
Կառավարությունը սոցիալական ծառայություններ տրամադրող կենտրոնների կազմակերպման նպատակով տարածք հատկացրեց
Կառավարությունն այսօրվա նիստին պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի առաջարկով՝ տարածք հատկացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ սոցիալական ծառայություններ տրամադրող կենտրոնների կազմակերպման նպատակով։
Մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի, Եղեգնաձոր քաղաքի Շահումյան 5 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 81 քառ. մետր մակերեսով տարածք հետ վերցվեց «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ից, որի փոխարեն նույն տարածքում նրան տրամադրվեց անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով 68,6 քառ. մետր մակերեսով տարածք։
Բացի այդ, նույն հասցեում գտնվող շենքի 1-ին և 2-րդ հարկերից 538,25 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքները հետ վերցվեցին Վայոց Ձորի մարզպետարանից և փոխանցվեցին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։
Ինչպես նշվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում, դեկտեմբերի 12-ին վարչապետը պետական գույքի կառավարման վարչությանը հանձնարարել էր համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող կենտրոնների կազմակերպման համար այդ տարածքները նախարարությանն ամրացնելու որոշման նախագիծ մշակել: Սակայն այդ հասցեում գտնվող տարածքի մեջ ընդգրկված է նաև Հայաստանի ազգային արխիվին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված տարածքը։ Վայոց Ձորի մարզպետարանի առաջարկությամբ ու տարածքային կառավարման և զարգացման նախարարության համաձայնությամբ` առաջարկվել է փոխարենը ՊՈԱԿ-ին հատկացնել նույն հասցեի այլ հատվածում տեղակայված ազատ տարածք:
Որոշման նախագիծը ներկայացվել է պետական որոշ մարմինների քննարկմանը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետական գույքի կառավարման վարչությանը առաջարկել է «Հայաստանի ազգային արխիվ»-ի հետ երկամսյա ժամկետում կնքել այդ տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր։ Սակայն պետգույքի վարչությունը չի ընդունել այդ դիտողությունը՝ նշելով. «Չի ընդունվել, քանի որ նախատեսվում է նշված ժամկետում կատարել ինչպես անհատույց օգտագործման պայմանագրի լուծման, այնպես էլ կնքման աշխատանքներ»։
Մեկնաբանել