HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շնողցի. «Հանքը բաց անելը մի կրակ էր, փակելն էլ մի ուրիշ կրակ ա»

Փետրվարի 7-ին «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սահակ Կարապետյանին խնդրել էինք հարցազրույցի ձևաչափով որոշ պարզաբանումներ տալ «Վալլեքս» խմբի ընկերությունների հունվարի 24-ի և փետրվարի 2-ի հաղորդագրությունների շուրջ: Հիշեցնենք, որ այդ հաղորդագրություններով «Վալլեքսը» հանրությանը տեղեկացրել է Թեղուտի հանքավայրի շահագործման դադարեցման և շուրջ 1200 աշխատողների հետ անորոշ ժամանակով աշխատանքային պայմանագրեր լուծելու մասին:

Գլխավոր տնօրենը «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի միջոցով փետրվարի 8-ին մեզ փոխանցել է, թե առայժմ չեն կարող տրամադրել տեղեկություն՝ հարցազրույցի ձևաչափով։ «Խնդրում ենք հիմք ընդունել «Վալլեքս» խմբի ընկերությունների պաշտոնական կայքում հրապարակված երկու հաղորդագրությունները: Նշված հաղորդագրությունների համատեքստից դուրս այս պահին որևէ նոր տեղեկատվություն առկա չէ: Լինելու դեպքում Ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք»,- հայտնել են «Վալեքս»-ից: Պարզվում է՝ Ս. Կարապետյանը ուշադիր չի կարդացել «Հետք»-ի գրավոր պահանջը, որտեղ խոսքը ոչ թե նոր տեղեկատվություն, այլ պարզաբանումներ ստանալու մասին էր:

«Հաղորդագրություններից հետո, այս օրերին Շնողում պայթունավտանգ լարվածության և հուսահատության մթնոլորտ է ստեղծվել. «Մեր ձորերն ու սարերը քարուքանդ արին, նոր փակեցին ընկերությունը: Արի գնանք տես, անտառը գետնի հետ դզել են: Էլ սրանից եդը ի՞նչ պետք է անեին: Մի հատ տեղ չեն թողել, որ շոգիցը նեղվես, նստես: Հերիք չի՞ էդքամը: Էլ ինչ ասենք, աշխատողնուն դուրս են անում, հողներուս խաբեցին էժան վեր կալան: Խաբեցին է՜, հավի տեղ դրին մեզ»,- ասում է շնողցի Վանիկ Մատինյանը:

Վանիկ  Մատինյանը

«Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատողները վերջին 2 տարիներին վախենում են խոսել աշխատանքային իրենց խնդիրների մասին: Վալերի Մեջլումյանին հաջողվել է «Վալլեքս» խմբի ընկերությունների, այդ թվում նաև Թեղուտ ՓԲԸ-ի աշխատողներին զրկել խոսքի ազատության իրավունքից: Մարդիկ ասելիք ունեն, բայց վախենում են ասել՝ աշխատանքից զրկվելու ահից:

«Թեղուտ» ՓԲԸ-ի վարորդ Մ.Վ.-ն, ով փետրվարի 1-ին ստացել է ապրիլի 1-ից աշխատանքից ազատվելու զգուշացում, համաձայնեց իր զգուշացման գրությունը մեզ ցույց տալ՝ մեկ  պայմանով, եթե հոդվածում չգրենք իր անունը: «Հայտնում ենք Ձեզ, որ Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով «Թեղուտ» ՓԲ ընկերությունը որպես գործատու 2018թ.-ի ապրիլի 1-ից լուծելու է Ձեզ հետ կնքված անորոշ ժամկետով պայմանագիրը, որով դադարելու է նաև «Թեղուտ» ՓԲԸ-ի և Ձեր միջև ձևավորված աշխատանքային հարաբերությունները»,- մեր զրուցակցին հայտնվել է փետրվարի 1-ի գրությամբ:

Գործատուն զրուցակցիս նախազգուշական գրությամբ այլ աշխատանք չէր առաջարկել: «Ինձ բանավոր առաջարկել են աշխատել Ղարաբաղում, բայց չգիտեմ` կոնկրետ որտեղ: Որ աշխատանք առաջարկեն, Ռուսաստանի Դաշնություն չեմ գնա, մեծ ընտանիք եմ կերակրում»,- ասաց վարորդը: Գյուղամիջում մեզ հանդիպած Թեղուտի փիրուզի հանքում աշխատող շնողցիներից մեկը հայտնեց իր անունը, սակայն կրկին խնդրեց չհրապարակել այն. «Բա որ Փիրուզի հանքում փիրուզ չլինի, ոնց ենք աշխատում: Փիրուզ ենք հավաքում, սարտիրովկա ենք անում, պահեստավորում ենք, իրենք տանում են: Էս պահին Թեղուտում պահեստավորած մի 3-4 տարվա կուտակած փիրուզ ունենք: Ճիշտն ասած՝ չգիտեմ ուր են տանում վերամշակման, բայց տանում են: Փիրուզի հանքում մի 30-40 աշխատող կա: Դե հիմա փիրուզի հանքի աշխատողներից որն աշխատում է, որն արձակուրդ է: Մենք պետք է մեկ էլ փետրվարի վերջին աշխատենք, սպասում ենք»,- պատմեց նա:

Վերջինս նույնպես անհանգիստ էր աշխատանքից ազատման նախազգուշական գրություն ստանալու համար: «Շնողի հայ-հայը գնացել է, վայ-վայը՝ մնացել: Հանքը բաց չտեին անել, եթե բաց են արել, ըտիան եդը ինչ ուզում ա անեն: Դրա համար, որ մեր էս դաշտերն ու սարերը հազարավոր տարի մեր գեղի ժողովրդին պհել են: Հմի մինս իրավունք չունենք գնանք մեր դաշտերն ու ձորերը մի սինդրիկ, կամ մի քոլ պոկելու: Փակել են, սաղ փակել են: Մենք մեր բնությունից բոլորովին չենք օգտվում»,- դժգոհեց Ռազմիկ Շահնազարյանը:

Ռազմիկ  Շահնազարյանը  և  Հովիկ  Մելիքսեթյանը

«Դուք ուրախ կլինե՞ք, որ Թեղուտ ՓԲԸ-ն դադարեցնի իր աշխատանքները»,- հարցրի: «Ինձ հմա ուրախալի չի, քանի որ էս ժողովուրդն աշխատեին: Հանքը բաց անելը մի կրակ էր, փակելն էլ մի ուրիշ կրակ ա: Էս մարդիկ էլ աշխատանք չունեն»,- ասաց Ռազմիկը: «Մի բան էլ ես ասեմ: Հողը վերցրին, իբր պտի գյուղացիներն աշխատեն, հիմա շնողցիների տված հողը Վալերի Մեջլումյանը փշալարերով փակել է,  մեր գյուղացիները ոչ իրենց հողիցն են օգտվում, ոչ էլ աշխատանքից են օգտվում: Երկու կողմից էլ մարդիկ զրկվել են աշխատելուց՝ ժողովուրդը տուժվեց: Թող բոլորին աշխատանք չտան, 20 տոկոսին գոնե ապահովեն աշխատանքով: Էդ էլ չեն անում: Ի՞նչ անի խեղճ գյուղացին»,- մտահոգությունը հայտնեց Հովիկ Մելիքսեթյանը:

«Անպայման Շնողը կհայտնվի ծանր վիճակում: Ինձ թվում է, որ էս վիճակը, եթե գնա մինչև ապրիլի դուսը, գյուղից կարագանա հոսքը դեպի ուրիշ պետություններ: Եթե մինչև հմի օրական 2 տուն դուրս գեր, հիմա ավելի շատ դուրս կգան: Այսինքն, դատարկում են մեր Շնողը»,- ասաց Ռազմիկը:

«Ելքը ոնց եք տեսնում»,- հարցրի զրուցակիցներիս: «Ոնց կարող ենք տեսնել ելքը, էդ կրճատվող աշխատողները բոլորն էլ տոկոսի տակ են: Մարդիկ կան տոկոսի պատճառով տանը մեբել ունեն, առել են 300 հազար դրամով, հմի 60 հազարով ծախում են, որ տոկոսը փակեն: Էդ չիմ «Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատողներն են»,- բացատրեց Վանիկ Մատինյանը:

«Ասում է՝ արտադրության ծավալներն եմ ավելացնելու»,- հայտնեցի: «Ավելի վատ, մի երկու ծառ է մնացել, էդ էլ կկտրեն»,- դժգոհեց Հովիկը: «Ես Շնող գետի ափին եմ ապրում, առավոտները, որ արթնանում եմ, գետից ահավոր հոտ է գալիս: Գլխապույտ եմ ունենում: Անասունը, որ ծարավ է լինում, մեր Շնող գետից էլ ջուր չի խմում: Գորտ կար, ձուկ կար: Էնենց քաշով ձուկ բռնեի, կացնով կտորեի: Հմի չիմ կորան: Եթե ձմեռը սոված էիր ելել, մեր Դուքանաձորում կարեիր ապրես: Մեր սաղ անտառում կխտար ու վայրի խոզ էր: Հանքի բացելուց հետո փախան սաղ»,-պատմեց Վանիկը:

Մինչ գյուղամիջում հավաքված շնողցիները կարոտով երազում էին իրենց փշալարերով փակված սարերի ու ձորերի մասին, խոշորացված Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը պնդում էր, թե 1200 աշխատողների աշխատանքային պայմանագրերի լուծարումը ժամանակավոր բնույթ է կրում: Աշխատողները կկրճատվեն ապրիլի 1-ից հետո, մի քանի ամիս:

«Մտահոգիչ է Շնող համայնքի վիճակը, բայց հաստատ կրիտիկական չէ»,- ասաց համայնքի ղեկավարը: Վերջինիս խոսքով՝ այս պահին «Թեղուտ» ՓԲԸ-ում Շնող խոշորացված համայնքից մոտ 600 մարդ է աշխատում, այդ թվում՝ 250 մարդ՝ Թեղուտից, 250-ը՝ Շնողից, մոտ 100 մարդ էլ՝ Քարկոփից:

Դավիթ  Ղումաշյանը

Վերադառնալով արտադրության ծավալները 7 մլն տոննայից 15մլն տ/տարի դարձնելու «Թեղուտ» ՓԲԸ-ի պահանջին՝ Դավիթ Ղումաշյանը նշեց, որ Շնող խոշորացված համայնքի բնակիչները դեմ չեն «Թեղուտ» ՓԲԸ-ի արտադրության ծավալներն ավելացնելու պահանջին՝ իրենց առաջարկած բնապահպանական լուծումները  բավարարելու դեպքում:

«Բնակչությունը ու նաև ես դեմ ենք Շնողի խոշորացված համայնքի վարչական տարածքում նոր լեռնահետախուզական աշխատանքներ կատարելու պահանջին»,- հայտնեց համայնքի ղեկավարը: Հիշեցնենք, որ Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատը 2017թ.-ի օգոստոսի 10-ին բնապահպանության նախարարությանն է ներկայացրել բնապահպանական փորձաքննության նոր նախագիծ, որով նախատեսվում էր ընկերության կողմից արդյունահանվող հանքաքարի ծավալը 7 մլն տոննայից հասցնել 15մլն տոննա/տարի: Բնապահպանության նախարարությունը, սակայն 2017թ.-ի դեկտեմբերի 25-ին լրամշակման նպատակով «Թեղուտ» ՓԲԸ-ին հետ է վերադարձրել փորձաքննության նախագիծը:

«Մենք լրամշակման ենք ուղարկել ընկերության կողմից ներկայացրած ոչ լիարժեք նախագիծը, որտեղ հանրային քննարկմանն ազդակիր համայնքների բնակչության կողմից բարձրացվել են բնապահպանական լուրջ խնդիրներ: Այդ հարցերի պատասխանները ստանալուց հետո կդրվեն նոր հանրային քննարկումներ, որից հետո փորձաքննության կենտրոնը կքննարկի «Թեղուտ» ՓԲ ընկերության արտադրության ծավալների ավելացման փորձաքննության նախագիծը»,- այսօր «Հետք»-ին պարզաբանեց  փորձաքննության կենտրոնի տնօրեն Վարդան Սահակյանը:

Շնողը

Բնապահպանության նախարարության կողմից դեկտեմբերի 25-ին փորձաքննության նախագիծը լրամշակման նպատակով հետ ուղարկելուց հետո «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը հունվարի 12-ից անորոշ ժամանակով դադարեցրել է «Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեությունը: «Թեղուտ» ՓԲ ընկերությունը զբաղված է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման ծավալների ավելացման ծրագրի կենսագործմամբ: Տևական կանգառի պայմաններում ընկերությունը, ցավոք, չի կարող ներկա շուրջ 1200 աշխատողներին ապահովել բավարար ծանրաբեռնվածությամբ աշխատանքով ու համապատասխան վաստակով՝ նախկին ծավալներով»,- հայտնել է «Վալլեքսը» և անցել 1200 աշխատողների աշխատանքային պայմանագրերի լուծմանը:

Հ.Գ. Քիչ առաջ «Թեղուտ» ՓԲԸ-ն հաղորդագրություն է տարածել ընկերության աշխատողների թվի կրճատման մասին, որը կարող եք կարդալ այստեղ:

Մեկնաբանություններ (1)

Սեփական ուղեղով մտածող
Շատ անհասկանալի վիճակ է ստացվում: Եթե մինչեւ հիմա օգուտով աշխատում էին 7 մլն ծավալով, ապա հիմա ինչու են դադարեցնում, հատկապես, երբ որ պղնձի գինը բարձրացել է? Ըստ նախնական հայտարարության, մոտ 20 տարի պիտի աշխատեին այդ տեմպով, հաստատված պաշարով ու հատկացված տեղամասով: Ինչն է խնդիրը? Բացատրությունը կարող է լինել այն, որ կամ հանքն սպառվել է արդեն, քանի որ սխալ էր գնահատվել ու հիմա ինչ-որ թույլ հույսերով փորձում են նոր տեղամասեր գտնել: Կամ այլ լուրջ խնդիր կա, ու ինչ-որ կերպով փորձում են արդարացումներ բերել: Ենթադրենք հետազոտման թույլատվությունն ստացան, նոր ծախսեր արեցին ու հարկավոր պաշարները չգտան, այս դեպքում ինչ է լինելու, կամ ինչ է ասվելու? Կամ էլ ենթադրենք որ պաշարները գտան, մի երկու անգամ ավելի շատ տեղ ավերեցին ու ... 3-4 տարուց հետո նորից կանգնեցին, արդեն եռապատկված, քառապատկված նույն տեսակի խնդիրների առաջ? Ուրիշ ինչ ապագա կարող է այստեղ լինել? Ով է ցանկանում առարկել, կամ մի հստակ բան ասել - խնդրեմ!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter