ԱԺ փոխնախագահն ու ավստրալացի պատգամավորը քննարկել են ցեղասպանության եւ ԼՂ հիմնախնդրի հարցեր
Դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի անդամ Ուոլթ Սեքորդին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը:
Պարոն Շարմազանովը պարոն Սեքորդին շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության փաստի, Արցախյան հիմնախնդրի եւ ընդհանրապես հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության ու մտահոգության համար եւ հույս հայտնեց, որ ՀՅԴ խմբակցության պատգամավորների շնորհիվ ստեղծված ներկա հանդիպումը շարունակական բնույթ կստանա եւ կդառնա միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացման հիմք:
Պարոն Ուոլթ Սեքորդը տեղեկացրեց, որ ինքը Հայաստանի հետ պատգամավորական բարեկամության խմբի փոխնախագահն է: Շատ է լսել ցեղասպանություն տեսած հայ ժողովրդի պատմության, նրա մշակույթի ու ժողովրդավարական երկիր կառուցելուն միտված ներկա գործընթացների մասին, բայց որոշել է ամեն ինչ իր աչքերով տեսնել: Ինքը առաջին Ավստրալիացի պատգամավորն է, որ եղել է Արցախում, հանդիպել ԼՂՀ-ի ԱԺ նախագահի հետ, զգացել անկախության ձգտող արցախահայության կամքն ու նպատակասլացությունը: Նա շնորհակալություն հայտնեց Ավստրալիայի հայկական համայնքին Հայաստան այցին աջակցելու համար:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացների մասին` երկուստեք արձանագրեցին, որ ցեղասպանության կանխարգելման լավագույն միջոցը այն դատապարտելն է, իսկ Արցախի անկախ ու ազատ ապրելու իրավունքը անբեկանելի է:
Պարոն Ուոլթ Սեքորդը տեղեկացրեց, որ հանդիպումից անմիջապես հետո ինքը կայցելի ցեղասպանության թանգարան ու հուշահամալիր` իր հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել