
Վարչապետն Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն ուղղված հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին, հաղորդում է կառավարության պաշտոնական կայքը:
Անդրադառնալով հայ-էստոնական կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ այդ հարցը բավականին մանրամասն քննարկել է նաև Դավոսում Էստոնիայի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ:
Վարչապետը կարևորել է երկկողմ տնտեսական փոխգործակցության ընդլայնումը, առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և անհրաժեշտ համարել գործարար ֆորումների կազմակերպումն ու անցկացումը՝ առկա ներուժի իրացման նպատակով:
Դեսպան Կաարելսոնը ևս կարևորել է տնտեսական համագործակցության զարգացումը և պատրաստակամություն հայտնել նպաստել համապատասխան միջոցառումների իրականացմանը: Վերջինս ընդգծել է, որ Էստոնիան ևս շահագրգռված է Հայաստանի հետ հարաբեությունների ընդլայնմամբ և խորացմամբ:
Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի թվային օրակարգի շուրջ Էստոնիայի փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:
Մեկնաբանել