
Արմեն Սարգսյանի պարզաբանումը՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիության մասին (տեսանյութ)
Հանրապետության նախագահի իշխող ուժի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր ավելի քան մեկ ժամ հանդիպման էր «Ելք» խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչների հետ։
Խորհրդարանում լրագրողների քանակը զարմացրեց Արմեն Սարգսյանին, նա շնորհակալություն հայտնեց, որ դեռևս թեկնածու չէ, սակայն նման հետաքրքրություն կա իր անձի հանդեպ: Սարգսյանն անդրադարձավ բրիտանական Eurasia House International ընկերության փաստաթղթերին, որտեղ նա ներկայանում է որպես Բրիտանիայի քաղաքացի, սակայն Սահմանադրության համաձայն՝ նախագահի թեկնածուն պետք է վերջին վեց տարիներին հանդիսանա Հայաստանի Հանրապետության քաղաքացի։
«Հարցը, որպես էդպիսին, որ դուք պրոբլեմ եք փնտրում, չկա պրոբլեմ։ Այո, ես եղել եմ Մեծ Բրիտանիայի քաղաքացի, 2000 թվականին, երբ ես ազատվեցի դեսպանի պաշտոնից, ընդ որում՝ նորից առանց աշխատավարձի էի աշխատում, դրանից հետո դիմել եմ Բրիտանիայի քաղաքացիություն ստանալու համար։ Քաղաքացիությունը ստացել եմ 2002 թվականին, 2011-ին հրաժարվել եմ քաղաքացիությունից։ Ես տասնյակ ընկերությունների խորհրդի անդամ եմ եղել, հիմա էլ եմ, ինչ-որ տեղեր գրանցված է եղել, որ բրիտանացի եմ, ինչ-որ տեղեր՝ հայ։ Eurasia House-ը իմ հիմնադրած կազմակերպությունն է, որը 2000-ականների սկզբից հիմնադրել եմ, և դրա դուստր կազմակերպությունը Քեմբրիջի համալսարանում ինստիտուտ է, 2010-ի շրջանակներում այդ կազմակերպության գործունեությունը դադարեց, մայր ընկերությունը դարձավ սառեցված, և տնօրեն չի նշանակում դիրեկտոր...»,- ասաց Սարգսյանը։
Վերջինս չբացառեց, որ այլ ընկերությունների տվյալների բազայում ևս ինքը դեռ ներկայացված լինի` որպես Մեծ Բրիտանիայի քաղաքացի։
«Դուք պատկերացնում եք` երբ մեկը Բրիտանիայում հրաժարական է տալիս, ամեն տեղից իր անունը հանո՞ւմ են»,- հարցրեց նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել