պատահարի հեղինակը»:
Դեմ չեմ, այս զենքը վերահսկելն, առայժմ, հնարավոր չէ, սակայն ազդեցության բացահայտումը որեւէ դժվարություն չի ներկայացնում: Այս հարցում ակադեմիկոս Ֆեյգինը, տարօրինակ կերպով, ինքն իրեն հակասում է պնդելով, թե Հայիթիի եւ մի շարք այլ երկրաշարժերը ԱՄՆ-ի կողմից լիտոսֆերային զենքի կիրառման հետեւանք են: Այդ դեպքում որտեղի՞ց ակադեմիկոս Ֆեյգինին այդ տեղեկությունները, գուցե ՌԴ ԿՀՎ-ից կամ ՊԱԿ-ից են նրան տեղեկացրել:
Ավելին, դարձյալ տարօրինակ զուգադիպությամբ, ակադեմիկոս Ֆեյգինի հարցազրույցից 16 օր անց տեղի ունեցավ Ճապոնական Մեծ ավերիչ երկրաշարժը, որի դեպքում, նույնպես, շատ բան պարզ չէ: Արդեն իսկ, չինացի փորձագետները հայտարարել են, թե այդ երկրաշարժը մարդածին էր եւ հետեւանք էր օվկիանոսի հատակի տակ ճապոնացիների կողմից իրականացված ստորջրյա, գերհզոր միջուկային ռումբի անհաջող պայթեցման: Ըստ այդ փորձագետների «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարը նույնպես մարդածին էր, որպեսզի թաքցվի ռադիացիայի իրական աղբյուրի տեղաբաշխումը խաղաղ օվկիանոսում, Ճապոնիայի ափերից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա:
Բացի դրանից` ՌԴ ԳԱԱ Նովոսիբիրսկի մասնաճյուղի «Միջուկային ֆիզիկայի ինստիտուտի» ֆիզիկոսները Ռեյնի “Էկոլոգիական պրոբլեմների ինստիտուտի” մասնագետների հետ համատեղ պարզել են, որ Ճապոնական մեծ երկրաշարժից հետո առաջացած ռադիացիայի սկզբնաղբյուրը “Ֆուկուսիմա-1” ԱԷԿ-ը չէ, ռադիացիայի սկզբնաղբյուրը գտնվում է Ճապոնիայի ափերից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա, Խաղաղ օվկիանոսում, այդ ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնում: Ինչպես տեսնում ենք, լիտոսֆերային զենքի կիրառման բացահայտումը մասնագետների համար որեւէ դժվարություն չի ներկայացնում:
Պարոն ՀՀ Նախագահ,
- որ 07.12.1988թ. ՀՀ տարածքում լիտոսֆերային զենք է կիրառվել, մեծ մագնիտուդի, բարձր բալային երկրաշարժ գեներացնելու նպատակով որեւէ կասկածի ենթակա չէ: Բացի այդ,
- որ սովետական գիտական դպրոցն անցած, համապատասխան ոլորտի ֆիզիկոս- ակադեմիկոսը ի լուր աշխարհի հայտարարում է, թե Սպիտակի երկրաշարժը ՍՍՀՄ-ի կողմից լիտոսֆերային զենքի կիրառման հետեւանք է եւ այդ հայտարարությունը նա անում է աշխարհում մեծ ճանաչում ունեցող «АиФ» թերթում ու դրանից հետո մնում է ազատության մեջ, ավելին` դեռ կենդանի է, միայն ու միայն նշանակում է, որ այդ ակադեմիկոսը ՌԴ որոշակի ուժային կառույցների հրահանգ է կատարել, վերին հրահանգ:
Պարոն ՀՀ Նախագահ Ձեր, ՀՀ ԱԺ-ի, ՀՀ Կառավարության, ՀՀ մտավորականության, ՀՀ հասարակության, համայն հայության պարտքն է եւ Սուրբ իրավունքը, ի վերջո, բացահայտել հոգեւարքի մեջ հայտնված ՍՍՀՄ-ի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացրած այդ ծանրագույն հանցագործությունը, որ ցեղասպանություն էր, ինչի արդյունքում, մի քանի րոպեների ընթացքում, 25000-ից ավելի զոհեր տվեցինք, բազմաթիվ մեր հայրենակիցներ հաշմանդամ դարձան ու խեղվեցին, ավերակների վերածվեցին մեծ թվով քաղաքներ, գյուղեր եւ մեր երկիրը հայտնվեց ծուղակում, արհեստականորեն ստեղծված ծուղակում: Եվ այդ ամենը նպատակ ուներ ծնկի իջեցնել զարթոնք ապրող հայ ժողովրդի մի փոքր հատվածին, որն ապրում եւ արարեւմ էր նախորդ ցեղասպանությունների արդյունքում հայրենակորույս հայությանը մնացած մի բուռ հողի վրա:
Հայ ժողովրդի նկատմամբ իրականացված այս նախորոք ճշգրիտ հաշվարկված հանցագործության` ցեղասպանության, բացահայտումը նաեւ ՍՍՀՄ իրավահաջորդի` ՌԴ պարտքն ու պարտականությունն է:
ՌԴ-ը, որ, եթե հավատանք խոսքերին, ՀՀ ռազմավարական գործընկերն է, որին ՀՀ-ը վստահել է իր հարավային սահմանների պաշտպանությունը, պետք է ուժ գտնի իր մեջ ընդունելու հոգեւարքի մեջ հայտնված ՍՍՀՄ-ի կողմից հայության դեմ լավագույնս ծրագրած եւ հաջողությամբ իրականացրած մարդկության դեմ այդ ծանր հանցագործությունը, որի անունն է ցեղասպանություն:
Պարոն ՀՀ Նախագահ, այս հարցում լռություն պահպանելն անթույլատրելի է ե՛ւ Ձեր, ՀՀ Իշխանության ու ողջ հայության կողմից ե՛ւ ՌԴ նախագահի, այդ երկրի Իշխանության ու ողջ ռուս ժողովրդի կողմից:
Իմ խորին համոզմամբ, ներկայումս Երկիր մոլորակի վրա, կլիմայական սրընթաց փոփոխությունների` գլոբալ սառեցման ֆոնի վրա, որոշ պետություններ իրենց բազուկների ուժն են ցուցադրում մեկը մյուսին, իրենց կարծիքով, հույս տածելով, թե այդ կերպ լուծում են իրենց գոյատեւման հարցը, չհասկանալով, որ դրա ժամանակներն անցել են վաղուց եւ վաղ թե ուշ իրենք են դառնալու իրենց իսկ կողմից կիրառված զենքի զոհը եւ կործանվելու են հիմնովին: Պարոն ՀՀ Նախագահ, Ձեզ ուղղված այս բաց նամակի օրինակները կփոխանցվեն
- ՀՀ ԱԺ նախագահ պրն. Հ. Աբրահամյանին,
- ՀՀ ԱԺ բոլոր խմբակցություններին,
- ՀՀ վարչապետ պրն. Տ. Սարգսյանին,
- ՀԱԿ առաջնորդ պրն. Լ. Տեր-Պետրոսյանին,
- ՀՀ արտախորհրդարանական կուսակցություններին
- ՀՀ հասարակական էկոլոգիական դաշինքին եւ այլն:
Հարգանքով` Մանե Հակոբյան,
ֆիզ.մաթ.գիտ.թեկն., դոցենտ, «Հասարակական էկոդաշինք»-ի անդամ
02.05.2011թ.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել