HY RU EN

Լեւոն Հայրապետյան

Հույժ գաղտնի. ինչպես է ավարտվել 2017 թվականը Կինոկենտրոնի փակ դռների ետևում

2017 թվականը կինոյի համար ավարտվեց բազմաթիվ հարցականներով: Ոլորտում փոփոխությունների սպասումը չարդարացավ: Տարվա գումարների բաշխման հարցը մնաց թափանցիկ ու արդար հասկացություններից դուրս:

Ս. թ. հունվարին «Հետքը» հարցում է արել Մշակույթի նախարարություն՝ խնդրելով տրամադրել 2017-2018 թվականին արտադրություն մտած ֆիլմերի ցանկը:

Մեզ տրամադրած տեղեկատվության համաձայն, 2017 թ. արտադրություն չիջած ֆիլմերից գոյացած ազատ գումարները գեղարվեստական խորհրդի 2017 թ. նոյեմբերի 28-ի նիստի որոշմամբ հատկացվել են «Անխելք մարդը» (խաղարկային, 90ր, ռեժ.` Մ. Մկրտչյան, արտադրող՝ «Սինեպրո» ՍՊԸ) կինոնախագծին և «Ճանապարհ» (խաղարկային, 120ր, ռեժ.` Է. Բաղդասարյան, արտադրող՝ «Էդգար Բաղդասարյան ֆիլմպրոդաքշըն» ՍՊԸ) նովելաշարին:

Նախորդ հոդվածում անդրադարձել էինք, որ «Անխելք մարդը» նախագիծը 2017թվականին արտադրություն է մտել մրցույթից դուրս՝ առանց Գեղխորհրդի քննարկման: Սակայն մեզ տրամադրված պաշտոնական գրությունը հաստատում է, որ նոր  Գեղխորհուրդը նոյեմբերի 28-ին նիստ է գումարել և ազատ ֆինանսների գերակշիռ մասը տրամադրել է «Անխելք մարդուն», ավելի ճիշտ՝ Մհեր Մկրտչյանին:

Մհեր Մկրտչյանը

Դեկտեմբերին մամուլում Շուշանիկ Միրզախանյանը հավաստիացնում էր, որ դեռևս քննարկվում է 2017 թ. ազատ գումարները վերաբաշխելու հարցը, այդ պատճառով չի կարող որոշում հրապարակել: Փաստորեն, կամ Կինոկենտրոնի ղեկավարությունը Գեղխորհրդի անվան տակ որոշում է կայացրել, կամ՝ նիստը իսկապես եղել է և որոշվել է հօգուտ Գեղխորհրդի անդամ Մհեր Մկրտչյանի և ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի:

Շուշանիկ Միրզախանյանը

«Անխելք մարդը» նախագծի բյուջեն 168 միլիոն դրամ է: Պետությունը պարտավորվել է այդ նախագծին տրամադրել աննախադեպ մեծ գումար՝ բյուջեի մոտ 70 տոկոսը, այն դեպքում, երբ այլ նախագծերի հազվադեպ է տրամադրվում 30 տոկոսից ավելի աջակցություն: 70 տոկոսի մեծ մասը՝ 83 միլիոն 657 հազար դրամը, հատկացվել է 2017թ.-ին:

Էդգար Բաղդասարյանի «Ճանապարհ»  նովելաշարի բյուջեն 115 միլիոն դրամ է: Պետությունը պարտավորվել է տրամադրել 55 միլիոնը: Մանրամասները՝ վերոնշյալ ցանկում:

Էդգար Բաղդասարյանը

Բոլոր ժամանակներում եղել են ռեժիսորներ, որոնք եղել են արտոնյալ և պետության կողմից մեծ գումարներ են ստացել: Նրանց ֆիլմերը հիմնականում նկարահանվել են միայն պետական գումարներով: Չկա որևէ երաշխիք, որ նույն մոտեցումը չի շարունակվում նաև այսօր:

Եթե այդպես է, ուրեմն հերթական անգամ մյուս կինոնախագծերի հաշվին լուծվել է ընտրյալների ֆիլմերի հարցը:

Եթե այդպես է, ուրեմն խախտվել են ոչ միայն առողջ մրցակցային կանոնակարգը, այլև նախարարության առաջադրած բարեփոխումների ու ռազմավարության հիմնական կետերը, որոնց մասին լրատվամիջոցներին կլոր տարին թմբկահարեց նախարար Արմեն Ամիրյանը:

Կինոյի ռազմավարական բարեփոխումների մասին խոսելիս նախարարը հավաստիացնում էր, որ առաջին հերթին պետք է ֆինանսավորել գեղարվեստական արժեք և պոտենցիալ ունեցող անավարտ ֆիլմերը: Հիշեցնենք, որ անավարտ ֆիլմեր Կինոկենտրոնի հաշվեկշռվի վրա բավականաչափ կան: Դրանցից երկուսի՝ «Սողանք» և «Չնչիկ» ֆիլմերը ավարտելու համար Գեղխորհուրդը որոշել էր ֆինանսական միջոցներ հատկացնել: Սակայն, փաստացի, Ռուբեն Գևորգյանցի «Մայիսյան երկու շաբաթ» նախագծի ազատ գումարները տրամադրվեցին «ստանդարտ» ձևաչափով. հաշվի չառնվեցին կինոնախագծի մրցունակությունը և միջազգային պոտենցիալը՝ օտարերկրյա համարտադրող, դիստրիբյուտոր և այլն:

Անավարտ ֆիլմերի ֆինանսավորման չափը դեռ քննարկվում է: Ի՞նչ կպարզվի քննարկումների արդյունքում՝ հայտնի չէ: Պարզ է, սակայն, որ քամիներ տատանելու քաղաքականությունը կինոոլոտում Մշակույթի նախարարության միակ ռազմավարությունն է: Դրան ոչ միայն բարեփոխում, այլև փոխոխություն չես ասի՝ փոփոխվել են միայն պատասխանատուների անունները: Կառավարման մեխանիզմը նույնն է՝ խոսափողների առջև  ինտեգրվենք միջազգային չափանիշներին՝ բաց, թափանցիկ, ժողովրդավարական, իսկ գրասենյակներում շարունակենք կայացնել կամայական որոշումներ և պետական բյուջեին վերաբերվենք որպես մի կերակրատաշտի, որից պիտի օգտվեն մեր հարազատներն ու սիրելիները:

Հնարավոր է՝ «Անխելք մարդը» լավ ֆիլմ ստացվի, հնարավոր է նաև ռեժիսոր Մհեր Մկրտչյանը դրա համար ևս մի պետական մրցանակ ստանա: Սակայն դա որևէ կապ չունի միջազգային կինոարտադրության չափանիշներին ինտեգրվելու մեխանիզմների, և որ ամենակարևորն է՝ մշակույթի կապիտալիզացիայի հետ, որի մասին այդքան երազում էր նոր նախարարը:  

Աջակցող կառույցի ֆինանսական բաշխումները պետք է լինեն հրապարակային ու թափանցիկ: Գեղարվեստական խորհրդի կարծիքը պետք է լինի որոշիչ՝ ֆինանսական աջակցություն տալու հարցում, այն չպետք է լինի առաջին գիծ ուղարկվող զինվոր, որի հետևում հրամկազմը կոնյակի սեղանի շուրջ քննարկում է՝ ինչպես նահանջել և հանձնել հողերը:  

Երկար տարիներ հայաստանյան կինոգործիչները բողոքում էին նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի և Կինոկենտրոնի նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանի՝ կինոոլորտում կատարած ավերածություններից ու պետական աջակցության գումարները տնավարի մեջ-մեջ անելուց: Նոր նախարարը, Կինոկենտրոնի նոր ղեկավարության հետ հնարավորություն և, առաջին հայացքից, ցանկություն ուներ տարբերվել: Այդ հնարավորությունը նրան տալիս էին կինոգործիչները, որոնք քայլ կատարեցին դեպի խոստացված բարեփոխումներ: Այդ հնարավորությունը կարող էր տալ նոր Գեղարվեստական խորհուրդը: Այն կարող էր բոլորովին էլ չհավաքվել սեփական նախագծերն ունեցող հայաստանյան որոշ կինոգործիչներից (այս դեպքում՝ Մհեր Մկրտչյան, Արմինե Հարությունյան), այլ կարելի էր ներգրավել միջազգային անկախ փորձագետների: Այդ հնարավորությունը կարող էին տալ Կիոնկենտրոնի Գեղարվեստական ղեկավար Արսեն Բաղդասարյանը և Կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, որոնք կհաղորդակցվեին արտասահմանյան կառույցների հետ և լեզու կգտնեին տեղի կինոգործիչների հետ:

Սակայն, հնարավորությունը, կարծես թե, վատնվում է: Ինչպես նաև՝ ժամանակը, որն, ի գիտություն, կապիտալիզացիայի ջատագով նախարարի, ամենաթանկն է:

Լուսանկարները՝ Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից, Newfilmmakers, Araratnews.am, Tert.am-ի