HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վերաքննիչ դատարանը որոշեց հարցաքննել «Իգլայի» գործով Վրաստանում ձերբակալված Ռոբերտ Աղվանյանին

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննության շրջանակներում Վերաքննիչ դատարանն այսօր տեղի ունեցած նիստին որոշեց  հարցաքննել «Իգլայի» գործով Վրատանում ձերբակալված Ռոբերտ Աղվանյանին:

Վերջինիս դատարան հրավիրելու և հարցաքննելու միջնորդություն ներկայացրեց Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը:

Աղվանյանը, հիշեցնենք, առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ չի հարցաքննվել: «Իգլայի» գործի քննության շրջանակներում ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի  235-րդ հոդվածի 2-րդ մասով և 235.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով այսինքն` համապատասխանաբար ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ռազմամթերքի մաքսանենգությունը: Աղվանյանի  նկատմամբ հետախուզում է հայտարարել, վերջինս Վրաստանում ձերբակալվել է, սակայն Հայաստան է տեղափոխվել այն ժամանակ, երբ առաջին ատյանի դատարանի կողմից արդեն իսկ կայացված է եղել Բաբայանի և մյուսների վերաբերյալ դատավճիռը:

Այս գործի նախնական փուլում մաքսանենգության մեղադրանք է առաջադրվել նաև  վերաքննիչ բողոք բերած Սամվել Բաբայանին, Սանսար Գաբրիելյանին և Արմեն Պողոսյանին, սակայն վերջիններիս մեղադրանքը փոփոխվել է, և մաքսանենգության հոդվածը հանվել: Այս պահին Աղվանյանի մեղադրանքում փոփոխություն կատարվել է, թե ոչ, պարզ չէ:

Աղվանյանին դատարան հրավիրել և հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնելիս Ավելիս Քալաշյանը նշեց, որ Աղվանյանի անձն ու նրա ենթադրյալ գործողություններն անմիջականորեն կապ ունեն «Իգլայի» գործով ամբաստանյալների մեղադրանքի հետ: Քալաշյանի խոսքով` ամբաստանյալների մեղադրանքում նշված ենթադրյալ գործողությունների վերաբերյալ Աղվանյանին հարցադրումներ անելու անհրաժեշտություն կա:

Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս մեղադրող դատախազ Արամ Արամյանը նշեց, որ Աղվանյանին դատարան հրավիրելու և հարցաքննելու միջնորդություն ներկայացվել է նաև առաջին ատյանի դատարանում, և դատավոր Արշակ Վարդանյանը մերժել է այս միջնորդությունը ոչ միայն այն պատճառաբանությամբ, որ Աղվանյանը Հայաստանում չէ, այլ նաև, քանի որ Ռոբերտ Աղվանյանի առնչությունը գերազանցապես եղել է Հրաչյա Մայիլյանի, ոչ թե ամբաստանյալների հետ: Մայիլյանը, հիշեցնենք, ըստ գործի նյութերի, կամովին իրավապահներին է հանձնել «Իգլան»: Մեղադրող դատախազն, այնուամենայիվ, չառարկեց միջնորդության դեմ: Վերաքննիչ դատարանի կազմը որոշեց բավարարել այն:

Նշենք, որ Աղվանյանը  դատարանում հարցաքննվելու է որպես Սամվել Բաբայանի և մյուսների գործով մեղադրանքի հետ առնչվող մեկ այլ գործով մեղադրյալ, ինչը նշանակում է, որ նա իրավունք կունենա ցուցմունք չտալու: Կօգտվի իր այդ իրավունքից Աղվանյանը, թե ոչ, պարզ կլինի հարջորդ դատական նիստին, երբ նա կբերվի հարցաքննության:

Այսօրվա  նիստին ամբաստանյալների վերաքննիչ բողոքների վերաբերյալ դիրքորոշում հայտնեց դատախազ Արամ Արամյանը: Վերջինս նշեց, որ բերված վերաքննիչ բողոքները ենթակա են մերժման, քանի որ առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճռով ամբողջությամբ հիմնավորվել է Սամվել Բաբայանին, Սանասար Գաբրիելյանին ու Արմեն Պողոսյանին վերագրվող արարքներում իրենց մեղավորությունը:

Անդրադառնով «Իգլայի» վերաբերյալ գործին՝ Արամյանը նշեց, որ Բաբայանի նկատմամբ իրականացված ներքին և արտաքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում արված գաղտնալսումներն ու ձայնագրությունները ապացուցում են, որ ամբաստանյալների միջև գումարի խոսակցություն է եղել, որն առնչվել է զենք ձեռք բերելուն:

Ամբաստանյալները, սակայն, պնդում են, որ գումարի խոսակցություն իրենց միջև եղել է, որը, սակայն, որևէ առնչություն չի ունեցել զենքի ձեռքբերման հետ:

Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը պնդում է, որ զենքն ինքն էր ձեռք բերում՝ բանակին նվիրելու համար, որ Սամվել Բաբայանը դրա հետ որևէ առնչություն չի ունեցել, մինչդեռ մեղադրողի խոսքով՝  գործում առկա ձայնագրություններով ապացուցվում է, որ զենքը բանակին նվիրելու նպատակ չի եղել, ավելին, Բաբայանը Սանասար Գաբրիելյանին ասել է, թե վերջինս որտեղ պահի զենքը, որպեսզի այն չփչանա:

Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին վերագրվող փողերի լվացման դրվագին, ապա, ըստ Արամ Արամյանի, այս մասով ևս դատավճիռը հիմնավորված է:

Այսօր գործով ամբաստանյալները նաև հայտարարությամբ հանդես եկան:

Սանսար Գաբրիելյանը ևս մեկ անգամ պնդեց, որ «Իգլա» ձեռք բերելու նախաձեռնությունն իրենն է եղել, որ Բաբայանը դրա հետ որևէ առնչություն չի ունեցել:

Սամվել Բաբայանն իր խոսքում նշեց, որ «Իգլայի» խողովակն ԱԱԾ-ին հանձնած Հրաչյա Մայիլյանի վերաբերյալ մեկ այլ տնտեսական հանցագործության վերաբերյալ գործ կա, և վերջինիս ստիպել են գրել այն ամենն, ինչ ձեռնտու է եղել:

«Ասել են՝ կամ իջնում ես պադվալ կամ զենքի գործով գրում ես այն, ինչ պետք է»,- հայտարարեց Սամվել Բաբայանը:

Վերջինս  հարց բարձրացրեց նաև, թե ի վերջո ինչպես է «Իգլան» հասել Հայաստան:

«Ո՞ր գեղում, ո՞ր խոտի մեջ, ո՞ր դեզի տակ է դրվել զենքը»,- հարցրեց Բաբայանն, ով բազմիցս համոզմունք է հայտնել, որ «Իգլայի» խողովակն ամենևին էլ Վրաստանից չի բերվել, այն Հայաստանում է գտնվելիս եղել:

Բաբայանն անդրադարձավ նաև իրեն վերագրվող փողերի լվացման դրվագին ու նշեց, որ այդ դրվագով իրեղեն ապացույց ճանաչված ներկոտված եվրոն դեռևս 2016 թվականին է հայտնաբերվել, մինչդեռ իրեն այդ գործով առաջին անգամ հարցաքննել են դրանից 8 ամիս անց, նշեց նաև, որ չկա  որևէ ապացույց այն մասին, որ իրեղեն ապացույց ճանաչված ներկոտված գումարն անօրինական ճանապարհով է ձեռք բերված, գողացված է:

«Բաբայանը գողություն չի կարող կատարել»,- հայտարարեց նա:

Նշենք, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել է 2017 թվականի մարտի 22-ին՝ խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ: Վերջինս սատարում էր խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՕՐՕ դաշինքին:

Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի նոյեմբերի 28-ի դատավճռով դատապարտվել են համապատասխանաբար 6, 3 և 2,5 տարվա ազատազրկման: Նույն դատավճռով դատապարտվել է նաև 4 այլ անձ, սակայն նրանց նկատմամբ սահմանվել է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ:

Վերջիններս առաջին ատյանի դատավճիռը չեն բողոքարկել, իսկ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը համաձայն չեն առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման հետ և պահանջում են բեկանել դատական ակտն ու իրենց անպարտ ճանաչել:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույքը՝ ներկոտված եվրոն ձեռք բերելուն: Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ապօրինի կերպով ձեռք բերելու, փոխադրելու և պահելու մեջ: Ամբաստանյալները դատարանում հայտարարել են, որ իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում:

Այսօրվա դատական նիստին, ինչպես առաջին ատյանի դատարանում, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը լրագրողներին մեղադրեց իշխանություններին «օգնելու մեջ», հայտարարեց, որ ինքը, ելույթ ունենալով՝ չի պաշտպանվում, քանի որ ոչ մի հանցավոր արարք չի կատարել:

Մեկնաբանություններ (2)

Նելսոն
Մի առիթով Վազգեն Սարգսյանը ասել է ,հերոսները պետք է զոհվեն ,որպեսզի հետո չզզվացն են։ Արցախի հերոսների հետ վարվում են ի հեճուկս Ադրբեջանի , կամ ել դա տվածուրիկ է մեր ազգի համար։մեր իշխանավորները պետք է վերացնեն մեր հերոսներին և հետո ել երկիրը ։
Արամ
Դատում են հաղթած բանակի հրամանատարին. բա ասում են հաղթողներին չեն դատում... Եվ դա անում են այն ազգի առաջ, որ 30 տարի է հպարտանում է այդ հաղթանակով, սակայն թույլ է տալիս որ հաղթանակի հերոսին հոշոտեն: Հենց այս երախտամոռությունն է մեր դժբախտության և թշվառության պատճառը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter