
Ստորագրվել է պաշտպանության նախարարության և ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության 2018թ. երկկողմ համագործակցության ծրագիրը
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ փետրվարի 8-ին ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2017 թվականի երկկողմ համագործակցության շրջանակում կատարված աշխատանքները, քննարկվել պաշտպանության նախարարության և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության համագործակցությանն առնչվող հարցեր:
Հայկական կողմը բարձր է գնահատել ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի օժանդակությամբ ՀՀ զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ դասընթացների, գիտական-մեթոդաբանական կարողությունների զարգացման և իրազեկվածության բարձրացման ծրագրերի իրագործումը, ինչպես նաև ԿԽՄԿ-ի պատվիրակության կողմից սահմանամերձ համայնքներում բնակչության կենսամակարդակի բարելավմանն ուղղված աշխատանքները:
ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարն արձանագրել է երկկողմ համագործակցության ընդլայնման փաստը` հույս հայտնելով, որ այն կրելու է շարունակական բնույթ:
Հանդիպման ավարտին ստորագրվել է պաշտպանության նախարարության և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև Միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում 2018թ. երկկողմ համագործակցության ծրագիրը:
Մեկնաբանել