
Վարչապետին զեկուցել են սփյուռքի նախարարության 2017թ. արդյունքների ու 2018թ. անելիքների մասին
Կառավարության պաշտոնական կայքը հայտնում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է սփյուռքի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը զեկուցել է, որ 2017 թ. նախարարության առջև դրվել է ռազմավարական երեք խնդիր՝ նպաստել հայապահպանությանը՝ համագործակցելով Սփյուռքի կազմակերպությունների և հոգևոր կառույցների հետ, նպաստել հայկական ներուժի հայտնաբերմանն ու համախմբմանը՝ Հայաստանի և Արցախի տնտեսական զարգացման նպատակով և մշակել հայրենադարձությունը խթանող ծրագրեր: Այս նպատակով աշխատանք է իրականացվել 138 երկրում գործող համայնքների հետ, և հուշագրեր ու համաձայնագրեր են կնքվել 43 համահայկական կազմակերպության հետ: Աշխարհի 21 երկրում ձևավորվել են առևտրային ցանցեր, և սփյուռքահայ համայնքներում մասնագիտական բիզնես կառույցների ստեղծումը շարունակվում է: Հայրենադարձության մասով մշակվել է ռազմավարություն, ծրագիր, գործողությունների ծրագիր և օրենքի նախագիծ:
Սփյուռքի նախարարի խոսքով՝ կառավարության ծրագրով նախատեսված 6 գերակա խնդրի ուղղությամբ իրականացվել է 26 ծրագիր, որոնց մասնակիցների թիվը հասնում է 7000-ի։ 2017 թ. շարունակվել են աշխատանքները Սիրիայից Հայաստան տեղափոխված հայերի ինտեգրման, կեցության, կրթության, առողջապահության, աշխատանքի տեղավորման հարցերի լուծման ուղղությամբ։ Գործում են միջգերատեսչական հանձնաժողով, աշխատանքային խումբ, արագ արձագանքման խումբ և թեժ գիծ։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ կազմակերպվել է 5 գործարանների բացում, օժանդակություն է ցուցաբերվել բիզնես ծրագրերի մշակմանը։
Հայապահպանության և սփյուռքի երիտասարդության շրջանում հայերենի իմացության մակարդակի բարձրացման ծրագրերի շրջանակում 2017 թ. «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացներին մասնակցել է 266 սփյուռքահայ 30 երկրից, 2016 թ. համեմատ մասնակիցների թիվն ավելացել է 100-ով։ Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագիրն իրականացվել է 9 փուլով, մասնակցել է 1055 սփյուռքահայ երիտասարդ՝ 36 երկրից։ ԱՄՆ-ի հայկական կրթօջախներում Երևանից ուղարկված մասնագետի ուժերով կազմակերպվել է 27 կրթօջախի 50 ուսուցչի վերապատրաստման դասընթաց։ 37 երկրի ավելի քան 200 Սփյուռքի հայկական կրթօջախի առաքվել են 87 000 կտոր դասագիրք և ուսումնաօժանդակ նյութեր։ Նախարարության աջակցությամբ Սփյուռքում ստեղծվել է 16 նոր մեկօրյա դպրոց։ Իրականացվել են նաև տարածաշրջանային կրթամշակութային ծրագրեր: Նախարարի խոսքով՝ 2018 թ. գերակա խնդիրներից է սփյուռքում մշակութային կյանքի զարգացման ուղղությամբ միջոցառումների իրականացումը:
Նախարար Հակոբյանը զեկուցել է, որ ՀՀ ներդրումային ծրագրերին սփյուռքահայերի մասնակցության ապահովման գործուն մեխանիզմների ներդրման նպատակով՝ 2017 թ. ստեղծվել են աշխատանքային խումբ և «Մեկ պատուհան» կառուցակարգը, նախարարության պաշտոնական կայքում բացվել է «Ներդրումներ Հայաստանում» բաժին, որում ներկայացված են իրավական հարցեր, ներդրումային ծրագրեր և այլ տեղեկատվական նյութեր: Կայքում տեղադրվել է 180 ներդրումային ծրագիր և սփյուռքի գործարարներին ու հայկական առևտրաարդյունաբերական պալատներին են ուղարկվել բիզնես ծրագրեր և տեղեկատվություն Հայաստանում ներդրումներ իրականացնելու հարթակների մասին։ 290 գործարար ներդրում է կատարել Հայաստանում, մոտ 700-ի հետ նախարարությունը շարունակում է աշխատանքն այդ ուղղությամբ: Բիզնես ծրագրերի տարածման և ներդրումների ներգրավման ուղղությամբ տեղեկատվությունը փոխանցվում է տեսաժողովների և առցանց քննարկումների միջոցով: Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ սփյուռքահայ գործարարները գոհ են մաքսային համակարգի աշխատանքից, իսկ խնդիրների շարքում նշում են շինարարական նորմատիվների կարգավորումը, դատական համակարգի բարեփոխումը, այլ լեզուներով ՀՀ օրենսդրության թարգմանությունը և այլն: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում այս ոլորտներում և համապատասխան հանձնարարականներ է տվել:
Մեկնաբանել