
«Արտը խախուտ, մահանեն` կարկուտ». մանկատան 218 շրջանավարտ սպասում է բնակարանի (վիդեո)
20-ամյա Արսեն Մկրտչյանը և 21-ամյա Ռաֆիկ Խանջյանը մանկատան այն շրջանավարտներից են, որոնք ստիպված դուրս են եկել «Զատիկ» մանկատնից և դժվարությամբ ապաստան գտել: Ռաֆիկ Խանջյանը Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի ուսանող է, ժամանակավոր ընկերոջ տանն է ապրում:
«Տարիքս լրացել էր, ասացին` ժամանակն է, որ դուրս գաք, դուք ձեր գլխի ճարը տենաք»,-այսօր կայացած մամուլի ասուլիսին պատմեց Արսենը: Նա վարձով է ապրում: Ցերեկը սովորում է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի 4-րդ կուրսում, իսկ գիշերն աշխատում է հացի փռում, որպեսզի կարողանա վճարել իր բնակվարձը, միաժամանակ նաև գոյատևել: «Մի քիչ ծանր է` համ սովորես, համ աշխատես, վարձ տաս, բայց...»,- խոսքը կիսատ է թողնում Արսենը:
Մանկատան շրջանավարտնրի անօթևան մնալու խնդրին այսօր նույն ասուլիսում անդրադարձան ՀՀ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը և «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: 68 երեխաներից այսօր 35 երեխա է ապրում «Զատիկ» մանկատանը: Մնացած 33-ը դուրս է եկել: Այս թվերը հրապարակեց Անահիտ Բախշյանը:
Հիշեցնենք, որ 18 տարին լրացած ավելի քան 15 շրջանավարտի ընդամենը 2 ամիս առաջ են «Զատիկ» մանկատնից դուրս հանել` մանկատների բեռնաթափման գործընթացին զուգահեռ: Մանկատան աղջիկներին տեղավորել են «Ծիածանում` «Զատիկ» մանկատանը կից գործող և մանկատան շրջանավարտների համար նախատեսված տանը, իսկ տղաները տեղավորվել են ինչպես կարողացել են:
Անահիտ Բախշյանը նշեց, որ օրենքով ամրագրված են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության երաշխիքները, այդ թվում` բնակարանի իրավունքի ապահովումը, սակայն երեխաներին «դուրս են շպրտել»` առանց բնակարանով ապահովելու: Էդիկ Բաղդասարյանն էլ հիշեցրեց, որ 2001 թվականից պետությունը մանկատան շրջանավարտների համար ծրագիր է սկսել, 2003-ից` բնակարանների կառուցման գործընթացը մանկատան շրջանավարտների համար. «Դա իսկապես փայլուն ծրագիր էր, եթե կարողանային իրականացնել: Մի քանի տարվա ընթացքում կառուցվեց մոտ 156 բնակարան»: Սակայն շուտով պարզվել է, որ այդ ծրագրում մեծ չափերի յուրացումներ են եղել, քրեական գործ է հարուցվել:
«Ինչքան հասկացանք` մարդ չի պատժվել, որովհետև այդ չարաշահումները կապված էին բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և գումարները չվերականգնվեցին: Մեր հասարակության մեջ սա նորմալ է համարվում, որովհետև ամեն ինչից մեր պաշտոնյաները փող են աշխատում, նաև մանկատան երեխաների հաշվին էլ կարողացան փող աշխատել»,- ասաց Էդիկ Բաղդասարյանը:
Շուրջ երկու տարի առաջ ծրագիրը դադարեցվել է: Մանկատան 218 շրջանավարտ դեռևս ցուցակագրված է և սպասում է բնակարանի: Անահիտ Բախշյանը, նախկին սոցապ նախարարի` իրեն ուղղված պատասխանը վկայակոչելով, տեղեկացրեց, որ ծրագիրը կասեցրել են կարգը փոփոխելու պատճառով: Ենթադրվում էր, որ պետք է բնակարանների գնման վկայագրերով իրականացվեր ամբողջ գործընթացը, և 2010-ին նոր կարգ են գրել, բայց մինչ օրս այն չի հաստատվել. «Արտը խախուտ, մահանեն` կարկուտ,-հավելեց Անահիտ Բախշյանը,- կարգը չունենք, փող չեն դնում, բայց որ փողը կար, ի՞նչ էր լինում»: Անահիտ Բախշյանը համոզված է, որ ոչ թե կարգն է պատճառը, այլ ծրագիրը չի ֆինանսավորվում:
Անահիտ Բախշյանի կարծիքով, Հայաստանում ընդամենը սոցիալական ծրագրեր են գրվում և հաստատվում նաև բյուջեում, բայց այդ ծրագրերի արդյունավետությունը չեն զգում անձամբ մանկատան երեխաները: «Պետական քաղաքականություն, ինստիտուցիոնալ մոտեցում չկա այս խնդրի վերաբերյալ»,- համոզված է պատգամավորը:
Անահիտ Բախշյանը երեխաներին խորհուրդ տվեց ՀՀ նախագահից օգնություն խնդրելուց բացի նաև պահանջ դնել աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության վրա, քանի որ բազմաթիվ ծրագրեր կան, որոնց միայն անուններն են հայտնի, սակայն արդյո՞ք որևէ ծրագիր արվում է մանկատան երեխաների կրթության կամ աշխատանքի ապահովման հարցում:
Էդիկ Բաղդասարյանն առաջարկեց օլիգարխներին կամ գործարարներին պարտադրել, որ նրանց պատկանող հաստատություններում տարին գոնե 2 աշխատատեղ հատկացվի հատուկ մանկատան սաներին, օրինակ` «Գրանդ քենդի»-ում կամ Սամվել Ալեքսանյանին պատկանող խանութների ցանցում: «Այս երեխաները հենման կետի կարիք ունեն, հասարակության մեջ որևէ մեկը չի ուզում նրանց հենման կետ դառնալ, իրենց մի քիչ օգնել է պետք, բոլորը լավ երեխաներ են»,- հավելեց Է. Բաղդասարյանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել