HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիմնավորվել է, որ քննչական կոմիտեի պաշտոնյան խոշոր չափերով կաշառք է ստացել

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի քննությամբ հիմնավորվել է, որ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանը նույն բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել:

Ինչպես հայտնում է ՀՔԾ-ն՝ նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննված քրեական գործով Սոս Գասպարյանը որպես մեղադրյալ է ներգրավված եղել քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցանքի կատարման համար: Սակայն վերջինիս հայրը` Բաբկեն Գասպարյանը, նախաքննության ընթացքում այցելել է հիշյալ քննչական բաժին և տվյալ գործով վարույթն իրականացնող քննիչ Մ. Զադոյանին առաջարկել առանձնապես խոշոր չափերով` 3000 ԱՄՆ դոլար կաշառք` որդուն առավել մեղմ քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Մ. Զադոյանն ընդունել է կաշառք ստանալու առաջարկը, այնուհետև այդ մասին հայտնել է նաև իր վերադասին` Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին, ով վերջինիս հետ նախնական համաձայնության գալով, իր հերթին Բ. Գասպարյանին խոստացել է նրա որդու օգտին իր լիազորությունների շրջանակներում գործողություններ կատարել:

Այնուհետև Մ. Զադոյանը մեղադրյալի հորն ուղարկել է փաստաբանների պալատի փաստաբան Գ. Գալոյանի մոտ` նրա միջոցով կաշառքի գումարն ստանալու և քրեական գործի ընթացքն ուղղորդելու համար: Քննչական կոմիտեի պաշտոնատար անձանց հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Գ. Գալոյանը, վերջիններիս համար վերացնելով անձամբ կաշառատուից գումարն ստանալու պարագայում հավանական բացահայտման խոչընդոտը, Բ. Գասպարյանից 2016թ. դեկտեմբերի 29-ին ստացել և Մ. Զադոյանին ու Բ. Եղիազարյանին է փոխանցել 1.450.950 ՀՀ դրամին համարժեք, առանձնապես խոշոր չափերով` 3000 ԱՄՆ դոլար կաշառքը:

Այսպիսով, Բունիաթ Եղիազարյանը, Միքայել Զադոյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով, փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով Բաբկեն Գասպարյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Հիշյալ հանցավոր արարքի կատարման համար ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրա վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Հատուկ քննչական ծառայությունն արդեն տեղեկացրել է, որ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Մ. Զադոյանի, դրան օժանդակելու մեջ մեղադրվող Գ. Գալոյանի և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ մեղադրվող Բ. Գասպարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Մեկնաբանություններ (2)

Արամ
Այն որ մեր երկրում դատախազությունը և քննչական կոմիտեն ամբողջովին թաղված են կոռուպցիայի մեջ նորոիթյուն չէ: Ես ինքս բազմաթիվ փաստեր եմ ներկայացրել դատախազների և քննիչների կատարած հանցագործությունների վերաբերյալ, սակայն քրեական գործ չեն հարուցվել: Երևի դա էլ է հատուկ պատվիրվում... հակառակ դեպքում մեր իրավապահ կոչվածների մեծ մասը հիմա բանտերում կլինեին
Կորյուն
Ինձ ուղղակի հետաքրքրում է, թե ինչպե՞ս է բացվել այս հանցագործությունը: Առաջին հայացքից այս հանցագործ շղթայի բոլոր մասնակիցները պիտի շահագրգռված լինեին ապահովելու կաշառքի գործարքի մաքսիմալ գաղտնիությունը: Որտե՞ղ են մեր վայ-իրավապահները «ծակվել»: Ենթադրում եմ, որ սրանք ուղղակի վաղուց իրենց վերևների առաջ կասկածելիի ու անվստահելիի անուն հանած մարդիկ են եղել ու իրենք են գտնվել դիտարմվամ, վերահսկման տակ... Երևի, ով գիտի...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter