
Կառավարությունը Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային կայանի կառուցման համար հողամաս նվիրաբերեց
Կառավարությունն այսօրվա նիստին համաձայնեց Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող` 97.3709 հեկտար մակերեսով հողամասը նվիրաբերել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին։
Հողամասը հիմնադրամին նվիրաբերվեց պետություն-համայնք-մասնավոր համագործակցության շրջանակներում՝ Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով։ Հավելենք, որ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի փոխանցմամբ՝ կայանի կառուցման պահանջվող ներդրումը մոտ 50 միլիոն դոլար է։
Ինչպես նշվում է որոշման նախագծում, տեղանքի նախնական վերլուծությունների արդյունքները ցույց են տվել, որ ֆոտովոլտային կայանի համար ընտրված տարածքը համապատասխան է. լավ արևային ռեսուրս, լավ կոմունիկացիոն ենթակառուցվածքներ, համապատասխան ուղղություն՝ առանց շրջակա միջավայրի խոչընդոտների և առանց ծառերի կամ շենքերի, որոնք կարող են ստվեր գցել՝ նվազեցնելով ֆոտովոլտային մոդուլների արդյունավետության գործակիցը:
Հիմնադրամի տնօրենն առաջարկել է հողամասի նվիրաբերման պայմանագիրը կնքելուց հետո դրա սեփականության իրավունքը փոխանցել` հաղթող ճանաչված անձի կողմից արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի իրականացման նպատակով ստեղծված ընկերությանը։ Ընկերությունը պարտավորվելու է հողամասը օգտագործել Մասրիկ-1 46-55 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման և շահագործման նպատակով։ Կայանի կառուցման ծրագիրը հաղթող ընկերությունը միանվագ վճար է փոխանցելու համայնքային բյուջե՝ 80 մլն դրամի չափով` համայնքի զարգացման համար։
Մեկնաբանել