
Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը ձեռք կբերի Միքայելյան վիրաբուժական ինստիտուտի 90.5 տոկոս բաժնետոմսերը
Կառավարությունն այսօրվա նիստին կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի առաջարկով համաձայնություն տվեց «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին ձեռք բերելու «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ-ի 90.5 տոկոս բաժնետոմսերը։ Ձեռք է բերվելու 152 808 բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 1000 դրամով։ Ձեռբերման ընդհանուր արժեքը կազմելու է 2.5 մլրդ դրամ:
Համալսարանը «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ից բաժնետոմսերը ձեռք է բերում գիտակրթական, հանրակացարանային, ուսումնական և կլինիկական նշանակության շենքային պայմանների ընդլայնում իրականացնելու նպատակով և կբարելավի ՓԲԸ-ի բուժհաստատության շենքային պայմանները։ Համալսարանն անհրաժեշտ ներդրումները կատարելու համար նախատեսում է վարկ վերցնել։
Մասնավորապես՝ գործարքի արդյունքում ընկերությանը պատկանող 32,000 ք.մ ընդհանուր մակերեսով շենքերն ու շինությունները կանցնեն համալսարանի տնօրինության տակ եւ մոտ 4 մլն դոլար լրացուցիչ ներդրումների իրականացման պարագայում հնարավորություն կստեղծվի ունենալու լրացուցիչ 32,000 ք.մ ուսումնական, գիտական, կլինիկական և հանրակացարանային գործառույթների իրականացնելու համար արդի պայմաններ։
Ինչպես նշվում է որոշման նախագծում՝ իրականացնելով մոտ 4.5-5 մլրդ դրամ կապիտալ ներդրումներ, համալսարանը ինչպես գիտակրթական գործունեության ընդլայնման, այնպես էլ համալսարանական հիվանդանոցների գործունեության ընդլայնման և զարգացման համար։ Նախագծում հավաստիացվում է, որ բաժնետոմսերի ձեռքբերման, ինչպես նաև ռազմավարական ծրագրով նախատեսված միջոցառումները բարեհաջող իրականացման արդյունքում, 2016-2017 ուսումնական տարվա համեմատությամբ, համալսարանի հասույթը 12.2 մլրդ դրամից 2021-2022 թվականներին կհասնի 26.6 մլրդ դրամի՝ ապահովելով մոտ 2.2 անգամ աճ, որի հիմնական գործոնը կլինի կրթական ծառայությունների արտահանման ծավալների աճը՝ շուրջ 5 անգամ (2016/17 ուսումնական տարվա մոտ 3 մլրդ դրամ հասույթի դիմաց 2021/22 ուսումնական տարվա ավելի քան 16 մլրդ դրամ հասույթի ցուցանիշ)։
Որոշման նախագծի վերաբերյալ ֆինանսների նախարարությունը դիտողություններ է ունեցել։ Մասնավորապես նշել է, որ լրացուցիչ պարզաբանման կարիք ունի, թե ինչու է համալսարանը ցանկանում ձեռք բերել ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի 90.5 տոկոս բաժնետոմսերը, որին ի պատասխան կրթության և գիտության նախարարությունը պարզաբանել է, որ նման ցանկությունը ՓԲԸ-ն է ունեցել, այդ իսկ պատճառով համալսարանը նպատակահարմար է գտել ձեռք բերել բաժնետոմսերի հենց այդ քանակությունը։
Բացի այդ, նախարարությունը նշել է, որ նախագծի նպատակն ընկերությանը պատկանող շենքերի ու շինությունների ձեռքբերումն է, մինչդեռ շենքերի ու շինությունների փոխարեն նախագծով նախատեսվում է ձեռք բերել ՓԲԸ-ի բաժնետոմսերը։ Կրթության և գիտության նախարարությունը սրան ի պատասխան հայտնել է, որ ընկերությունը գործող բժշկական կազմակերպություն է, ուստի, համալսարանի համար առավել շահավետ է բաժնետոմսերի (գործող բժշկական հաստատության), այլ ոչ թե շենք շինությունների ձեռքբերումը, քանի որ այն հնարավորություն կտա արագորեն ընդլայնել համալսարանի կլինիկական գործունեությունը։
Մեկնաբանել