
Ալավերդու բյուջեն աճելու է 64 մլն դրամով
Դեկտեմբերի 27-ին իր պաշտոնավարման 100 օրը լրանալու հետ կապված «Հետքի» հետ հանդիպման ժամանակ Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանն իր մտահոգությունը հայտնեց հետեւյալ խնդրի վերաբերյալ: Մարզերի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարության ծրագրով Ալավերդի քաղաքին հատկացվել է 100 մլն դրամ, սակայն 5 բարձրահարկ բնակելի շենքերի վերելակների վերանորոգման 12 մլն դրամը անարդյունավետ է ծախսվել:
Քաղաքի Ս./Սարահարթի 1/6ա, 1/21, 1/22, Շահումյան 6, Էվոյան 1ա շենքերի վերելակների վերանորոգումից հետո է միայն պարզվել, որ շենքերի բնակիչները պատրաստ չեն սահմանված 15 հազար դրամ վարձը վճարելու: «Շենքերի մինչև 5-րդ հարկերի բնակիչները հրաժարվում են վերելակների ծառայությունից, իսկ բարձր հարկերի բնակարանների մեծ մասի դռները փակ են, վերելակների շահագործման վարձավճարները մնացել են ավելի քիչ թվով բնակիչների վրա»,- ասաց քաղաքապետը: Հենց այս պատճառով էլ Արտավազդ Վարոսյանը կառավարության 2-րդ ծրագրով հատկացված գումարներից բարձրահարկ շենքերի վերելակների վերանորոգում այլևս չի նախատեսել: «Անթույլատրելի է այսքան գումարները շռայլորեն ծախսել և մեկ տարի հետո տեսնել, որ այդ գումարները փոշիացվել են»,- ասաց նա: Քաղաքապետը փորձում է գտնել վերելակների շահագործման ելքը: Գտնվել է ալավերդցի շահագործող, ում հավաստագրման հարցը լուծելուց հետո վերելակները բնակիչներին կսպասարկվեն 5 հազար դրամով, որը նույնպես խնդիր է սոցիալապես անապահով շատ ալավերդցիների համար:
Դեկտեմբերի 27-ին «Հետքի» հարցմանը Ս./Սարահարթ թաղամասի 1/6ա շենքի 4-րդ հարկի բնակիչ Էմիլ Հարությունյանը և էլի բնակիչներ ասացին, որ տեղյակ չեն իրենց շենքի վերելակների վերանորոգմանը: Էմիլ Հարությունյանն ասաց, որ մեծ հաճույքով 5.000 դրամ վարձավճարով իր ընտանիքը կօգտվի վերելակի ծառայությունից. «Մայրս ինֆարկտով հիվանդ է, գոնե վերելակով մեկ-մեկ բակ կիջնի»:
Այնուամենայնիվ, Արտավազդ Վարոսյանը գտնում է, որ 2011 թ.-ը Ալավերդի համայնքի համար բարենպաստ տարի էր այն առումով, որ քաղաքի առաջնահերթ խնդիրների լուծման համար կառավարության 1-ին և 2-րդ ծրագրերով 245 մլն դրամ է հատկացվել: Կառավարության 1-ին ծրագրով Ալավերդուն հատկացվել է 100 մլն դրամ, իսկ 2-րդ ծրագրով` 145 մլն դրամ: «Այս ծավալի աշխատանքներ համայնքային բյուջեն երբեք չէր կարող իրականացնել: Կապիտալ աշխատանքներն իրականցվում են մեր բյուջեի ֆոնդային մասով, որ մեր դեպքում շատ թույլ է»,- ասաց քաղաքապետը: Ըստ նրաս՝ կառավարության 1-ին ծրագրով հատկացված 100 մլն դրամից 54 մլն դրամը նպատակաուղղվել է Ալավերդու 9 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման, 4,5 մլն դրամը՝ Ս./ Սարահարթ թաղամասի 2ա և 2բ շենքերի բակերի խաղահրապարակների նորոգման, 12 մլն դրամը՝ բարձրահարկերի վերելակների վերանորոգման և 29,2 մլն դրամը՝ քաղաքի 2500 քառ.մ ճանապարհների ասֆալտապատման համար: Կառավարության 2-րդ ծրագրով Ալավերդու առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով հատկացված 145 մլն դրամից 65 մլն դրամը հատկացվել է քաղաքի նոր աղբավայրի կառուցման համար, որի աշխատանքները ընթացքի մեջ են: Փողոցների ասֆալտապատման համար հատկացվել է 30 մլն դրամ, 12 մլն դրամ է տրվել 5 բնակելի շենքերի տանիքների վերանորգման համար:
Ըստ Արտավազդ Վարոսյանի՝ այս պահին 2-րդ ծրագրով տանիքների վերանորոգման աշխատանքներ են իրականացվում Սանահին կայարանային թաղամասի թիվ 2, թիվ 3, Սայաթ-նովա 12 շենքերի տանիքների վրա: Ս./Սարահարթի 2/6 5 հարկանի շենքի նախկինում հարթ տանիքը, որտեղ նույնպես կատարվում են աշխատանքներ, վերանորոգումից հետո կդառնա թեք տանիք: Քաղաքապետն ասաց, որ ծրագրում «Հետքի» ահազանգի արդյունքներով ընդգրկված է նաև քաղաքի Շահումյան թաղամասի 8 շենքի տանիքի վերանորոգումը: Նախատեսված աշխատանքները իրականացնում են Ալավերդու «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ն և Վանաձորում գրանցված շինարարական այլ կազմակերպություններ: Ա. Վարոսյանը նաև նշեց, որ երկու ծրագրերով ասֆալտապատման նպատակով հատկացված 30-ական մլն դրամներից ներդրումներ են կատարվել քաղաքի Փիրուզյան, Էնգելս թաղամասից դեպի դպրոց տանող, Շահումյան թաղամասի բարձրահարկ շենքերի մոտից մինչև քաղաքի ծննդատան շենքին հարող և Էնգելս թաղամասաից դեպի սեփական տներ գնացող ճանապարհների ասֆալտապատման համար. «Եղանակային պայմաններից ելնելով՝ ասֆալտապատումը կատարել ենք փոքր կտորներով»:
Քաղաքապետը կարևորեց հատկապես իրակացվող տանիքների վերանորոգման աշխատանքները. «Տանիքը և շենքերի այլ տարածքներ համասեփականատիրական իրավունքով պատկանում է բնակիչներին, բայց քանի որ ստեղծված սոցիալական պայմաններում բնակիչները ի վիճակի չեն 10 մլն դրամ հավաքել և վերանորոգել իրենց սեփական տանիքը, պետությունը այդ կարևոր խնդրի լուծումը վերցրել է իր վրա: Այս դեպքում մենք պահանջում ենք, որ տանիքների վերանորոգման գործում իր մասնակցությունը ունենա նաև բնակչությունը»:
Պաշտոնավարման 100-օրյա աշխատանքների շրջանակներում «Հետքը» Արտավազդ Վարոսյանին հարց ուղղեց նաև համայնքի 2012 թ.-ի բյուջեի իր կանխատեսդումների մասին: «2012 թ.-ի բյուջեն 376 մլն դրամ է: Նախորդ տարվա համեմատ բյուջեն 64 մլն դրամով աճել է` ի հաշիվ բնապահպանական սուբվենցիաների ավելացման: Ավելացել է նաև դոտացիան»: Քաղաքապետարանի աշխատակազմի ծախսերը չեն ավելացել: Քաղաքապետը հաստիքների ավելացում է նախատեսել քաղաքապետարանի ենթակառուցվածքներում, այդ թվում՝ մանկապարտեզներում նախատեսվել են բուժքրոջ հաստիքներ, ըմբշամարտի դպրոցում տրվել են ըմբշամարտի պարապմունքի լրացուցիչ ժամեր: Բյուջեի ֆինանսավորմամբ 2012 թ.-ին քանդակագործության դասարան կբացվի գեղարվեստի դպրոցում: Համայնքի 2012 թ.-ի բյուջեն բնակչության ակտիվ մասնակցությամբ հանրային քննարկման է ներկայացվել Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերության եթերում: Այդ քննարկումերի արդյունքներով քաղաքապետի և համայնքի ավագանու որոշմամբ 2012 թ.-ին նախատեսել են քաղաքապետարանի բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի բարձրացում:
Մեկնաբանել