
Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6%
Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) խորհուրդը այսօր որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6%: Սա այն տոկոսադրույքն է, որով ԿԲ-ն վարկեր է տրամադրում բանկերին։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԿԲ-ի կարևոր գործիքն է ֆինանսական շուկայի և տնտեսության կարգավորման գործում, մասնավորապես՝ գնաճի կարգավորման հարցում։ Այս տոկոսադրույքի նվազումը հանգեցնում է փողի էժանացմանը։ Իսկ տոկոսադրույքի աճի դեպքում թանկանում են վարկերն ու հետևաբար՝ փողը։ ԿԲ-ի կողմից այսօր տարածված հաղորդագրության մեջ չի հստակեցվում՝ արդյոք առաջիկայում կփոփոխվի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, թե՞ ոչ։
«Խորհուրդը գնահատում է, որ 2017 թ. չորրորդ եռամսյակում դիտվել է բավականին բարձր տնտեսական ակտիվություն՝ հիմնականում պայմանավորված ծառայությունների և արդյունաբերության ոլորտներում դիտված բարձր աճերով: Բարձր տնտեսական ակտիվությունն ուղեկցվել է ներքին մասնավոր պահանջարկի աճի արագ տեմպերով, որին շարունակում են նպաստել ընդլայնող դրամավարկային քաղաքականությունը և ֆինանսական համակարգի կողմից տնտեսության վարկավորման համեմատաբար բարձր աճը: Այնուամենայնիվ, պահանջարկի վերականգնման կայունությունը ապահովելու համար դեռևս պահպանվում է դրամավարկային խթանման անհրաժեշտությունը, առավել ևս, որ լրացուցիչ գնաճային սպասումները բավականին թուլացել են»,- նշված է ԿԲ-ի հաղորդագրության մեջ:
Հաշվի է առնվել նաև այն, որ այս տարվա հունվարին արձանագրվել է 2.7% գնաճ՝ գրեթե նույնքան, որքան նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշն է, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջի դրությամբ կազմել է 2.7%։ Հարկային և մաքսային փոփոխությունների ուղղակի և անուղղակի ազդեցությունները, ըստ ԿԲ-ի, գտնվել են գնահատված չափի սահմաններում:
ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտել պահպանել դրամավարկային պայմանների ներկա մակարդակը:
«Միևնույն ժամանակ Խորհուրդը գտնում է, որ կանխատեսված զարգացումների ներքո միջնաժամկետում անհրաժեշտ կլինի դրամավարկային խթանող պայմանների աստիճանական չեզոքացում՝ գնաճի նպատակի իրագործման համար: Արդյունքում ակնկալվում է, որ գնաճը կշարունակի աստիճանաբար ավելանալ, տատանվելով թույլատրելի միջակայքում, հետագայում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ»:
ԿԲ-ի պաշտոնական կայքում առկա ինֆոգրաֆիկայից երևում է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին մեկ տարում չի փոփոխվել։
Մեկնաբանել