HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

ԶԼՄ-ի մասնակցությամբ դատական գործերի ընթացքը 2011-2012 թթ.-ին

2011 թ.-ի երրորդ և չորրորդ եռամսյակում ԶԼՄ-ի մասնակցությամբ դատական գործերի քանակը հասավ 38-ի, որոնցից ավարտվեց 11 գործ: Այժմ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում է գտնվում թվով 23 գործ, մնացած 4 գործով դիմումներն ուղղված են Վճռաբեկ դատարան:

Ավարտված դատավարություններ

Փետրվարի 7-ին դատարանը մասնակի բավարարեց Ռուբեն Հայրապետյանի, Լևոն Սարգսյանի, Սամվել Ալեքսանյանի հայցն ընդդեմ «Դարեսկիզբ» -ՍՊԸ-ի՝ պարտավորեցնելով «Հայկական ժամանակ» օրաթերթին հերքելու  2010 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 188 համարում հրապարակված «Ութից յոթը ցուցակում են» խորագրով հոդվածում առկա հայցվորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող (զրպարտող) տեղեկությունները,  ինչպես նաև  «Դարեսկիզբ»-ՍՊԸ-ից հօգուտ հայցվորների բռնագանձել  6.000.000 ՀՀ դրամ:

Հունիսի 9-ին վերաքննիչ դատարանը մերժեց  «Հայկական ժամանակ»-ի բողոքը, իսկ Վճռաբեկ դատարանը օգոստոսի 3-ին այն ետ վերադարձրեց:

Հունիսի 8-ին դատարանը անհիմն լինելու հիմքով ամբողջությամբ մերժեց Տիգրան Արզաքանցյանի՝ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ից 3.000.000 ՀՀ դրամ որպես վիրավորանքի և զրպարտության հետևանքով իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման գումարի, ինչպես նաև 568.000 դրամ որպես կատարված դատական ծախսերի գումարի բռնագանձման պահանջների մասին հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի:   

Հունիսի 24-ին դատարանը մասնակի բավարարեց Տիգրան Արզաքանցյանի հայցն ընդդեմ  «Երկիր» օրաթերթի՝ պարտավորեցնելով ««Երկիր» խմբագրություն» ՍՊԸ-ից հօգուտ Տիգրան Արզաքանցյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ` որպես լակոտ խոսքով վիրավորելու հետևանքով հայցվորին պատճառված վնասի և փոխհատուցման ենթակա գումար, բռնագանձել 88.000 դրամ՝ որպես  դատական ծախսերի գումար, ինչպես նաև պարտավորեցնել «Երկիր» օրաթերթին հրապարակելու սույն վճռի եզրափակիչ` «վճռեց» մասը:

Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները ետ են վերադարձրել բերված բողոքները:

Հունիսի 16-ին դատարանը մերժեց Գևորգ Հայրապետյանի և Աշոտ Հարությունյանի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված անմեղության կանխավարկածի խախտման փաստն արձանագրելու, քաղաքացու պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու նպատակով հայցվորին անվճար հեռուստաժամ տրամադրելու և պատճառված բարոյական վնասի հատուցման պահանջների մասին հայցերն ընդդեմ «Մուլտի Մեդիա Կենտրոն Թիվի» ՓԲԸ-ի:

Սեպտեմբերի 15-ին վերաքննիչ դատարանը նույնպես մերժեց վերաքննիչ բողոքներըը, իսկ Վճռաբեկ դատարանը դրանք ետ վերադարձրեց:

Սեպտեմբերի 27-ին դատարանը մասնակի բավարարեց Սուսաննա Բաղդասարյանի հայցն ընդդեմ Արման Գալոյանի («Հայք» թերթի լրագրող) և Սվետլանա Առաքելյանի՝ պարտավորեցնելով Սվետլանա Առաքելյանին հերքում տպագրել արդեն գոյություն չունեցող թերթում:

Հոկտեմբերի 3-ին Միսակ Մարտիրոսյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթ ՍՊԸ-ի գործով կողմերը հարուցված դատական վարույթին ընթացք չտվեցին և հաշտության կնքեցին:

Նոյեմբերի 3-ին դատարանը կարճեց «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն»-ի հայցն ընդդեմ «Առավոտ»  օրաթերթի  և դեկտեմբերի 28-ին ««Արմավիա» Ավիաընկերություն» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի, քանի որ կողմերը եկան հաշտության:

Նոյեմբերի 15-ին  դատարանը կասեցրեց Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Սուսան Նազարյանի հայցն ընդդեմ «168 Ժամ»  ՍՊԸ-ի և Մարինե Մարտիրոսյանի՝ պայմանավորված քրեական վարույթով ընթացող այլ գործի քննության փաստով:

Դեկտեմբերի 6-ին  Պարույր Հայրիկյանն ընդդեմ Գեղամ Գալստյանի, Նորիկ Պետրոսյանի և «Հրապարակ» օրաթերթ ՍՊԸ-ի  գործով հայցվորը հրաժարվեց «Հրապարակ» օրաթերթին որպես պատասխանող ընդգրկելու իր իրավունքից:

Վճռաբեկ դատարան ուղարկված գործեր

Հունիսի 6-ին դատարանը մասնակի բավարարեց Բելա Քոչարյանի և Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր և հրատարակիչ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի՝ պարտավորեցնելով հերքել «Ժամանակ» օրաթերթում տպագրված «Արյունը` Քոչարյաններից, կայֆը` Ծառուկյանից, իսկ հակացնցումը` Լֆիկից» խորագրով, «Ադամանդե Ռոբը» խորագրով, «Volvo+Spayka=Սեդրակ Քոչարյան» խորագրով հոդվածներում ընդգրկված Բելա և Սեդրակ Քոչարյանների պատիվը և արժանապատվությունն արատավորող տեղեկությունները, ինչպես նաև «Ժամանակ» օրաթերթից հօգուտ հայցվորների բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ` որպես վիրավորանքի և 2.000.000 ՀՀ դրամ` որպես զրպարտության միջոցով վերջիններիս պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցման գումար: 

Հոկտեմբերի 11-ին վերաքննիչ դատարանը մերժեց վերաքննիչ բողոքը, իսկ Վճռաբեկ դատարանը նիստի օր դեռ չի նշանակել:

Հունիսի 7-ին դատարանը մերժեց հայցվոր «Հետք» թերթի լրագրող Գրիշա Բալասանյանի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի հայցն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ պարզաբանելով, որ օրենսդրությամբ ոչ հրապարակային արտահայտության համար պատասխանատվություն նախատեսված չէ, ապա պատասխանողի կողմից հեռախոսով անվայել արտահայտություններ թույլ տալը չի կարող որպես վիրավորանք որակվել:

Հոկտեմբերի 12-ին վերաքննիչ դատարանը նույնպես մերժեց վերաքննիչ բողոքը, իսկ Վճռաբեկ դատարանը նիստի օր դեռ չի նշանակել:

Հուլիսի 8-ին դատարանը բավարարեց Վանո Եղիազարյանի հայցադիմումն ընդդեմ Գևորգ Մելքոնյանի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ` «Ժամանակ» օրաթերթի՝ պարտավորեցնելով Գ. Մելքոնյանին հայցվորին վիրավորանք հասցնելու համար հրապարակային ներողություն խնդրել Վ. Եղիազարյանից «Ժամանակ» օրաթերթում ներողության տեքստը հրապարակելու միջոցով և նույն թերթի միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները:

Հոկտեմբերի 26-ին վերաքննիչ դատարանը մերժեց վերաքննիչ բողոքը, իսկ Վճռաբեկ դատարանը նիստի օր դեռ չի նշանակել:

Սեպտեմբերի 20-ին դատարանը մասնակի բավարարեց Թաթուլ Մանասերյանի հայցն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի՝ պարտավորեցնելով «Ժամանակ» օրաթերթին հերքելու «Քրգործ` ԱԺ նախագահի խորհրդականի դե՞մ» խորագրով հոդվածում հայցվոր Թաթուլ Մանասերյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող (զրպարտող) տեղեկությունները,  ինչպես նաև օրաթերթից հօգուտ Թաթուլ Մանասերյանի բռնագանձել 510.000 ՀՀ դրամ:

Դեկտեմբերի 15-ին վերաքննիչ դատարանը մերժեց պատասխանողի կողմից բերված վերաքննիչ բողոքը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter