HY RU EN

ԹԻՀԿ տեսակետը «Հանրային ծառայության մասին» օրենքի նախագծի և կից փաթեթի վերաբերյալ

Կառավարության կողմից մշակվել և կառավարության 2018թ. հունվարի 18-ի նիստով հավանության է արժանացրել «Հանրային ծառայության մասին» օրենքի նախագիծը և կից փաթեթը: Փաթեթն անհետաձգելի է համարվել և ուղարկվել Ազգային Ժողով՝ առաջիկայում քննարկելու և հնարավորինս սեղմ ժամկետներում ընդունելու համար: Օրենքի նախագծի և կից փաթեթի մասին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը ներկայացնում է իր դիրքորոշումը.

«Փաթեթում ներառված օրենքների նախագծերը մինչև 18.01.2018թ. հասանելի չեն եղել հանրությանը և միայն կառավարության նիստի օրակարգ մտնելուց հետո են դարձել հասանելի՝ խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները և սահմանափակելով հանրության՝ իրավաստեղծ գործընթացի վաղ փուլում արդյունավետ մասնակցության և որոշումների կայացման վրա ազդեցության հնարավորությունը:

Նախագծերի՝ նման ոչ թափանցիկ և ոչ մասնակցային եղանակով ՀՀ կառավարություն ներկայացնելը հատկապես խնդրահարույց է արդյունավետ կառավարմանը և հանրային ծառայության ոլորտում հակակոռուպցիոն քաղաքականությանը վերաբերող նախագծերի դեպքում՝ անկախ որևէ հիմնավորումից և մշակված նախագծերի որակից:

Խիստ մտահոգիչ համարելով նման հապճեպությամբ և օրենսդրության պահանջների խախտմամբ իրականացվող իրավաստեղծ գործընթացը, այդուհանդերձ, ԹԻՀԿ-ն ներկայացնում է իր դիրքորոշումը նախագծերի փաթեթի մի շարք խնդրահարույց կարգավորումների վերաբերյալ:

Մասնավորապես,

  • Գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման պահանջը չի տարածվում հայեցողական այնպիսի կարևոր պաշտոնների վրա, ինչպիսիք են Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի  խորհրդականների, մամուլի քարտուղարների և օգնականների պաշտոնները և այլն: Այդ պահանջը չի տարածվում նաև Կենտրոնական բանկի նախագահի և խորհրդի այլ անդամների վրա:

  • Բացակայում են հանրային ծառայության անցնելիս ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ առևտրային կազմակերպության մասնակից լինելու դեպքում դրանք հավատարմագրային կառավարման հանձնելու պարտադիր պահանջը, ինչպես նաև պաշտոնյայի կողմից հավատարմագրային կառավարչի վրա ազդեցության լծակները բացառելու օրենսդրական երաշխիքները։

  • Թերի են կարգավորված պաշտոնատար անձանց կողմից նվերներ ստանալու հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ բացակայում է «նվեր» հասկացության համապարփակ սահմանումը, անձնական և ի պաշտոնե ստացած նվերների հստակ տարանջատումը, ի պաշտոնե ստացված նվերների հաշվառման կարգը, գույքային ոչ սպառողական նվերի ողջամիտ գնային շեմի սահմանումը և այլն:

  • Հանրային ծառայողի ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց վրա չի տարածվում  պաշտոնը ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պահանջը, որի  արդյունքում հնարավոր չէ վերահսկել հայաստանյան իրականության մեջ լայնորեն տարածված պաշտոնյայի ընտանիքի անդամների անուններով ունեցվածք գրանցելու պրակտիկան՝ համադրելով պաշտոնյայի ընտանիքի անդամների անունով պաշտոնը ստանձնելու դրությամբ առկա ունեցվածքը պաշտոնավարման ընթացքում, ինչպես նաև պաշտոնավարման ավարտին առկա ունեցվածքի հետ:

  • Սահմանվել են գնային շեմեր պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց անշարժ և շարժական գույքի հայտարարագրման համար, ինչը որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդում և գործնականում հնարավորություն կարող է ստեղծել թաքցնելու գույքի հետ կապված գործարքները կամ դրանց իրական գինը:

  • Բավարար հստակ չեն անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման հետ կապված վարույթների  կարգավորումները։

  • Բացակայում են հանրային ծառայողների էթիկայի հանձնաժողովների գործունեության թափանցիկության և նրանց կողմից հարուցվող ծառայողական քննության արդյունքում ընդունված որոշումների հրապարակայնության ապահովման բավարար երաշխիքները։

Նշված և մի շարք այլ խնդիրների լուծմանն ուղղված կարգավորումները Նախագծով չսահմանելը մտահոգիչ է հետագայում օրենքի արդյունավետ կիրառելիության տեսանկյունից»: