
«Ելք»-ի դիրքորոշումներում փոփոխություն չկա․ դեմ են Արմեն Սարգսյանի թեկնածությանը
Ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը հանրապետության նախագահի՝ ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը բազմաթիվ հարցեր է քննարկել, ինչպես՝ նոր Սահմանադրությամբ նախագահին տրված լիազորությունների կրճատումը, այնպես էլ ներքաղաքական զարգացումները։ Այս մասին Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Հարցրել ենք, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ ի հեճուկս նրան, որ Սերժ Սարգսյանը հստակ հայտարարել է, թե չի հավակնելու վարչապետի պաշտոնին, բայց պրոցեսները գնում են այնպես, որ առաջադրվում է, որը ներքաղաքական վիճակը սրելու լուրջ պոտենցիալ ունեցող հարց է, և նա, ով լինելու է նախագահ, լուրջ խաչմերուկի և դերակատարման մեջ կարող է հայտնվել»,- ներկայացրեց Փաշինյանը:
Պատգամավորի խոսքով՝ իրենք հարցրել են Սարգսյանի կարծիքն այն մասին, թե ինչպես է վերջինս վերաբերվում այն հարցին, որ մի շարք լիազորություններ, որոնք նախագահին տրվում են Սահմանադրությամբ, ինչպես` դատապարտյալներին ներում շնորհելը, այլևս կվերապահվի վարչապետին։
«Ընտրակաշառքների մասին իր գնահատականներից ենք հետաքրքրվել, նաև Մարտի 1-ի հարցով դիրքորոշումները ճշտել, քաղբանտարկյալների հարցն ենք բարձրացրել, նաև իր քաղաքացիության հարցը խնդրել պարզաբանել, որ մամուլում նշվում է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորը, սակայն, մանրամասներ չհաղորդեց, թե այս հարցերին ինչ պատասխաններ են հնչել Արմեն Սարգսյանի կողմից։ «Իր պատասխանները մենք ընդունել ենք ի գիտություն, բայց կոռեկտ չեմ համարում, որ հայտարարեմ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է «Ելք»-ի դիրքորոշմանը, ապա Փաշինյանի խոսքով, այդ հարցում որևէ փոփոխություն չկա․ դեմ են քվեարկելու Սարգսյանի թեկնածությանը։
Մեկնաբանել